Լրահոս
Օրվա լրահոսը

Չմահանալ, թանկ է

Մարտ 12,2015 17:00

Դեռեւս հին Եգիպտոսում փարավոններն ահռելի գումարներ, մարդկային ռեսուրսներ էին ծախսում իրենց հանդերձյալ կյանքը հարմարավետ եւ ճոխ դարձնելու համար: Փարավոնի մահից հետո հոգ էին տանում, որ հանգուցյալը հանդերձյալ կյանքում ապահովված լինի արդուզարդով, անոթներով, ըմպանակներով, կառքով։ Իսկ, օրինակ, Անգլիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը կազմակերպել է ապագայում սպասվող իր հուղարկավորության փորձերը, որպեսզի կողքից տեսնի իրադարձությունը:

Մինչդեռ Ղրղըզստանի Ուգենսկի շրջանում ձեզ կպատժեն, եթե կազմակերպեք «ճոխ» թաղում. Ղրղըզստանի տեղական խորհրդարանը մի օրենք է ընդունել, համաձայն որի՝ «ճոխ» թաղումներ կազմակերպող բնակիչները պետությանը կվճարեն տուգանք 500-1000 դոլարի սահմաններում: Հայաստանում հնարավորություն կա կազմակերպելու այնպիսի հուղարկավորություն, որի մասին երկար կխոսվի, եւ հուղարկավորություն կազմակերպողը զերծ կմնա որեւէ դրամական տույժից:

Սկսենք դիահերձման գներից. օրինակ՝ «Մալաթիա» բժշկական կենտրոնի ընդունարանում փակցված գների համաձայն՝ դիահերձումն ու բալզամացիան արժե 30 հազար դրամ, դեմքի սափրումն ու հարդարումը՝ 15 հազար դրամ, իսկ սառնարանում յուրաքանչյուր օրվա դիմաց արժեքը 5 հազար դրամ է. սա՝ պաշտոնական տվյալների համաձայն:

Նար-Դոս փողոցում գործող թաղման առուվաճառքով զբաղվող խանութներում դագաղի գները սկսվում են 25-30 հազար դրամից եւ հասնում մինչեւ 5 հազար դոլարի: Այն հարցին, թե տարեկան 5 հազար դոլար արժողությամբ դագաղներից քանի՞ հատ է վաճառվում, դագաղագործը, որը չցանկացավ ներկայանալ, նշեց, որ իր խանութում ավելի շատ հենց 5 հազար դոլար արժողությամբ դագաղներն են վաճառվում, քան ավելի էժան գին ունեցողները: Դագաղագործները նշում են, որ դագաղի գները մեծապես կախված են փայտի ու կտորի որակից, փորագրությունից: Իրականացվում են նաեւ սգո այլ ծառայություններ, տրվում են տարբեր պարագաներ: Միջին հաշվարկներով՝ տունը նման պարագաներով ձեւավորելը արժե 150 հազար դրամ (գինը փոխվում է՝ կախված պարագաների քանակից եւ տան մեծությունից):

Տարբեր են նաեւ սգո մեքենաների գները՝ սովորական կատաֆալկա Mercedes մակնիշի մեքենաները արժեն 30 հազար դրամ՝ 2 օրը, իսկ Cadillac մակնիշի կատաֆալկան 2 օրվա համար արժե 60-ից 100 հազար դրամ:

Հատկապես վերջին տարիներին հանգուցյալներին սկսել են տանել եկեղեցի եւ այնտեղ կազմակերպել հոգեհանգստի արարողությունը: Քահանայի մեկնաբանմամբ. «Եկեղեցում հոգեհանգստի եւ Սուրբ հաղորդության ժամանակ մենք հավատով աղոթում ենք, որ Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ Աստված ննջեցյալին իր սրբերի կարգը դասի։ Այսինքն` աղոթքով խնդրում ենք, որ ննջեցյալն Աստծո տեսությանն արժանանա»: Իսկ թե ինչքան դրամ կպահանջվի քահանայի ուղեկցական աղոթքներով երկնային կյանք հենց եկեղեցուց մուտք գործելու համար՝ կախված է ձեր գրպանի պարունակությունից:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի տրամադրած տվյալների համաձայն՝ Արարատյան Հայրապետական թեմում եկեղեցու սրահում հանգուցյալի դին դնել, գիշերն այնտեղ պահել եւ հոգեհանգստյան արարողություն կատարել արտոնված է Քանաքեռի Սբ.Հակոբ (ժամանակավորապես դադարեցված է), Մասիսի Սբ.Գեւորգ եւ Մալաթիայի Սբ.Աստվածածին եկեղեցիներում: Հայրապետական հրահանգի համաձայն՝ բացառիկ դեպքերում (անվանի, ճանաչված անձանց մահվան դեպքում)՝ նաեւ Կոնդի Սբ.Հովհաննես եւ Նոր Նորքի Սբ.Սարգիս եկեղեցիներում, որտեղ դին գիշերը չի պահվում: Մեզ տրամադրած տեղեկատվության համաձայն՝ թաղման արարողության համար որեւէ սակագին սահմանված չէ. վճարումը կատարվում է կամավորության սկզբունքով: Հանգուցյալի հարազատների ցանկությամբ հոգեհանգստի արարողությանը հրավիրված երգչախմբի յուրաքանչյուր անդամ վճարվում է 2-3 հազար դրամ, որքան սահմանված է Սուրբ պատարագի երգեցողության համար:

Սրան գումարած՝ եթե ընտանիքը չունի ընտանեկան գերեզմանատեղ, ապա պետք է ձեռք բերել նորը: 2006 թվականին ընդունված «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանների ու դիակիզարանների շահագործման» մասին օրենքը նախատեսում է մեկ մարդու համար 2,5 քմ, իսկ ընտանեկան գերեզմանի համար՝ 12,5 քմ անվճար տարածք ապահովել:

Մինչդեռ գերեզմանատներում հողակտորների պակասը թույլ է տալիս պատասխանատու պաշտոնյաներին ապօրինի կերպով մեծ գումարներ վաստակել: Գները տարբեր են՝ կախված տեղից. օրինակ՝ գերեզմանատան վերջում, որտեղ գնալը դժվարամատչելի է ու հեռու, տեղն արժե 500-600 դոլար, իսկ առաջին շարքերում գտնվող հողակտորների գները տատանվում էին 3-4 հազար դոլարի սահմաններում:

Ստացվում է, որ ամենաթանկ թաղում կազմակերպելը արժե մոտավորապես 4-5 միլիոն դրամ (այս գումարը չի ներառում հոգեհացի ծախսը):

Նշենք նաեւ, որ պետությունը կենսաթոշակառուի, հաշմանդամ ճանաչված անձի եւ որոշ սոցիալական խմբերի պատկանող անձանց մահվան դեպքում հատկացնում է թաղման նպաստ՝ 200.000 դրամի չափով:

ԶԱՐՈՒՀԻ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031