Այսօր «Հայելի» ակումբում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հիշեցրեց, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մի առիթով հայտարարել էր, որ Հայաստանում հեղափոխություն չի լինի, քանի որ ինքը գիտի, թե ինչպես են շնչում կուսակցությունները, իր մարդիկ ունի կուսակցություններում: Ավետիք Իշխանյանի խոսքերով՝ Վլադիմիր Գասպարյանը պետք է իմանա, թե ինչպես են շնչում քրեական տարրերը, ոչ թե կուսակցություններում գործակալներ պահի ու նրանց վերահսկի. «Հանկարծ պարզվում է, որ Գյումրիում ինչ-որ քրեական տարրեր դեմ են Ժիրայր Սեֆիլյանի քաղաքական գծին: Ես չեմ հասկանում՝ ինչպիսի երկրում ենք մենք ապրում»:
ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի խոքերով՝ ազդեցության մրցակցություն է գնում ինչ-որ ուժերի միջեւ. «Հայաստանում կան քրեական տարրեր, որոնք Հայաստանի ներքին գործերին միջամտելու գործիք են: Դա Հայաստանում չի արվում, ՀՀ իշխանություններն ու քաղաքացիները չեն դրա տերը: Հայկական պետությունը դեռեւս այնքան թույլ է, որ չի կարողանում դրանց լիկվիդացնել: Դրսից միջամտություններ ակնհայտորեն կան»:
Ավետիք Իշխանյանը չհամաձայնեց՝ ասելով, որ եթե դրսի քրեական աշխարհից Հայաստանի վրա այդպիսի միջամտություն կա, եւ ՀՀ իշխանություններն անզոր են. «Ես դա չգիտեմ արդեն ինչ է: Եթե դա ճիշտ է, ես մտահոգվեցի, դա շատ վտանգավոր է: Հիշենք Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Բազմաթիվ հանցագործությունների կատարման մասին մամուլում հրապարակվել է: Եթե գնաք Զանգեզուր, վստահություն ներշնչեք, մի հարյուր անգամ ավելի շատ դեպքեր էլ նրանք կպատմեն: Երբ նա Գորիսի քաղաքապետարանում հեղաշրջում արեց, դա նրան ներվեց: Հիշենք Սամվել Ալեքսանյանի ու Գեւորգյան Ռուբենի պատերազմը: Քրեական աշխարհը վերահսկվող կառույց է, որն օգտագործվում է ընդդիմության դեմ: Եթե Սուրիկ Խաչատրյանի դեպքը ներված չլիներ, առնվազն վերանշանակված չլիներ, ես կհամաձայնեի, որ չեն կարողանում վերահսկել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև