Մարտի 7-ի Գյումրու Արցախ թաղամասի «Պեգաս» խանութին հարակից Մյասնիկյան փողոցում հնչած կրակոցների գործով որպես մեղադրյալ ներգրավվել են Գրիգորյան եղբայրները, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը և հայտարարվել հետախուզում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտե տարածած հաղորդագրությունից. «Ա.Գրիգորյանը մեղադրվում է երկու և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու, իսկ Գ.Գրիգորյանը՝ ապօրինի ձեռք բերած և կրած հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ» ։
Շիրակի մարզային ոստիկանությունից Aravot.am-ին տեղեկացրեցին, որ հետախուզվող անձիք այս պահի դրությամբ դեռ չեն հայտնաբերվել: Մեր աղբյուրների տեղեկացմամբ էլ, Գրիգորյան եղբայրները մենամարտող կողմերից մեկի՝ Արցախ թաղամասի բնակիչ Գագիկ Ղուկասյանի, Գյումրիում հայտնի Կոկոլի Գագոյի որդիներն են, միայն թե կրում են մոր ազգանունը:
Հիշեցնենք, որ Ղուկասյանն իր որդիներով վիճաբանել ու «պատերազմել» էր Բարաքներ թաղում բնակվող Ղազարյանների տղամարդկանց հետ՝ 1947 թվականին ծնված Սմբատ Ղազարյանի և նրա երկու որդիների հետ՝ 1985 թվականին ծնված Գագիկ Ղազարյանի և 1979 թվականին ծնված Կնյազ Ղազարյանի հետ, որը երեկ մահացել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, կապվելով «Էրեբունի» բժշկական կենտրոնի հետ, որտեղ գտնվում են Գագիկ Ղազարյանն ու Գագիկ Ղուկասյանը, ճշտեց, որ նրանց արդեն տեղափոխել են հիվանդասենյակներ: Գյումրու բժշկական կենտրոնում բուժվող մյուս տուժածների վիճակն էլ բավարար է:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ