2014 թվականին, 2013 թվականի համեմատ, միջազգային զբոսաշրջությունը Հայաստանում աճել է 11 տոկոսով եւ 28,4 տոկոսով աճել է ներքին զբոսաշրջությունը։ Այս տեղեկություններն այսօր «Դիալոգ» մամուլի ակումբում հայտնեց Էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։
Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ այս աճին նպաստող հիմնական գործոններն են եղել պետական եւ մասնավոր հատվածի ակտիվ եւ արդյունավետ աշխատանքները. «Մեր ծառայությունների որակները լավանում են, մեր զբոսաշրջության զարգացման ուղղությամբ եղել են դիվերսիֆիկացումներ, Հայաստանն ավելի ճանաչելի է դառնում միջազգային զբոսաշրջային կառույցներում, դա նաեւ արդյունք է այն բանի, որ Հայաստանում գործում է բաց երկնքի քաղաքականությունը։ Կանխատեսում ենք, որ այս բարելավումները կլինեն շարունակական, այս տարի ակնկալում ենք եւս տաս տոկոսով զբոսաշրջության աճ»։
Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտում բացթողումներին, բանախոսը նշեց, որ ծրագրային առումով բացթողումներ եւ ձախողումներ չեն արձանագրվել. «Երկրի պահանջարկի նկատմամբ համապատասխանաբար պետք է զարգանան ենթակառուցվածքները եւ մենք էլ որակյալ ծառայություններ մատուցելու համար պետք է որակյալ ենթակառուցվածքներ ապահովենք։ Զբոսաշրջության աճի հետ զուգընթաց զարգանում են ենթակառուցվածքները, արդեն անցյալ տարի տասից ավելի հյուրանոցներ են բացվել»։
Միայն առանձնացրեց, որ երկրի ճանապարհները անհրաժեշտ տեղեկատվական վահանակներով կահավորման կարիք ունեն։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ կատարվելիք աշխատանքներին՝ Մեխակ Ապրեսյանը տեղեկացրեց, որ բոլոր նախարարությունները եւ մասնավոր հատվածի գործընկերները համագործակցում են միջոցառումների կազմակերպման համար. «Սա համամարդկային միջոցառում է, կլինեն հազարավոր հյուրեր եւ բոլորիս խնդիրն է անել ամեն ինչ, որպեսզի հարյուրամյա տարելիցի շրջանակներում ընդունեն պատշաճ կերպով Հայաստան այցելող հյուրերին»։
Դիտարկմանը, թե արդեն մարտ ամիսն է, սակայն չկան կատարված աշխատանքներ, որոնք աշխարհում կտարածեն տեղեկատվություն միջոցառումների մասին, Մեխակ Ապրեսյանը հակադարձեց, որ ոչինչ էլ չի ուշացել։
Նա նշեց, որ այդ օրերին հյուրանոցներում եւ հյուրանոցային ծառայություններ մատուցող տներում ծառայությունները բավարար են հյուրընկալելու հյուրերին պատշաճ կերպով. «Սակայն զբոսաշրջության աճը ես չեմ կապում Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների հետ»։
Միջազգային հանրությանը ներկայանալու նպատակով կատարվում են աշխատանքներ նոր armenia.travel պորտալի բացման եւ բրենդի ստեղծման ուղղությամբ, տեղեկացրեց պրն Ապրեսյանը։
Իսկ դրամի արժեզրկմամբ պայմանավորված՝ ըստ Մեխակ Ապրեսյանի՝ միջազգային շուկայի համար մեր զբոսաշրջության գները չբարձրացան։
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ