Մեր զրուցակիցն է ՀՀ-ում Ամերիկայի առևտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը
– Պարոն Ջրբաշյան, հայ-ամերիկյան հարաբերություններում, կարծես, ակտիվացման նոր փուլ է սկսվել քաղաքական դաշտում, ԱՄՆ-ը նոր, փորձառու դեսպան նշանակեց այստեղ, և դրական սպասումներ կան։ Տնտեսական ոլորտում ի՞նչ զարգացումներ կան։
– Տնտեսական ոլորտում կա գործընթաց, կառավարական մակարդակով ստեղծված է հայ-ամերիկյան աշխատանքային խումբ, որը զբաղվում է տնտեսական հարաբերությունների զարգացմամբ, և որի հիմնական խնդիրն այս պահին համապատասխան առևտրի և ներդրումների պաշտպանության համաձայնագրի կնքման գործընթացն է։ Դա շատ կարևոր է հատկապես հաշվի առնելով ԱՄՆ-ում հայկական սփյուռքի գործոնը, որն ակտիվ մասնակցություն ունի այստեղ տարբեր ծրագրերով, բայց առայժմ՝ ոչ բիզնես ոլորտում, թեև արդեն որոշակի հետաքրքրություն կա։ Նաև ԱՄՆ և այլ երկրներում Ամերիկայի առևտրի պալատների կողմից հետաքրքրություն կա՝ տարբեր բիզնես առաքելություններ բերել ՀՀ ու ծանոթացնել այստեղ իրավիճակին ու նոր ստեղծված հնարավորություններին։
Բավականին ակտիվ պրոցեսներ են սկսվել։ Նախկինում նկատվում էր որոշակի պասիվությունը, որը, թերևս, պայմանավորված էր նոր իրավիճակում առկա անորոշություններով։ Ներկայումս ամենակարևոր գործարքներից մեկը «Կոնտուր Գլոբալ» ընկերությանը Որոտանի ՀԷԿ-երի համալիրի վաճառքի պայմանագիրն է, որն ամերիկյան ամենամեծ ներդրումը կլինի ՀՀ-ում։ Հուսով եմ, որ դա հաջողություն կունենա, և հայ-ամերիկյան բիզնես հարաբերությունների միջավայրն էապես կփոխվի։ Նաև մենք ենք փորձում համապատասխան հարաբերություններ ձևավորել մի շարք երկրներում գործող Ամերիկայի առևտրի պալատների հետ, մասնավորապես՝ Վրաստանում, Ռուսաստանում և այլուր, տարածաշրջանային տեսակետից ամերիկյան բիզնես հետաքրքրություններն ակտիվացնելու համար։ Վերջերս ՌԴ-ում Ամերիկայի առևտրի պալատը և Ռուս-ամերիկյան բիզնես խորհուրդը (Վաշինգտոն, ԱՄՆ) հանդիպում էին կազմակերպել՝ քննարկելու եվրասիական գոտու խնդիրները, մասնակցում էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն, հանձնաժողովի այլ անդամ-նախարարներ, ամերիկյան կողմից՝ շուրջ 300 խոշոր կորպորացիաների ներկայացուցիչներ, և այլք։ Այսինքն՝ շփումներն ակտիվացել են և, կարծես, նոր փուլ է սկսվել։ Առայժմ դա կառավարական մակարդակի վրա է, բայց բիզնեսի հետ կապված հետաքրքրությունը մեծ է։
Կարդացեք նաև
– Հայաստանում ամերիկյան հնարավոր ներդրումների չափի կանխատեսում կա՞։
– Հուսով լինենք, որ «Կոնտուր Գլոբալի» գործարքը կկայանա, առնվազն այդ մասով ամերիկյան ներդրումների աճ կլինի։ Բացի դրանից, մի շարք հետաքրքրություններ կան հանքարդյունաբերության ոլորտում, «Honeywell» միջազգային ինդուստրիալ կորպորացիայի ներկայացուցիչները Հայաստանում էին, բանակցություններ էին վարվում, ՀՊՃՀ-ում կնքվեց հուշագիր հետազոտական կենտրոն հիմնելու մասին, նաև այլ հետաքրքրություններ ունեն։ «General Electric» ընկերությունն -էներգետիկայի ոլորտում – հետաքրքրված, «Մայքրոսոֆթը» բավականին ակտիվ է այստեղ, մասնակցում է start-up-երի ստեղծման և առաջխաղացման ծրագրերին։ Ընդհանուր առմամբ, ամերիկյան մասնակցությունը ՀՀ-ում համեմատաբար մեծ է։ Անցած տարի ՀՀ-ում արտաքին մասնավոր ներդրումների ընդհանուր աճ է եղել։ Ամերիկյան և ընդհանրապես արևմտյան բիզնեսի համար ՀՀ-ի անդամակցումը ԵՏՄ-ին, հնարավոր է, որ բավականին հետաքրքիր կդարձնի մեր երկիրը։ Բիզնես միջավայրը բնորոշող ցուցանիշներով ՀՀ-ն միանշանակ առաջատարն է ԵՏՄ անդամների ցանկում։ Այսինքն՝ ՀՀ-ն հետաքրքիր հենակետ կարող է դառնալ այդ երկրներում աշխատելու համար։
– Իսկ ՌԴ-Արևմուտք հակամարտությունն ինչպե՞ս է ազդում այդ գործընթացի վրա։
– Միանշանակ՝ բացասական, բայց, կարծում եմ, որ առաջին հերթին՝ ամերիկյան կողմից կիրառվող պատժամիջոցները զանգվածային չեն, ավելի կետային են, ինչը ենթադրում է, որ, ընդհանուր առմամբ, բիզնեսի համար դեռևս լուրջ խոչընդոտներ չկան։ Վ.Խրիստենկոն իր ելույթում նշեց, որ ԵՏՄ կառույցները որպես հավասար գործընկերներ են դիտարկում ԱՄՆ գործարարներին և տարբերություն չեն տեսնում տեղական կամ ամերիկյան ընկերությունների միջև, որոնք գործում են ՌԴ-ում։ Իհարկե, կան ոլորտներ, որտեղ պատժամիջոցների պատճառով ավելացել են ծախսերը, բայց ընկերություններն աշխատում են, և մատակարարումները շարունակում են։ Այլ հարց է, որ ռուսական պատժամիջոցները շատ ավելի խնդիրներ են հարուցել, քանի որ ավելի զանգվածային են ու ոլորտային։ Կարծում եմ՝ կողմերն այսօր փորձում են պահպանել «նվազագույն վնաս հասցնելու» սկզբունքը։ Նաև կարծում եմ, որ այս քաղաքական պրոցեսներն ունեն շատ լուրջ ազդեցություն, բայց բիզնես աշխարհն այսօր այնքան գլոբալ է, այնքան սերտաճած է, որ դժվար է պատկերացնել, որ վաղը կողմերն իսպառ կդադարեցնեն համագործակցությունը։
Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում