Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ից դուրս չեմ եկել. Ռաֆիկ Պետրոսյան

Մարտ 12,2015 15:26
Rafik petrosyan

Երեկ՝ մարտի 11-ին, ինձ է զանգահարել newsline.am կայքի լրագրող Տիգրանուհի Մարտիրոսյանը և խնդրել պատասխանել Հայաստանի ներքաղաքական իրադրությանը վերաբերող հարցերի: Ես հրաժարվել եմ պատասխանել այդ հարցերին և նշել, որ այս պահին քաղաքականությամբ չեմ զբաղվում:

Այսօր առավոտյան «Չորրորդ իշխանություն» թերթում և մի շարք էլեկտրոնային լրատվական կայքերում հայտնվել է հոդված, որը վերնագրված է «Ռաֆիկ Պետրոսյանը դուրս է եկել ՀՀԿ-ից»: Հոդվածում նշվում է նաև, որ լրագրողն ինձ հարցրել է՝ արդյոք հիասթափվել եմ ՀՀԿ-ից, ինչին ի պատասխան՝ իբր ասել եմ, որ «չեմ հիասթափվել, սակայն չեմ մասնակցում կուսակցության աշխատանքային հանդիպումներին, չեմ գնում չեմ գալիս»:

Վերջում էլ սադրանքների սիրահար հոդվածագիրը նշել է, որ չի բացառվում, որ իմ որոշումը կապված լինի որդուս հետ տեղի ունեցած միջադեպի հետ, որը հարթելու համար հարազատ կուսակցությունը երևի ինձ չէր օգնել:

Վերոհիշյալի կապակցությամբ հայտնում եմ, որ ՀՀԿ-ից դուրս չեմ եկել, ՀՀԿ խորհրդի անդամ եմ, կուսակցությունից հրաժարվելու մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող: Մասնակցում եմ կուսակցական աշխատանքներին. բոլորովին վերջերս մասնակցել եմ ՀՀԿ Նոր Նորք տարածքային կազմակերպության երկու սկզբնական կազմակերպությունների հաշվետու ժողովներին:

Լրագրողի տված հարցին պատասխանելուց իմ հրաժարվելը պայմանավորված է այս շրջանում ակտիվ քաղաքականությամբ չզբաղվելով: Այս պահին հիմնականում զբաղվում եմ գիտական գործունեությամբ. Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում գործող գիտական աստիճաններ շնորհող 063 մասնագիտական խորհրդի նախագահի տեղակալն եմ, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում գործող Իրավագիտության 041 մասնագիտական խորհրդի անդամ, ներկա պահին տարբեր բուհերի 8 ասպիրանտների գիտական ղեկավար եմ:

Ինչ վերաբերում է որդուս հետ կապված միջադեպին, նշեմ, որ հարուցված է քրեական գործ, ընթանում է նախաքննություն, և ո՛չ ՀՀԿ-ն, ո՛չ էլ որևէ այլ կուսակցություն իրավունք չունի միջամտել այդ գործընթացին և չի էլ միջամտում:

Որքանով տեղյակ եմ, լրագրողները ձայնագրում են իրենց հեռախոսային հարցազրույցները: Լրագրողին առաջարկում եմ հրապարակել նշված հեռախոսազրույցի ձայնագրությունը, եթե ինքն այդքան վստահ է, որ ամբողջությամբ ճիշտ նյութ է հրապարակել:

Լրագրող Տիգրանուհի Մարտիրոսյանին կոչ եմ անում ձեռնպահ մնալ հասարակությանն ապատեղեկատվություն մատուցելուց: Իմ անվան հետ կապված հաջորդ նման փորձը կհանգեցնի զրպարտության հայցով դատարան դիմելուն:

Ռաֆիկ Պետրոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031