Լրահոս
Օրվա լրահոսը

Ուոլթերը չի գալիս Ղարաբաղ. «Հայկական ժամանակ»

Մարտ 12,2015 11:16

Այսօր սկսվում է «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի հեղինակ, ԵԽԽՎ պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի այցը Ադրբեջան։

Սկանդալային վերնագրով սույն զեկույցը, որի մուտքը ԵԽԽՎ օրակարգ հայաստանյան պատվիրակությունը չկարողացավ կանխել, եվրոպացի պատգամավորը պատրաստելու է միայն Ադրբեջան կատարած իր երկօրյա այցի ընթացքում։ Համենայնդեպս, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը երեկ մեզ հայտնեց, որ Ուոլթերը չի դիմել Արցախի իշխանություններին՝ նաեւ իր զեկույցի օբյեկտ հանդիսացող «տարածք» այցելելու համար։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից մեզ փոխանցեցին, որ Ուոլթերը հայաստանյան կողմին նույնպես չի դիմել՝ ՀՀ այցելելու համար։ Մեզ հայտնի դարձավ, որ եվրոպացի պատգամավորը ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ եւս որեւէ կապ այս օրերին չի փորձել հաստատել։ Մեր տեղեկություններով, զեկույցի հեղինակը փորձելու է «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» փաստաթուղթը ԵԽԽՎ-ում ներկայացնել ապրիլի 20-24 սպասվող լիագումար նիստի օրերին։ Թե ի՞նչ է անելու ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին ադրբեջանա-թուրքական լոբբին ԵԽԽՎ-ում՝ կարելի է կռահել։ Իսկ թե ինչ է անելու հայկակա՞ն կողմը դա կանխելու համար՝ դեռ հայտնի չէ, թեեւ՝ էլի կարելի է կռահել։ Երեկ մեզ այդպես էլ չհաջողվեց զրուցել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ։ Մեր տեղեկություններով, նա սպասում է Ուոլթերի ադրբեջանական այցի արդյունքներին եւ այդ ընթացքում փորձելու է խուսափել սույն թեմայի շուրջ մեկնաբանություններից: Դատելով մեր պատվիրակության անգործությունից, սկանդալային վերնագրով զեկույցին սահուն ճանապարհ է սպասվում ԵԽԽՎ-ում. հայկական կողմը չի կարողանալու կանխել դրա ընդունումը եւ տապալվելու է ճիշտ այնպես, ինչպես տապալվեց ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում՝ նախ, ժամանակին չտեղեկանալով, թե Ադրբեջանն ինչ է նախաձեռնել, հետո էլ՝ չկարողանալով կանխել ԵԽԽՎ Բյուրոյում նման զեկույց պատրաստելու որոշումը։ Երեկ մենք զրուցեցինք ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակի հետ։

– Պարոն Բաբայան, «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի հեղինակ Ռոբերտ Ուոլթերը մարտի 12-13–ին լինելու է Ադրբեջանում, այս ընթացքում նա դիմե՞լ է ԼՂՀ իշխանություններին՝ Արցախ եւս այցելելու համար։

– Ո՛չ, այդպիսի դիմում չի եղել։

– Այսինքն՝ ենթադրվում է նա չի էլ փորձում որեէ ջանք գործադրել ԼՂՀ այցելելու համար։

– Ո՛չ, այդպիսի ջանքեր չի ցուցաբերում։ Ի սկզբանե, երբ պարզ դարձավ, որ այդ անձնավորությունն այդպիսի վերնագրով զեկույց է պատրաստելու, ակնհայտ էր դրա բովանդակությունն ու փիլիսոփայությունը։ Նման բովանդակությամբ, նման վերնագրով, նման փիլիսոփայությամբ փաստաթուղթը ընդհանրապես չի կարող արժեքավոր լինել։ Սա քաղաքական

պատվեր է։ Մենք կարող ենք համագործակցել այդ զեկույցի պատրաստման գործում, եթե նա փոխեր վերնագիրը, վերանայեր փիլիսոփայությունն ու մոտեցումները եւ դիմեր Արցախի իշխանություններին, գար այստեղ, տեսներ իրավիճակն ինչպես է, պատրաստեր նորմալ, օբյեկտիվ փաստաթուղթ։ Բայց որեւէ բան չի արվել։ Փաստորեն այդ զեկույցը ոչ թե Արցախի մասին է, այլ Ադրբեջանի։ Եւ կարծում եմ, որ պետք էլ չի նա գա Ղարաբաղ, նա այստեղ անելիք չունի, որովհետեւ զեկույցն արդեն պատրաստ է եւ գտնվում է կա՛մ Ադրբեջանի նախագահականում, կա՛մ արտգործնախարարությունում։ Պարզապես գնում է, վերցնի դա եւ վերադառնա Եվրոպա։ Սա քաղաքական պատվեր է։

– Ի՞նչ հետեւանք կարող է ունենալ այդ զեկույցը։

– Չեմ կարծում, որ որեւէ հետեւանք ունենա, բոլորի համար պարզ կլինի, որ սա քաղաքական պատվեր է, որ Ադրբեջանը հերթական անգամ փորձում է զբաղվել սեւ PR–ով։ Եվրոպական տարբեր կառույցների եւ երկրների համար, որոնք, իրոք, հասկանում են եւ տարածաշրջանը  պատկերացնում  են,

կարծում եմ, որեւէ տարբերություն էլ չկա՝ զեկույցը կա՞, թե չկա, չեն էլ նայելու այդ զեկույցը։

– Այսինքն՝ հայկական կողմը չպե՞տք է որեւէ բան անի՝ այն կանխելու, չեզոքացնելու համար։ Հնարավոր չէ՞ր դիմել ԵԽԽՎ ղեկավարությանը՝ օբյեկտիվ զեկույց պատրաստելու հարցով։

– Քաղաքական պատվերով զեկույցների դեմ նորից քաղաքական այլ պատվեր տալը՝ մեր ոճը չէ, եւ իմաստ չկա։ Կարծում եմ, նա, ով գալիս է ԼՂՀ, տեսնում է ե՛ւ տարբերությունը, ե՛ւ ամեն ինչը։ Իսկ սա պատվեր է, վերցնում են, կատարում են, խավիար են ստանում, չգիտեմ էլ ինչ են ստանում, դա իրենց

գործն է։ Ես նույնիսկ չեմ բացառում, որ այդ զեկույցում մեջբերումներ լինեն Ալիեւի ելույթներից:

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031