Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրասիական քառյակը դառնում է եռյա՞կ

Մարտ 12,2015 18:00

Իշխանական պատգամավորը զարմացած է, ընդդիմադիրը՝
ուրախ, արտախորհրդարանական ուժի ղեկավարը՝ մտահոգ

«Ընդհանուր առմամբ, այո, կարող էր այդպիսի հավաք լինել, բայց այդ դեպքում պիտի հատուկ շեշտվեր, որ Հայաստանը չի մասնակցում այսինչ պատճառով, որովհետեւ բոլորն էլ դա ընկալում են իբրեւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հանդիպում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` անդրադառնալով երեկ եւ այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք Վլադիմիր Պուտին, Նուրսուլթան Նազարբաեւ եւ Ալեքսանդր Լուկաշենկո հանդիպում-քննարկումներին:

Կրեմլի պաշտոնական կայքն այդ հանդիպման մասին մանրամասնում է. «Կողմերը մտադիր են քննարկել երեք երկրների միջեւ առեւտրատնտեսական զարգացման հեռանկարները եւ եվրասիական ինտեգրման գործընթացները՝ հաշվի առնելով ժամանակակից միտումների ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա»: Բացի այդ, երեք երկրների ղեկավարները պլանավորում են քննարկել փոխադարձ առեւտուրն ու Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Այսօր պլանավորված է Պուտին-Նազարբաեւ երկկողմ հանդիպումը:

Ղազախստանի, Բելառուսի եւ Ռուսաստանի ղեկավարների սպասվող հանդիպումը կապ չունի Հայաստանի հետ՝ երեկ պատճառաբանել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` պարզաբանելով, թե ինչու հայկական պատվիրակության մասնակցությունն այդ հանդիպմանը նախատեսված չէ: Հետո նաեւ պարզվել է, որ Հայաստանին չեն էլ հրավիրել: «Եթե մեզ հրավիրեն, մենք կքննարկենք մասնակցության հնարավորությունը»,- շարունակել է Շավարշ Քոչարյանը:

Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությանը կողմ Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով՝ Հայաստանի նախագահի մասնակցությունը նման հանդիպումներին պիտի լինի անպայման` անկախ քննարկվող օրակարգից. «Ինչ հարցեր էլ որ եռյակի միջեւ քննարկվեն, անպայմանորեն պիտի առնչվեն նաեւ Հայաստանին: Եթե չեն առնչվում, ստացվում է, որ կա ոլորտ կամ ոլորտներ, որտեղ իրականացվող ծրագրերում Հայաստանի մասնակցություն չի էլ նախատեսվում»,- ասում է մեր զրուցակիցը` հավելելով, որ Հայաստանի իշխանությունները պիտի հստակ հայտարարեն, որ նման բաներն անհարիր են. «Հայաստանի հետ հետ կապված հարցեր չկան-ը բացատրություն չէ»: Արամ Սարգսյանը սա համարում է որոշակի հիերարխիայի արտահայտություն: Բայց պատճառները նա խորհուրդ է տալիս փնտրել ներսում. «Հայաստանն ինքը պիտի այնպիսի դիրք ու դիրքորոշում ունենա, որ նրա հետ հաշվի նստեն: Հայաստանի տնտեսության վիճակը, կախվածությունը միջազգային կառույցներից, մասնավորաբար՝ Համաշխարհային բանկից եւ Արժույթի միջազգային հիմնադրամից, օր օրի ավելի մեծանում է, ու պրակտիկան ցույց է տալիս, որ Հայաստանն ուղղակի ենթակա է այդ կառույցներին, մեծ նշանակություն ունի: Հայաստանում կատարվող բոլոր իրադարձություններն այնտեղ լրջությամբ ուսումնասիրում են, եւ համապատասխան վերաբերմունք են ձեւավորում: ՀՀ կառավարության քաղաքականությունը հիմքեր չի տալիս՝ ասելու, որ Հայաստանում իրական փոփոխություններ են լինելու, որոնք նպաստելու են ՀՀ կարգավիճակի ամրապնդմանը: Մինչդեռ արտաքին աշխարհում բոլորը նայում են, թե ինչ կարգավիճակով է ներկայանում գործընկերը: ՀՀ կարգավիճակը չի համապատասխանում»:

Արամ Սարգսյանն ուշադրություն է հրավիրում նաեւ այն հանգամանքին, թե հայկական կողմից ովքեր եւ ինչպես են Հայաստանը ներկայացնում ԵՏՄ-ում. «Թողնենք նախագահին, բայց ՀՀ ներկայացուցչական կազմը չի բավարարում նրանց պահանջները: Նրանք չեն հասկանում, թե ովքեր կարող են այդ սեղանի շուրջ նստել եւ ինչ քննարկել, ինչ պատրաստվածություն ունեն: Թող մտածեին, երբ քայլեր էին անում: Տարրական ազատ շփման խնդիր կա. եթե լեզվին չես տիրապետում, չես կարող մարդկանց հետ շփվել եւ հարաբերություններ ձեւավորել եւ այլն: Նման՝ մանրուքներ թվացող բաները շատ լուրջ ազդեցություն են թողնում: Նեղանալ պետք է միայն ինքդ քեզնից, քանի որ ինքդ համապատասխան չես ներկայանում»:

ԱԺ արտաքին հարաբերությունների անդամ Թեւան Պողոսյանը խորհրդարանում դեմ է քվեարկել Հայաստանի` ԵՏՄ անդամակցության պայմանագրին ու մշտապես այն կարծիքին է եղել, որ ԵՏՄ ծրագիրը չի կայանա, հաջողություն չի ունենա: Աստանայում կայացող եռյակի հավաքը նա դիտարկում է հենց այս շրջանակում: Ավելին՝ հույս ունի, որ սա պաշտոնական Երեւանի համար լավ ազդակ կդառնա` ընկալելու համար, որ սեփական շահերով պետք է առաջնորդվել ու շարունակել եվրոպական ինտեգրման ուղղությունը: Նկատենք, որ մայիսին Ռիգայում կայանալու է Եվրոպական միության հերթական գագաթնաժողովը: Տարբեր եվրաչինովնիկներ արդեն իսկ հայտարարում են այդ համաժողովում Հայաստան-ԵՄ հարաբերությունների հստակեցման հնարավորությունների մասին: «Եթե պետք է դառնանք մի ակումբի անդամ, որտեղ հանդիպումների ժամանակ մեզ չեն հրավիրում` չգիտեմ ինչը հաշվի առնելով, ու քննարկում են տնտեսական հարցեր, իսկ մենք կարծես թե տնտեսական ակումբի էինք միացել, այս իմաստով ես ինչ-որ չափով նաեւ ուրախ եմ: Այսուհետ Հայաստանը կարող է իր շահերվ առաջնորդվել եւ իր խնդիրները լուծել»,- ասաց Թեւան Պողոսյանը: Սա, ըստ ընդդիմադիր պատգամավորի, Եվրասիական միության չկայացածության ապացույցներից է, որը հնարավորություն է տալիս Հայաստանին իր երկարատեւ շահերի հետեւից գնալ դեպի եվրոպական ինտեգրացիա:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը հարցը խորությամբ չի կարող մեկնաբանել, քանի որ Աստանայի հավաքին ու ձեռք բերված պայմանավորվածություններին ծանոթ չէ: Բայց զարմացած է, որ «հավաքվել են, ու Հայաստանը չկա»: Թե ինչո՞ւ Հայաստանը հրավիրված չէ` հարցի պատասխանն իշխանական պատգամավորն ակնկալում է լսել շուտով` «բարձր չինովնիկներից»: Նա այժմ էլ համոզված է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ճիշտ ընտրված ուղի էր: Այն, որ այս տարվա հունվարից սկսած՝ Ռուսաստանից Հայաստան եկող տրանսֆերտները զգալիորեն կրճատվել են, իշխանական պատգամավորը չի դիտարկում Հայաստանի կողմից տանուլ տալ, քանի որ չեն արդարանում ՀՀ իշխանությունների խոստումներն այն մասին, որ ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցությունը դրական կազդի երկրի տնտեսության վրա: «Այդ խոստումները շուտով իրականություն կդառնան, եթե ՌԴ-ում կայունանա ներքին տնտեսական իրավիճակը»,- ասաց նա` առաջարկելով ըմբռնումով մոտենալ իրավիճակին:

«Մեր բախտը էլի չբերեց»,- կեսկատակ ասաց մեր զրուցակիցը: Հարցին` եթե ՌԴ-ի դեմ պատժամիջոցները շարունակվեն, մենք ավելի՞ վատ ենք ապրելու, ասաց. «Հիմի էդպես ա: Բայցեւայնպես՝ պետք է իրավիճակին ռեալ նայել եւ դա չբացատրել մեր սխալով, որ մտել ենք Եվրասիական միություն: Կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Նոր ենք մտել, մինչեւ կարգավորվեն էդ խնդիրները, սկզբնական շրջանում դժվարություններ կլինեն»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Հարգելի քաղաքական գործիչներ,գորշակություններով միք զբաղվի՝քաղաքականության ոլորտում գուշակությունը անօգուտ զբաղմունք է և նախօրոք որևէ մեկին միք դատապարտեք:հնարավոր է այդ հանդիպորմը ԵՏՄ-ի հետ կապ չունի,քաղաքական հանդիպում է՝կապված Ուկրաինայի ,պատժամիջոցների,հնարավոր պատերազմի և այլնի հետ:Ինչ իմաստ ունի գետը չտեսնելով փողքերը վեր քշտել՝գուցե գետը չկա էլ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031