Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը վստահեցնում է, որ Ղարաբաղը բանակցային սեղանից դուրս է թողել Ռոբերտ Քոչարյանը: Իսկ երկրորդ նախագահը պնդում է, որ ԼՂՀ-ն բանակցություններից դուրս է մղել Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Առավոտի» հետ զրույցում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մեր հարցին՝ ըստ Ձեզ, ո՞վ դուրս թողեց բանակցություններից ԼՂՀ-ն, պատասխանեց. «Մի իմաստուն մարդու հարցնում են, ես այսպես եմ ասում, ասում է՝ դու ճիշտ ես, մյուսն է հարցնում, ասում է՝ դու էլ ես ճիշտ: Հարցնում են՝ հիմա մեզանից ո՞վ է ճիշտ, ասում է՝ երկուսդ էլ ճիշտ եք: Հիմա ամեն մեկը իր մասով դուրս թողեց Արցախը բանակցային սեղանից:
Լեւոն Տեր-Պետրոսյան, դու Արցախի ինքնորոշման խորհրդանիշ Ռոբերտ Քոչարյանին բերում ես Հայաստան՝ որպես վարչապետ, հետո որպես նախագահ: Արդյոք դա այն քայլը չի՞, որը ցույց է տալիս, որ Արցախը որպես ինքնուրույն միավոր չկա: Արցախի սիմվոլին բերիր քո մոտ վարչապետ: Լեւոն Տեր-Պետրոսյան, խոսելու տեղ ունե՞ս դու դրանից հետո: Ինչ վերաբերում է նրան, որ Ռոբերտ Քոչարյանը, լինելով Արցախի նախագահ, համաձայնեց գալ, դա էլ է ցույց տալիս, որ երկուսն էլ մասնակից են: Միասին են արել»:
Անդրադառնալով ՀՀ ներքաղաքական խնդիրներին, Պարույր Հայրիկյանն ասաց. «Հայաստանի ընդդիմադիր դաշտում կա, իհարկե, ճգնաժամ: Մեծագույն բացթողումն այն է, որ այն ուժերը, որոնք ունեն գաղափարական ընդհանրություն, իրենց մեջ չեն կարողանում գտնել ուժ, կամք, դառնալու իսկապես բեւեռ: Չկա հավատ սեփական ուժերի նկատմամբ»: