Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Ջուլֆալակյան. «Չեմ կարծում, թե որեւէ պրոֆեսիոնալ մարզիկ ցանկություն կհայտնի մասնակցել Եվրոպական խաղերին եւ աշխարհի առաջնությանը»

Մարտ 12,2015 10:12

«Իմ պահով կարող եմ ասել հետեւյալը՝ զուտ պրոֆեսիոնալ առումով: Մեր մարզաձեւում Եվրոպական խաղերի ու աշխարհի առաջնության միջեւ ընդամենը երկու ամսվա տարբերություն է եւ չեմ կարծում, թե պրոֆեսիոնալ որեւէ մարզիկ ցանկություն կհայտնի երկուսին էլ մասնակցել: Ես նման դառը փորձ ունեցա ունիվերսիադայի հետ կապված: Այն ժամանակ ընդմիջումը երեք ամիս էր: Մտածեցի՝ կհասցնեմ վերականգնվել: Բայց հետո, աշխարհի առաջնության ժամանակ հասկացա, որ թե նյարդային, թե ֆիզիկական ու տեխնիկական առումով վերականգնվել չեմ հասցրել: Եվ պատահական չէ, որ մեր մարզաձեւում Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների միջեւ հինգ-վեց ամիս ընդմիջում է լինում: Փորձել երկու ամսվա ընթացքում լավագույն մեկնարկ անել, ցանկացած մասնագետ կարող է ասել՝ անիմաստ է:

Կամ Եվրոպայում անհաջող հանդես կգաս, կամ աշխարհում, կամ  երկուսում էլ: Որովհետեւ երկուսին էլ մասամբ պատրաստ կլինես: Ես էսպես եմ համարում. մեր նպատակը օլիմպիական վարկանիշեր ձեռք բերելն է: Ըմբշամարտում վարկանիշային մրցումները սկսվում են աշխարհի առաջնությունով, որը մեկնարկում է սեպտեմբերի 7-ին՝ Լաս-Վեգասում: Բնականաբար, ես ամբողջ թիմի հետ միասին պետք է լավագույնս պատրաստվեմ աշխարհի առաջնությանը: Վարկանիշ ձեռք բերելն օլիմպիական խաղերից մեկ տարի առաջ այլ բան է, չորս ամիս առաջ (Նկատի ունի վարկանիշային հաջորդ մրցաշարերը: Ա. Հ.)` լրիվ այլ բան: Այսինքն, աշխարհի առաջնությունում եթե ձախողվում ես, շուրջ ութ ամիս առավելագույն լարված ու անորոշ վիճակում պետք է պատրաստվես վարկանիշային մրցաշարերի ու չգիտես, թե կկարողանա՞ս արդյոք: Հիշեք Ռոման Ամոյանի հետ կատարվածը, որ չկարողացավ Լոնդոնի օլիմպիական ուղեգիր նվաճել: Եվ դա այն դեպքում, երբ Ամոյանն իր քաշային կարգում աշխարհի հինգ ուժեղագույնների մեջ էր: Այնպես որ, զուտ մասնագիտական առումով էլ նպատակահարմար չէ նույն մարզիկին երկու ամսվա ընթացքում ուղարկել համ Եվրոպական խաղեր, համ աշխարհի առաջնություն: Ցավոք սրտի, Հայաստանը չունի ամեն քաշում երկու-երեք հավասարազոր մարզիկներ, որոնք կարողանան մեդալներ բերել:

Եվ վերջում մի թեմայի մասին էլ եմ ուզում խոսել՝ սամբոյի, թեեւ դա իմ ոլորտը չէ: Մենք հիանալի սամբոյի թիմ ունենք, աշխարհի չեմպիոններ: Բայց կարո՞ղ է լինել, որ նույն Ադրբեջանը իր ձյուդոյի հավաքականը մտցնի պայքարի մեջ: Այդ դեպքում սամբոյի աշխարհի ո՞ր չեմպիոնը պատրաստ կլինի մրցել ու հաղթել ձյուդոյի աշխարհի, Եվրոպայի չեմպիոնին կամ մրցանակակրին: Ուժերն անհավասար կլինեն: Իսկ Ադրբեջանը, կարծում եմ, նման քայլի կգնա: Այնպես որ, պետք չի մտածել, թե աշխարհի չեմպիոն եմ, կգնամ ու կհաղթեմ: Ես էլ եմ աշխարհի չեմպիոն, բայց իրականությունը ռեալ եմ գնահատում», – երեկ ասաց Արսեն Ջուլֆալակյանը լրագրողներին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031