Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է դավաճանը, եւ ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը չասաց՝ «Ես եմ Ծառուկյանը»

Մարտ 12,2015 17:30

«Սրտիս պարտքը» հայտնի հոդվածում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը գրել էր. «Սխալների մի մասը գալիս է Ծառուկյանի քաղաքական փորձառության պակասից, իսկ մեծագույն մասը՝ ԲՀԿ-ի ներսում գործող խառնակիչների մի փոքրիկ խմբակից, որն ուղղորդվում է բոլորովին մի այլ կենտրոնից եւ հետամուտ է բոլորովին մի այլ ծրագրի։ Թե՛ Ծառուկյանին, թե՛ «Բարգավաճ Հայաստանին» եւ թե՛ Համաժողովրդական շարժմանը ոչ ոք այնքան վնաս չի տվել, որքան այդ խմբակի՝ մեծ վերլուծաբանների հավակնություն ունեցող մի քանի անդամները»:

«Առավոտը» Համաժողովրդական շարժմանը միացած «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանից հետաքրքրվեց՝ համաձա՞յն եք, որ ԲՀԿ-ի ներսում խառնակիչներ են եղել, որոնք մեծ վնաս են տվել: Նա պատասխանեց. «Ամենամեծ դավաճանությունը նա է, երբ ամենածանր պահին նրա հետ, ում հավասարը հավասարի են նստել, կողքին չեն կանգնում: ԲՀԿ նախագահը Գագիկ Ծառուկյանն էր, մյուսները նրա ենթականերն էին: Պարոն Տեր-Պետրոսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը որպես հավասարը հավասարի էին նստում Գագիկ Ծառուկյանի հետ: Իսկ նրա համար ծանր օրերին այդ նստելը ես չտեսա: Հիմա ո՞վ է դավաճանը: Նրա ենթական ի՞նչ պիտի խառներ, որոշումը կայացնում է ղեկավարը»:

Գառնիկ Իսագուլյանը հիշեց «Սպարտակը», երբ գերիներին հարցնում են՝ ո՞վ է Սպարտակը, ամեն մեկը կանգնում ու ասում է՝ «Ես եմ Սպարտակը». «Ո՞վ կանգնեց ասեց՝ ես եմ Գագիկ Ծառուկյանը: Առաջինը դա պետք է ասեր Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրանից անմիջապես հետո պիտի ասեր Րաֆֆի Հովհաննիսյանը: Երբ որ իրենք դա կասեին, դրանից հետո անհրաժեշտություն կառաջանար փորձել ուրիշ տեղ փնտրել դավաճաններ ու մատնիչներ: Մարդը իրավունք չունի խոսելու դրա մասին: Այդ օրերին Սերժ Սարգսյանին նամակ ուղարկելը ի՞նչ էր նշանակում: Եկեք ազնիվ լինենք, հա՞: Ես ունեմ ինֆորմացիա, որ այդ նամակը վաղուց նախագահի ապարատում էր, ուղղակի իրեն ասել էին՝ եթե դու չհրապարակես, մենք ենք հրապարակելու: Այսինքն՝ այդ նամակը գնացել էր մինչեւ ամսի 12-ը, եւ գուցե այդ նամակից ոգեւորվա՞ծ էր ՀՀ նախագահը ելույթ ունենում, որովհետեւ գիտեր, որ Ծառուկյանի կողքը մարդ չկա: Այսինքն՝ երբ ՀՀ նախկին նախագահը ինչ-որ բաներ է ասում, իր ամեն մի բառը պետք է հավասարակշռված լինի: Կա՛մ պիտի ինքը անուններ տա եւ կոնկրետ փաստեր ներկայացնի, կա՛մ ավելի լավ է՝ լռել: Ես կոնկրետ փաստ եմ ասում՝ այն ծանր օրերին նրանցից ոչ մեկը չի ասել՝ ես էլ եմ Ծառուկյան, չի ասել՝ ինչում իրեն եք մեղադրել, ինձ էլ է վերաբերում, չի կանգնել անմիջապես կողքին ու նամակ է գրել»:

Մեր դիտարկմանը, որ գուցե անվստահությո՞ւն կար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, որ թիկունքում կարող է այլ պլաններ ունենա՝ Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց. «Կար անվստահություն, թող այդ մասին ասեին: Ես ասում եմ՝ ես շարժման մեջ եմ, բայց դա պայմանավորված է միայն Գագիկ Ծառուկյանով: Այդ մարդն էլ թող ասի՝ ես կասկածում էի Ծառուկյանին: Այսինքն՝ ազնիվ լինենք: Վերջապես քաղաքական կյանքում ազնվությունը պիտի տեղ ունենա՞, թե՞ չէ: Եթե մեկը մեղավոր է, գտնում եք, որ դավաճան է, անունը տվեք»:

Գառնիկ Իսագուլյանը հայտարարեց. «Ես միակ մարդն եմ, որ Ծառուկյանի հետ կապված շահ չեմ ունեցել: Այսօր Ծառուկյանը մենակ է, իր կողքին այսօր մարդ չկա: Մամուլի միջոցով ամեն մեկը խույս է տալիս՝ ես չկամ, ես չկամ: Ծառուկյանի մասին վախենում են որեւէ դրական բան ասել: Ես ասում եմ՝ այդ մարդը ազնիվ, պարկեշտ մարդ է, մեղավորը սրանք են: Հիմա ամեն մեկը փորձում է իշխանությունների հետ լեզու գտնել: Թող գտնեն, եթե դա հանուն հայրենիքի են անում, բայց չամաչեն դրա մասին ասել»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. susanna says:

    Մեկը մեկին պախարակելը հայի բրենդային սովորությունն է, կարծես, որոշների արյան մեջ է դա. Հայեր, կարող եք մի լավ բան անել ՀԱՅՐԵՆԻՔԻ համար արեք, թե չէ իրար ցեխը մտցնելով ոչ մի բանի չեք հասնի ա մ ո թ է շատ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031