«ԲՀԿ-ն 3 մասի է տրոհվել՝ մի մասը մնում է իշխանամետ, մյուս մասը մնում է չափավոր ընդդիմություն եւ ունեցել է մի մաս՝ արմատական ընդդիմություն, բայց դա հիմնականում ընչազուրկ զանգվածն է, որը ապագայի նկատմամբ ոչ մի լավ բան չի սպասում եւ կտրուկ հեղափոխությամբ է ճանապարհը տեսնում»,- մարտի 12-ին «Ֆորում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքերով՝ քանի որ անհետանում է այդ երեք ուժերը միացնող դեմքը, բնական է, որ նրա ժառանգորդը դժվար թե կարողանա այդ ունակությունն իր վրա վերցնել, եւ արդյունքում՝ պետք է վերաբաշխում լինի. «Իմ տվյալներով՝ արդեն 9 պատգամավոր դիմել է ՕԵԿ-ին, որպեսզի դառնան խմբակցության անդամ:Մի մասը կարող է դիմի Հանրապետականին: ԲՀԿ-ն կմնա մի փոքր կառույց, որը պարզ չէ, թե ինչ ֆինանսական կարողություններով է իր գոյությունը շարունակելու»:
ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը հավելեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները կուսակցությանը անդամակցել են տարբեր ժամանակներում. «Մարդիկ կան՝ ԲՀԿ են մտել այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն Հանրապետական կուսակցության կոալիցիոն գործընկերն էր, նրանք ուրիշ հայացքներ են ունեցել, մարդիկ կան, որ ԲՀԿ են մտել ընդդիմադիր կեցվածքով, որովհետեւ ԲՀԿ-ն որոշ հատված այլընտրանք էր: Այսինքն՝ տարբեր տրամադրվածություններով են մտել ԲՀԿ եւ այդ տրամադրվածություններով պետք է դուրս գան եւ մտնեն ուրիշ կուսակցություններ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ