Մի թեթև մոռացված ԵՏՄ միասնական արժույթի թեման կրկին հավակնում է դառնալ տնտեսական լրահոսի հիթերից մեկը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Կենտրոնական բանկին ու Կառավարությանը հանձնարարել է մինչև սեպտեմբերի 1-ը ԵՏՄ անդամ պետությունների Կենտրոնական բանկերի հետ որոշակիացնել արժութային և ֆինանսական ոլորտների ինտեգրացիայի հետագա ուղղությունները, ինչպես նաև մշակել, թե հեռանկարում արժութային միության ստեղծման ի՞նչ նպատակահարմարություն և հնարավորություն կա։ Եվ, բնականաբար, Հայաստանում կրկին սկսեցին խոսել «ալթընի» (ըստ որոշ խոսակցությունների՝ միասնական արժույթն այդպես է կոչվելու) մոտալուտ գալստյան մասին։ Իրականում որքանո՞վ է իրատեսական, որ մոտ ապագայում ԵՏՄ տարածքում կգործի մեկ միասնական արժույթ։ Միանգամից ասենք՝ իրատեսական չէ։ ՌԴ նախագահն ընդամենը կարգադրել է որոշակիացնել միասնական արժույթի նպատակահարմարությունը։ Ու բացառված չէ, որ եզրակացությունը լինի՝ նպատակահարմար չէ։
Այս հարցում կարծիքները խիստ տարբեր են։ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի ֆինանսական շրջանակները միասնական արժույթի հարցին տարբեր կերպ են մոտենում։ Մի մասը գտնում է, որ տնտեսական ինտեգրացման, խորացման որոշակի աստիճանում դա անխուսափելի է։ Որպես օրինակ՝ բերվում է Եվրոպական միությունը, որը սկիզբ առավ՝ որպես մաքսային միություն, հետո դարձավ նաև արժութային միություն։ Մյուս մասը գտնում է, որ պետք է ծանրութեթև անել՝ հասկանալ՝ ո՞րն է դրա օգուտը և ռիսկերը։ Կան նաև փորձագետներ, որոնք ընդհանրապես դեմ են միասնական արժույթին, քանի որ այդ դեպքում երկիրը կորցնում է ինքնուրույնությունը՝ դրամավարկային քաղաքականություն իրականացնելու հարցում։ Կողմնակիցները նշում են, որ միասնական արժույթի ներդրումն էապես կկրճատի տրանսակցիոն ծախսերը, թույլ կտա նվազեցնել դոլարայնացման մակարդակը, և միության անդամներն ավելի հարմարավետ կզգան փոխադարձ առևտրային գործարքների ժամանակ։ Միասնական արժույթի գաղափարի ամենահամոզված կողմնակիցներից մեկը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն է։ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը սկզբունքորեն կողմ էր միասնական արժույթին։ Նա ասում էր, որ միասնական արժույթի ներդրումը պետք է դառնա ԵՏՄ-ի շրջանակներում ինտեգրացիայի հաջորդ փուլը, ինչը լիովին տրամաբանական է՝ դրամական շրջանառության և փոխանցումների պարզեցման տեսանկյունից։
Ամեն դեպքում, թե՛ միասնական արժույթին կողմ, թե՛ դեմ, թե՛ դեռևս չկողմնորոշված մարդիկ միակարծիք են մեկ հարցում՝ այս պահին դեռ վաղ է խոսել միասնական արժույթի մասին։ Կարելի է քննարկել, կարծիքներ փոխանակել, սակայն մտածել, որ հնարավոր է միասնական արժույթ ներդնել մոտ ապագայում՝ լուրջ չէ։ Օրինակ, դեռ 2014 թվականի ամռանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ ինտեգրացիայի և մակրոէկոնոմիկայի գծով նախարար Տատյանա Վալովայան՝ անդրադառնալով միասնական արժույթին, ասել էր, որ մինչև 2025 թվականին միասնական ֆինանսական շուկայի ձևավորումը իմաստ չեն տեսնում միասնական արժույթին անցնելու մեջ։
Իսկ Բելառուսում ՌԴ դեսպան Ալեքսանդր Սուրիկովը РИА Новости-ին տված հարցազրույցում, պատասխանելով միասնական արժույթի մասին հարցին, ասել էր՝ պետք չէ ժամանակից առաջ ընկնել (բառացի՝ «Не надо гнать лошадей»): «Ի՞նչ արժույթ դա պետք է լինի։ ԵՏՄ-ի՝ համապատասխան պայմանագրերով հստակեցված գործառույթների մեջ չի մտնում ո՛չ միասնական վճարային համակարգը, ո՛չ միասնական ֆոնդային շուկան, ոչ էլ միասնական արժույթը։ Խոսքն ընդամենը զարգացման հեռանկարների մասին է։ Պետք չէ ժամանակից առաջ ընկնել»,- ասել էր նա։
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում