Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ դեր են խաղում քաղաքական ուժերն այսօր

Մարտ 12,2015 18:30

Փորձագետը՝ քաղաքական դաշտում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին

Հայաստանյան քաղաքական դաշտի վերջին իրադարձությունների, խորհրդարանական կուսակցությունների դերի, այսօրվա ընդդիմադիր դաշտի եւ այլ հարցերի շուրջ «Առավոտը» զրուցել է քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ: Փորձագետը նշում է, որ քաղաքական գործընթացները անմիջականորեն կապված են հասարակությունում տիրող տրամադրությունների եւ այն ցուցանիշների հետ, որոնցով որակվում են հասարակությունները, դրանք են՝ մրցունակությունը, ստեղծարարությունը: Ըստ Արմեն Բադալյանի՝ այսօր մեզ մոտ այս ցուցանիշները բացակայում են: «Իհարկե, հասարակության մաքսիմում հինգ տոկոսը փորձում է ինչ-որ բան անել, բայց դա շատ փոքր է, որպեսզի հաջողություն ունենաս, լավագույն դեպքում՝ հինգից տասը տոկոսը, իրականում շատ ավելի քիչ է, որոշ սոցիալական խմբերում ընդհանրապես զրոյական են կրեատիվությունը եւ մրցունակությունը»,- ասում է նա:

Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետը նկատում է այսօրվա քաղաքական դաշտի եւ հասարակական տրամադրության եւս մեկ պատճառահետեւանքային կապ. «Հասարակության մեջ շատ կա արտագաղթողի հոգեբանությունը, եւ եթե մարդ ցանկանում է Հայաստանից հեռանալ, արտագաղթել, բնականաբար՝ ուշադրություն չի դարձնում մայր երկրում եղած իրավիճակին»: Այսպիսի տրամադրություններից, ըստ «Առավոտի» զրուցակցի, ձեւավորվում է մեր քաղաքական համայնապատկերը. իշխող քաղաքական ուժը մնում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը վարչական կուսակցություն է, եւ ըստ մեր զրուցակցի՝ մարդիկ այստեղ են՝ զուտ պաշտոն ստանալու համար, այն բավականին ազդեցիկ է, որովհետեւ տիրապետում է վարչական, լրատվական, ֆինանսական եւ ուժային բոլոր կառույցներին:

Հայաստանյան քաղաքական դաշտում, ըստ Արմեն Բադալյանի, երկրորդն իր ազդեցիկությամբ ՀԱԿ-ն է. «Իհարկե, երկրորդ ասելով՝ չի նշանակում, որ քիչ տարբերություն կա Հանրապետական կուսակցության եւ նրա միջեւ, ուղղակի հերթական համարով երկրորդն է: Կա նաեւ Դաշնակցությունը, որի կողմնակիցները կամ նրան համակրողները «Հայդատականներն» են կամ «Ծովից ծով Հայաստան»-ի կողմնակիցները, սակայն արտագաղթի պատճառով մեզ պակասում է համակիրների թվաքանակը, եւ կուսակցությունը նաեւ դրա պատճառով թուլանում է: «Ժառանգությունը», որը միավոր էր, երբ կար Եռյակը, իսկ հիմա բավականին թույլ, ռեսուրսների չտիրապետող կառույց է, եւ կարելի է ասել՝ շատ արագ շարժվում է դեպի պայմանական գոյություն ունենալու հանգամանքին, այսինքն՝ արդարադատության նախարարությունում գրանցված է, սակայն այն գոյություն չունի: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, հարցը լրիվ այլ է, ԲՀԿ-ն դեռեւս չի դիրքավորվել քաղաքական դաշտում՝ մասնավորապես Գագիկ Ծառուկյանի հեռացումից հետո, ԲՀԿ-ն լիդերաին կուսակցություն էր, այսինքն՝ կուսակցության կարեւոր գաղափարախոսությունը հենց Գագիկ Ծառուկյանի կերպարն էր, Գագիկ Ծառուկյանը, հեռանալով այդ կուսակցությունից, իր հետ տարավ գաղափարախոսությունը, եւ կուսակցությունը բավականին մեծ գործունեություն պետք է սկսի նոր իմիջ ձեռք բերելու համար»,- ասում է պարոն Բադալյանը:

Քաղաքական դաշտի այս տեսքը հաստատում է, որ առայժմ որեւէ ընդդիմադիր ուժ չկա: Պարոն Բադալյանը կրկնում է, որ սա միանշանակ կապված է հասարակության հետ. «Այսօրվա Հայաստանի վիճակը բնորոշ է այն երկրներին, որտեղ մրցունակ հասարակություն չկա, որտեղ տեղի է ունենում հասարակության ինտելեկտի կտրուկ անկում, որտեղ հասարակության մեջ չկա կրեատիվություն, որտեղ ուժեղ է արտագաղթողի կամ երկրի ներքին գործերին չխառնվելու հոգեբանությունը»: Մեր զրուցակիցը մատնանշում է իրավիճակից դուրս գալու ճանապարհներ. «Երբ որ Հայաստանում կվերանան տնտեսական մենաշնորհները, դատաիրավական համակարգը կվերածվի իրոք անկախ դատաիրավական համակարգի, երբ որ Հայաստանը երեքից չորս հարյուր հազար ներգաղթյալ կունենա, որոնք կբերեն տնտեսական թեկուզ փոքր կամ միջին միջոցներ, եւ այստեղ տնտեսությունը կաշխատեցնեն, դրանից հետո նոր հնարավոր է Հայաստանի տնտեսական իրավիճակի բարելավում, որը անպայման կհանգեցնի քաղաքական վիճակի բարելավման: Այսինքն՝ երբ հասարակության մեջ հնարավոր լինի նոր արյուն ներկրել, այդ ժամանակ նոր վիճակը կփոխվի»,- ասում է Արմեն Բադալյանը:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031