Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը սլովենական «Delo» օրաթերթին

Մարտ 12,2015 11:56

Պոլոնա Ֆրելիխ. Եկեք սկսենք Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ցավալի տարեթվից: Արդյո՞ք փոխվում է միջազգային հանրության վերաբերմունքը Ցեղասպանության ճանաչման հարցում:

Էդվարդ Նալբանդյան. Այս տարի` 2015թ. ինչպես Հայաստանում, այնպես էլ տարբեր երկրներում, և կարելի է ասել, ամբողջ աշխարհում ոգեկոչվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ոգեկոչումը տեղի է ունենալու չորս հիմնական ուղղություններով: Առաջին` հարգանքի տուրք է մատուցվելու Ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայ առաքելական եկեղեցին պատրաստվում է սրբադասել Հայոց Ցեղասպանության զոհերին: Երկրորդ` մեր երախտիքի խոսքն է բոլոր նրանց, ովքեր ձեռք մեկնեցին հայ ժողովրդին` մեր համար ծանր փորձությունների պահերին: Իսկ այդպիսի երկրները, ժողովուրդները շատ են: Հայ ժողովուրդը միայնակ չմնաց: 100-րդ տարելիցը առիթ է ևս մեկ անգամ մեր երախտիքի խոսքը ասելու: Երրորդ` դրանք նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանն ուղղված ջանքերն են: Դա կարևոր է ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի, այլև ամբողջ միջազգային հանրության համար: Եթե Առաջին համաշխարհային պատերազմի շղարշի տակ քողարկված մարդկության դեմ հանցագործությունը պատշաճ կերպով դատապարտվեր, ապա, միգուցե, հնարավոր կլիներ կանխարգել մարդկության դեմ հետագա` այդ թվում Երկրորդ համաշխարհային պատերազմի քողի տակ և դրանից հետո իրականացված մարդկության դեմ հանցագործությունները: Եվ չորրորդ ուղղությունը`վերածնունդ: Հայ ժողովուրդը ոչ միայն վերապրեց ցեղասպանությունը, այլև կարողացավ վերածնվել: Մենք կարողացանք վերականգնել մեր անկախ պետականությունը, զարգացնել մեր մշակույթը և գիտությունը: Վերածնունդը տեղի ունեցավ ոչ միայն Հայաստանում: Հայերը ստեղծեցին իրենց օջախները աշխարհի շատ երկրներում և իրենց ներդրումն ունեցան ու շարունակում են ունենալ այդ երկրների զարգացմանը:
Մենք, միջազգային հանրության հետ համատեղ, ոգեկոչելու ենք Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը`<<Այլևս երբե՛ք>> կարգախոսով:

Պոլոնա Ֆրելիխ. Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը այնքան է սրվել, որ Հայաստանի Պաշտպանության նախարարությունում սկսեցին խոսել դանդաղ ընթացող պարտերազմի մասին: Ո՞վ է ձգտում սրել իրավիճակը, և ըստ Ձեզ, ի՞նչ նպատակով: Ո՞վ է սրում իրավիճակը:

Էդվարդ Նալբանդյան. Գիտեք, այս մասին, շատ հստակ ձևով արտահայտվեցին Մինսկի խմբի համանախագահները: Սովորաբար, միջնորդները փորձում են լինել չեզոք և հասցեական հայտարարություններ չանել: Բայց, քանի որ Ադրբեջանը հատեց բոլոր կարմիր գծերը, հունվարի 27-ին համանախագահները` ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան, հանդես եկան հասցեական հայտարարությամբ, որտեղ կոչ էին անում Ադրբեջանին դադարեցնել հրադադարի ռեժիմի խախտումները, կոչ էին անում Բաքվին չքննադատել Մինսկի խմբի համանախագահներին, չքննադատել բանակցային գործընթացը, այսինքն` ցուցաբերել առավել կառուցողական մոտեցում, որպեսզի հնարավոր լինի հասնել կարգավորմանը: Այն, որ Ադրբեջանը հրահրում է լարվածությունը մեր տարածաշրջանում, ակնհայտ է: Վերջին տասը տարիների ընթացքում Ադրբեջանը ավելացրել է իր ռազմական բյուջեն` հասցնելով այն 163 մլն ԱՄՆ դոլարից գրեթե 5 մլրդ ԱՄՆ դոլարի` ասել է թե` 30 անգամ մեծացրել է իր ռազմական բյուջեն: Դժվար թե հնարավոր լինի գտնել միջազգային հարթակում մի այնպիսի պետության, որը 30 անգամ մեծացրած լինի իր ռազմական բյուջեն: Ադրբեջանը ոչ միայն իր ռազմական բյուջեն է մեծացնում, այլև սպառնում է նոր ռազմական գործողություններով, նոր պատերազմով: Բոլորին հայտնի է, որ պատերազմը խնդրի լուծման միջոց չէ, և բոլոր պատերազմներից հետո պետք է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Իսկ այսօր մենք հնարավորություն ունենք շարունակելու բանակցությունները` Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Համանախագահները` ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամները` ԱՄՆ-ն, Ռուսաստանն և Ֆրանսիան, նախագահների մակարդակով՝ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ հանդես են եկել 5 հայտարարություններով: Հայաստանը պատրաստ է կարգավորման գնալ վերոնշյալ հայտարարությունների հիման վրա:

Պոլոնա Ֆրելիխ. Ձեր կարծիքով արդյո՞ք ուկրաինական ճգնաժամը որևիցե ազդեցություն ունի հետխորհրդային տարածաշրջանում այսպես կոչված սառեցված հակամարտության վրա:

Էդվարդ Նալբանդյան. Դուք գիտեք, որ Ադրբեջանի կողմից սադրանքների և հրադադարի ռեժիմի խախտումների արդյունքում տարածաշրջանում լարվածությունն առկա էր նաև մինչ Ուկրաինայում իրավիճակի սրումը: Համանախագահները կոչ էին անում ստեղծել հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմ: Ադրբեջանը հրաժարվեց: Համանախագահները կոչ էին անում հրադադարի ռեժիմի ամրապնդման միջոցներ ընդունել: Ադրբեջանը հրաժարվեց: Համանախագահները կոչ էին անում դուրս բերել դիպուկահարներին Արցախի և Ադրբեջանի շփման գծից և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանից: Ադրբեջանը կրկին անգամ հրաժարվեց: Այսինքն` իրավիճակի սրման ամբողջ պատասխանատվությունը ընկնում է Ադրբեջանի վրա, քանի որ հենց Ադրբեջանն է հրաժարվում համանախագահների վերոնշյալ առաջարկություններից, այդ թվում և վստահության ամրապնդման միջոցների վերաբերյալ բոլոր մնացած առաջարկություններից:

Պոլոնա Ֆրելիխ. Մարտին Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում սկսվեցին ՌԴ Զինված ուժերի զորավարժությունները: Ինչպե՞ս են վերաբերվում Հայաստանում այս փաստին` հատկապես նկատի ունեմ հայկական ընտանիքի սպանությունը ՌԴ զինծառայողի կողմից:

Էդվարդ Նալբանդյան. Այն, ինչ դուք հարցնում եք սպանության հետ կապված, և այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, սարսափելի ողբերգություն է: Քննությունը շարունակվում է: Մենք վստահ ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Ինչ վերաբերվում է Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին, ապա այդ հարաբերությունները զարգանում են, ամրապնդվում են և ընդլայնվում: Առկա է շատ սերտ համագործակցություն երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև: Ինչ վերաբերում է ռուսական ռազմական բազային, ապա այն գտնվում է Հայաստանում միջկառավարական պայմանագրի հիմնան վրա և հանդիսանում է անվտանգության ապահովման կարևոր գործոններից:

Պոլոնա Ֆրելիխ. Արևմուտքում հույս են տածում, որ Գյումրիում տեղի ունեցածը, տնտեսական խնդիրները կգժտեն Հայաստանին և Ռուսաստանին: Այս կապակցությամբ հարց ունեմ. արդյո՞ք Հայաստանում փոխվել է վերաբերմունքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ընդհանրապես Ռուսաստանի հանդեպ:

Էդվարդ Նալբանդյան. Ես չգիտեմ` ով է այդպիսի հույսեր փայփայում: Դրանք անլուրջ հույսեր են: Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները ռազմավարական, դաշնակցային են, որոնք անցել են ժամանակի փորձությունը, և հենց դա է բնութագրում մեր երկրների ղեկավարների միջև հարաբերությունները:

Պոլոնա Ֆրելիխ. Կարելի է ասել, որ Ռուսաստանը ձեր հավատարիմ դաշնակի՞ցն է:

Էդվարդ Նալբանդյան. Այո, Ռուսաստանի հետ մենք ունենք սերտ դաշնակցային հարաբերություններ: Բայց, այնուհանդերձ, մենք ցանկանում ենք աշխարհի բոլոր երկրների հետ զարգացնել, ամրապնդել բարեկամական գործընկերությունը:
Որոշ երկրներ հավակնում են, թե ունեն ռազմավարական հարաբերություններ աշխարհի գրեթե բոլոր երկրների հետ: Նման բան դժվար թե հնարավոր է:

Պոլոնա Ֆրելիխ. Մենք ապրում ենք ճգնաժամային շրջանում, որը վերաբերում է և՛ տնտեսությանը, և՛ քաղաքականությանը, ինչի մասին է վկայում, մասնավորապես` հետխորհրդային տարածաշրջանում ազգային դրամների արժեզրկումը: Հայաստանում ասում են, որ հայերը հարստանում են բոլոր վայրերում, բացի իրենց Հայրենիքից: Արդյո՞ք այս արտահայտությունը համապատասխանում է իրականությանը:

Էդվարդ Նալբանդյան. Դուք գիտեք, մեր ժողովրդի ⅔-ը ապրում է աշխարհի 100 երկրներում: Ավելի շատ հայեր ապրում են արտասահմանում, քան Հայաստանում: Եվ բնականաբար ավելի շատ հաջողակ հայեր ապրում են արտասահմանում, քան Հայաստանում: Հայերը միշտ հայտի են եղել որպես լավ ձեռներեցներ, վաճառականներ և գործարարներ: Այնպես որ կարելի է ասել, որ այդքան էլ մեծ տարբերություն չկա նրանում, թե հայերը ապրում են արտասահմանում, թե Հայաստանում:
Ճգնաժամը գլոբալ բնույթ ունի, վերաբերում է գրեթե ամբողջ աշխարհին: Եթե ձեռներեցությունը ճգնաժամ է ապրում, պատճառը այն չէ, որ այն հայկական է:

Պոլոնա Ֆրելիխ. Ինչպե՞ս է ազգային դրամի արժեզրկումը անդրադառնում հայերի կենսամակարդակի վրա:

Էդվարդ Նալբանդյան. Իհարկե, ճգնաժամը ազդում է և Հայաստանի վրա, բայց ընդհանուր առմամբ, Հայաստանի կառավարության ջանքերի շնորհիվ հաջողվում է սանձել բացասական միտումները՝ որքան որ հնարավոր է:

Պոլոնա Ֆրելիխ. Հաղորդվում է, որ արտահանման ծավալները Հայաստանից Ռուսաստան, որը հանդիսանում է ձեր հիմնական առևտրային գործընկերը, կրճատվել են նույն ճգնաժամի պատճառով: Արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանը ստիպված է լինելու կողմնորոշվել դեպի այլ տարածաշրջաններ:

Էդվարդ Նալբանդյան. Ռուսաստանը մեր առևտրային հիմնական գործընկերն է, հիմնական ներդրողը: Սակայն դրանով հանդերձ մենք զարգացնում ենք ակտիվ տնտեսական հարաբերություններ ԵՄ անդամ երկրների, այլ տարածաշրջանների և երկրների հետ: Ճգնաժամային իրավիճակների պատճառով կոնյունկտուրային մոտեցում ցուցաբերել, շարժվել այն ուղղությամբ, որտեղ փչում է քամին, չեմ կարծում, թե ճիշտ է:

Պոլոնա Ֆրելիխ. Ամեն դեպքում Հայաստանը բացառիկ երկիր է, որը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ և դրանով հանդերձ ԵՄ-ի հետ ունի արտոնյալ մաքսային ռեժիմ: Ըստ Ձեզ, հնարավո՞ր է` այս գործոնը դարձնի ձեր երկիրը տնտեսական միջնորդ Ռուսաստանի և ԵՄ միջև:

Էդվարդ Նալբանդյան. Ես կարծում եմ, որ ո՛չ ԵՄ, ո՛չ Ռուսաստանը իրենց տնտեսական հարաբերությունների զարգացման համար միջնորդների կարիք չունեն: Մենք Եվրասիական միության անդամ ենք, միևնույն ժամանակ ունենք լավ տնտեսական հարաբերություններ ԵՄ երկրների հետ: Եվ եթե կան առավելություններ, ապա մենք, բնականաբար, կփորձենք օգտագործել այդ առավելությունները՝ ելնելով Հայաստանի շահերից, ինչպես նաև ելնելով մեր եվրասիական և եվրոպական գործընկերների շահերից:

Պոլոնա Ֆրելիխ. Իսկ կոնկրետ ի՞նչ է տալիս Հայաստանին անդամակցությունը Եվրասիական միությունում: Քանի որ շատերը արևմուտքում վախենում են դրանից:

Էդվարդ Նալբանդյան. Չեմ կարծում, ճիշտ է գաղափարական երանգ տալ տնտեսական հարաբերություններին: Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի անդամակցությունը Եվրասիական միությանը, ինչը մեզ հնարավորություն է ընձեռում ավելի պարզեցված ձևով մուտք գործել պաշտպանված ապրանքաշուկաներ, Եվրասիական միության ծառայությունների միասնական շուկա, ներդրումներ բերել, ստեղծել արդյունաբերական և գյուղատնտեսական կոոպերացիաներ, առանց մաքսատուրքերի մուտք գործել ռեսուրսային բազա, ինչպես նաև ԵԱՏՄ տրանսպորտային միջանցքներ, դյուրացնել միգրացիոն ռեժիմը և այլն: Ես այդ ոլորտի մասնագետ չեմ, տնտեսագետ չեմ, բայց առավելություններն ակնհայտ են:

Պոլոնա Ֆրելիխ. Դուք միգուցե լսել եք ԵՄ-ի ծրագրի մասին համագործակցել Ադրբեջանի հետ էներգետիկայի` հատկապես գազի ոլորտում: Արդյո՞ք Ձեզ թվում է, որ ԵՄ չափից ավելի մեղմ է վերաբերում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին, քանի որ ԵՄ ունի համագործակցության տնտեսական ծրագրեր Ադրբեջանի հետ: Նույնը վերաբերում է և Միացյալ Նահանգներին, չէ՞ որ ԱՄՆ նույնպես քննադատում է մարդու իրավունքների խախտումները ամբողջ աշխարհում, իսկ Ադրբեջանի պարագայում, շատ մեղմ է վերաբերվում, քանի որ նույնպես առկա է գազի խնդիրը:

Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանն ունի սին պատրանքներ, թե իբր կարող է օգտագործել իր էներգետիկ հնարավորությունները` ընկերներ գնելու, ովքեր աչք կփակեն այդ երկրում մարդու իրավունքների խախտումների վրա: Սակայն ի՞նչ է իրականում տեղի ունենում: Մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունները՝ եվրոպական և ոչ միայն, քննադատում են Ադրբեջանում մարդու իրավունքների աղաղակող վիճակը: Համաշխարհային ԶԼՄ-ները բնութագրում են Ադրբեջանին` որպես բռնապետական երկիր, նշում են այդ երկրում առկա լուրջ իրավախախտումների մասին: Դրանով հանդերձ ոչ ոք չի հերքում, որ Ադրբեջանն ունի մեծ էներգետիկ ռեսուրսներ: Այսինքն այն պատրանքը, թե հնարավոր է օգտագործել էներգետիկ ռեսուրսները ևս ինչ-որ բանի համար, շրջվել է հենց Ադրբեջանի դեմ:

Պոլոնա Ֆրելիխ. Այնուհանդերձ ԵՄ և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները այցելում են Բաքու և ունեն լավ հարաբերություններ Իլհամ Ալիևի հետ:

Էդվարդ Նալբանդյան. Գիտեք, եղել են ժամանակներ, երբ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Լիբիա, հանդիպել են Քադաֆիի հետ, այցելել են Իրաք, հանդիպել Սադդամ Հուսեյնի հետ: Մենք գիտենք, թե ինչպես այդ ամենն ավարտվեց:

Պոլոնա Ֆրելիխ. 2010թ. Երևանում տեղի ունեցավ հայ-սլովենական գործարարական համաժողով, որին մասնակցեցին երկու երկրների տասնյակ գործարարներ: Արդյո՞ք մեր երկրների` Սլովենիայի և Հայաստանի միջև առկա է առևտրատնտեսական հարաբերությունների ներուժ:

Էդվարդ Նալբանդյան. Իհարկե առկա է: Եվ մենք իմ այցի շրջանակներում խոսեցինք այդ մասին Սլովենիայի ղեկավարության հետ: Մենք պայմանավորվեցինք գործադրել հավելյալ ջանքեր այդ ներուժն օգտագործելու, երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերն ընդլայնելու համար:

Պոլոնա Ֆրելիխ. Շատ շնորհակալ եմ:

Էդվարդ Նալբանդյան. Շնորհակալ եմ Ձեզ։

 

 ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031