Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կստորագրի՞ ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը «168 ժամ»

Մարտ 12,2015 11:50

Անցած տարի Վիլնյուսում տեղի ունեցած Արևելյան գործընկերության գագաթաժողովում գրանցված անհաջողություններից հետո ծրագրի հաջորդ հանգրվանն է դառնալու մայիս ամսին Ռիգայում կայանալիք գագաթաժողովը, որը, ինչպես օրերս տեղեկացրել էր Եվրամիության արտաքին հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, ուղղված չի լինի որևէ երկրի դեմ, քանի որ «դաշինքների և ազդեցության ոլորտների դարաշրջանը մնացել է անցյալում»։ Ռիգայում կայանալիք գագաթաժողովը հանգրվանային է լինելու նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների տեսանկյունից, քանի որ վիլնյուսյան գագաթաժողովին ընդառաջ՝ Հայաստանը հրաժարվեց շուրջ երեքուկես տարի բանակցված Ասոցացման համաձայնագրի և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի նախաստորագրումից, ավելին՝ մեկ տարի անց դարձավ ԵՏՄ անդամ երկիր՝ ՀՀ-ԵՄ հարաբերություններն անորոշության մատնելով։

Այս պահին, ինչպես բազմիցս ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեան, կողմերը հստակեցնում են այն ոլորտները, որոնք չեն հակասում ՀՀ արտաքին նոր պարտավորություններին ԵՏՄ շրջանակում, քանի որ միայն հստակեցումից հետո, ըստ պաշտոնյաների, կարող են սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջ։ Սակայն ուկրաինական ճգնաժամը կարծես փոխեց ԵՄ քաղաքականությունն Արևելյան գործընկերության ուղղությամբ, քանի օրերս Ֆեդերիկա Մոգերինին և ԵՄ-ի ընդարձակման հարցերով պատասխանատու Յոհաննես Հանը տեղեկացրին, որ վերանայում են ծրագիրը, ու ԱլԳ յուրաքանչյուր երկրի առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերվելու։ Վերանայման համատեքստում ԵՄ փորձագետները չեն բացառում, որ Հայաստանը կարող է վավերացնել Ասոցացման համաձայնագրի միայն քաղաքական մասը, ինչը չի հակասում ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությանը։ Սա չի բացառում նաև ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին։

Երեկ ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ Մամուլի ազգային ակումբում հրավիրված «Հայաստանը ԵՏՄ-ում. Ռիգայի խորհրդաժողովին ընդառաջ, ո՞րն է լինելու Երևանի կարգախոսը» թեմայով հասարակական-քաղաքական քննարկման ընթացքում դեսպանն ակնարկեց, որ պետք է ըմբռնումով մոտենալ Հայաստանի առանձնահատկություններին։ Վերջինս, ինչպես Եվրոպական հանձնաժողովի պաշտոնյաները, ընդգծեց, որ ԵՄ-ի հիմնած Արևելյան գործընկերության նպատակը Ռուսաստանին հակադրվելը չէր։ Սակայն, ըստ նրա, ծրագիրը հեղինակած երկրները՝ Լեհաստանն ու Շվեդիան, նպատակ ունեին ծրագրի միջոցով տարածել եվրոպական համընդհանուր արժեքները հարևան երկրներում։ «ԵՄ-ն իր շուրջ ցանկացել էր ստեղծել սպառող-արտադրող համակարգ, դա վերաբերում է ինչպես՝ նյութական արժեքներին, այնպես էլ ՝ մտավոր։ Հնդկական կամ չինական գրականության համար միայն թարգմանությունը բավարար չէ, պետք է լրացուցիչ տեքստ, որը պարզաբանումներ կմտցնի մշակույթում։ ՀՀ-ում, ծանոթանալով գրականությանը, բավարար է միայն թարգմանությունը։ ԱլԳ-ն նպատակ է ունեցել միավորել մշակութապես, քաղաքակրթապես, այլ ոչ թե հակադրություն դառնալ ՌԴ-ի համար։ ԱլԳ-ն ստեղծվել է այն հույսով, որ մի օր էլ ՌԴ-ն մաս կազմի այդ ամենին»,- ասաց Եժի Նովակովսկին: Նրա խոսքով, Հայաստանը եվրոպական երկրների, մասնավորապես՝ Լեհաստանի և Ֆրանսիայի կողմից դիտարկվում է՝ որպես շատ կարևոր պետություն։ «Դրա արդյունքն այն է, որ երկար տարիներ շարունակ բազմաթիվ հայեր բնակվել են Լեհաստանում։ Երբ ես իմ որոշման մասին ասացի Լեհաստանում, բոլորի կողմից դա ողջունվեց։ Հայաստանը՝ գտնվելով այս տարածաշրջանում, այն երկրներից է, որն ընկալելի և ճանաչելի է եվրոպացիների համար»,- ասաց դեսպանը:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031