Մարտի 10-ին Վաշինգտոնի «Եվրոպական ինստիտուտ» հաստատության կողմից «Կոսմոս» ակումբում անցկացվեց «Եվրասիական տնտեսական միություն. Հայաստանի անդամակցությունը և հետագա քայլերը» խորագրով քննարկում, որի հիմնական բանախոսն էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան, ԱՄՆ-ում Ռուսաստանի և Ղրղզստանի դեսպանները, պաշտոնյաներ ԱՄՆ պետքարտուղարությունից և առևտրի դեպարտամենտից, դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ:
Քննարկման առաջին կեսում ելույթներով հանդես եկան և ներկաների հարցերին պատասխանեցին Վարդան Արամյանը, Տատյանա Վալովայան, ինչպես նաև ԱՄՆ-ում ԵՄ պատվիրակության քաղաքականության, զարգացման և անվտանգության բաժնի ղեկավար Կլաուս Բոցետը:
Դեսպան Սարգսյանն իր ելույթի սկզբում անդրադարձավ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության շարժառիթներին: Խոսելով տնտեսական գործոնների մասին՝ նա նշեց, որ Հայաստանը, ինչպես որևէ այլ սահմանափակ շուկա և ռեսուրսներ ունեցող երկիր, չի կարող միայնակ, առանց որևէ ինտեգրացիոն միությանն անդամակցելու, հաջողության հասնել կենսունակ և կայուն զարգացում ունեցող տնտեսություն ձևավորելու գործում: Ուստի, ըստ դեսպան Սարգսյանի, բնական էր, որ Հայաստանը պետք է ձգտեր տնտեսական ինտեգրմանը, ընդ որում այնպիսի կազմավորման հետ, որի անդամների հետ արդեն իսկ ունի սերտ տնտեսական կապեր և համագործակցության հարուստ ավանդույթ: Այդպիսի կառույցի հատկանիշներին լիովին համապատասխանում է Եվրասիական տնտեսական միությունը: Անդամակցությունը ԵՏՄ-ին հնարավորություն է տալիս մուտք գործել 170 մլն բնակչություն ունեցող շուկա, ուր Հայաստանի ապրանքները ճանաչելի և մրցողունակ են: Այն նաև էժան հումք ձեռք բերելու հնարավորություն է ստեղծում, ինչպես նաև լայն ասպարեզ բացում ներդրումների ներգրավման և աշխատանքային ուժի ազատ տեղաշարժի համար: Որպես ԵՏՄ-ին անդամակցելու հիմնարար շարժառիթ` դեսպանը նաև հիշատակեց այդ կազմակերպության անդամների հետ անվտանգության նույն համակարգում՝ ՀԱՊԿ-ում, գտնվելու կարևոր հանգամանքը:
Կարդացեք նաև
Ավարտելով ելույթը՝ դեսպան Սարգսյանը կարևորեց նաև ԵՄ հետ համագործակցության շարունակականության պահպանումը՝ ընդգծելով Հայաստանի պատրաստակամությունը ԵՄ հետ առավել սերտ հարաբերությունների ձևաչափի հաստատման հարցում: Նա նաև համոզմունք հայտնեց, որ ԵՄ հետ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի ԵՏՄ անդամ երկրների տնտեսական արդիականացման և տնտեսության բազմազանեցման համար, իսկ ԵՄ հետ Հայաստանի համագործակցության հարուստ փորձը կարող է այդ առումով բավականին օգտակար լինել:
Իր խոսքում Վարդան Արամյանն անդրադարձավ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության տնտեսագիտական հիմնավորմանը: Համեմատական վերլուծություն կատարելով` նա թվային ցուցանիշներով ներկայացրեց ԵՏՄ անդամակցության դրական անդրադարձը Հայաստանի տնտեսական աճի վրա: Ընդհանուր ակնարկ կատարելով ժամանակակից աշխարհում գոյություն ունեցող ինտեգրացիոն կազմավորումների վերաբերյալ` նա անդրադարձավ ԵՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հեռանկարներին:
ՀՀ ԱԳՆ