Բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ոստիկանների գումարները շրջանառության մեջ դնելու, ապա այն յուրացնելու գործով մեղադրվող Արթուր Անդրեասյանը դատապարտյալների հիվանդանոցից բերվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դատարան էին ներկայացել նաեւ տուժողներ Գեւորգ Թադեւոսյանը, Երվանդ Ներսիսյանը, Արտակ Գալստյանի ներկայացուցիչ Սուսաննա Սարգսյանը:
Այսօր սպասվում էր մեղադրող Արթուր Երիցյանի ճառը: Սակայն դատարանը հեռագիր էր ստացել այն մասին, որ նա առողջության հետ կապված չի կարող ներկա գտնվել դատական նիստին եւ խնդրել էր այն հետաձգել: Նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանն իր հերթին նշեց, որ մեղադրողը դիմել էր դատարան՝ հայտնելով, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարող ներկայանալ դատարան: Դատական նիստը նշանակվեց ապրիլի 2-ին:
Aravot.am-ի տեղեկություններով, սակայն, Արթուր Երիցյանի բացակայությունը կապված է մեկ այլ հանգամանքի հետ. Արթուր Անդրեասյանը հաղորդում էր ուղարկել գլխավոր դատախազին՝ հանցագործության մասին, եւ երեկ, մեր տեղեկություններով, գլխավոր դատախազը մակագրել է մեղադրող Արթուր Երիցյանին՝ բողոքում առկա հանցագործությունների հետ կապված որոշակի միջոցառումներ ձեռնարկելու համար: