Լրահոս
Օրվա լրահոսը

Գծատերը հարկայինի դեմ դատական ոդիսականից հետո հաշմանդամ է դարձել

Մարտ 12,2015 16:00

Հարկային մարմինները որեւէ հաշվետվություն
ձեռներեցից չեն պահանջել 12 տարի շարունակ

Մարգար Հովհաննիսյանն անհատ ձեռնարկատեր էր:

Նա 1999 թվականի սեպտեմբերից մրցույթով շահել էր Երեւան-Բուժական երթուղու մեկ չվերթի տասն օրվա իրավունք, սակայն, ինչպես նա է ասում, սեպտեմբերի 1-ից «Եղվարդի տրանսպորտային ընկերության հրամանով» փոփոխվել է նախարարի կողմից հաստատված չվացուցակը, եւ նա, փաստորեն, հաղթելուց վայրկյաններ հետո զրկվել է երթուղին նորմալ սպասարկելու հնարավորությունից:

Մարգար Հովհաննիսյանն «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ այդ ժամանակ գրավոր պայմանավորվածություն չի եղել, որը կհամապատասխաներ իր հետ կնքված պայմանագրին:

«Եղել են իմ վրա ճնշում գործադրելու փորձեր, որոնց ես փորձել եմ ընթացք չտալ, նմանօրինակ արարքներ կատարվում են նաեւ այսօր, որի արդյունքում առողջությունս եմ կորցրել եւ դադարեցրել եմ գործունեությունս՝ մինչ առողջությանս վերականգնումը»,- ասում է նա:

«Առավոտի» տրամադրության տակ գտնվող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության որոշման համաձայն՝ 1958թ. ծնված Մարգար Հովհաննիսյանը 2-րդ կարգի հաշմանդամ է, «աշխատանքային գործունեության անկարող»:

Մրցույթը շահած գծատերը, դադարեցնելով գործունեությունը, այլ փորձության մեջ է հայտնվել:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Նաիրի տարածքային տեսչությունը դիմում է դատարան՝ ընդդեմ անհատ ձեռներեցի:

Ըստ գործի նյութերի, պարզվում է, որ Մարգար Հովհաննիսյանը մոտ երկու տարի աշխատելով, որեւէ հաշվետվություն չի ներկայացրել, նրանից ոչ ոք դրանք չի պահանջել 12 տարի շարունակ: Մարգար Հովհաննիսյանն անգամ չգիտեր, որ պետք է հաշվետվություններ ներկայացներ հարկային մարմիններին, քանի որ հարկային մարմինները նման պահանջ չեն դրել:

«Ի՞նչ հաշվետվության մասին կարող էր խոսք գնալ, երբ Մ. Հովհաննիսյանը 2000թ. սեպտեմբերին ոչ մի վճարում չի կատարել, մի՞թե հարկային տեսչությունը դրանից տեղյակ չէր: Հարկայինը որեւէ ստուգում չի կատարել՝ պարզելու համար, թե Մ.Հովհաննիսյանն աշխատո՞ւմ է, թե՞ ոչ, աշխատելու իրավունք ունե՞ր, թե՞ ոչ, իսկ եթե աշխատել է, ապա դա կառաջացնե՞ր վարույթ վարչական իրավախախտումների վերաբերյալ՝ ՀՀ օրենսգրքի 169-րդ հոդվածի խախտման հիմքով՝ ապօրինի ձեռնարկատիրության»,- առարկություններում նշել է ձեռներեցի ներկայացուցիչը:

Հարկայինը, ըստ ներկայացուցչի, դատարան անգամ չի ներկայացրել Մ.Հովհաննիսյանի անհատ ձեռնարկատիրոջ վկայականը. «Տվյալ դեպքում անհայտ է, թե դատարանն ինչի հիման վրա է իմ վստահորդին անհատ ձեռնարկատեր համարել, քանի որ լիցենզիան տրվել է նրան 08.04.1999 թվականին, դրանում նշվել է նրա գործունեության ժամկետը մինչեւ 2002թ.»,- ասում է Մարգար Հովհաննիսյանի ներկայացուցիչը:

Ի դեպ, այդ ժամանակ ստացված անհատ ձեռնարկատերի վկայականում նշվել է՝ ուժի մեջ է լիցենզիայի առկայության դեպքում:

Ըստ էության, հիվանդ ձեռնարկատերը չի ստացել նոր լիցենզիա, չի կատարել այնպիսի գործունեություն, որով կփաստվեր, որ նա անհատ ձեռնարկատեր է:
Հարկային տեսչության փաստարկները, որով նա կարողացել է դատական ատյաններում հաղթել, հետեւյալն է՝ Տեսչության կողմից կազմված 15.06.2011թ. «վարչական իրավախախտման վերաբերյալ» թիվ 508 արձանագրությամբ փաստվել է, որ Մարգար Հովհաննիսյանը «օրենքով սահմանված ժամկետներում» չի ներկայացրել 2010 թ. սոցիալական վճարի տարեկան եկամուտների մասին հայտագրերը: Դա է եղել պատճառը, որ անհատ ձեռներեցը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ վարչական տուգանքի:

Ըստ պետական ռեգիստրի 10.04.2012թ. տրված թիվ 47 տեղեկանքի՝ Մարգար Հովհաննիսյանը գրանցված է պետական ռեգիստրի Նաիրի տարածքային բաժնում, որպես անհատ ձեռնարկատեր՝ 1999 թվականից:

Սակայն նա վերաձեւակերպում չի արել:

Հարկայինը դատարան դիմելով՝ պահանջել է 583.779 ՀՀ դրամ գումար:
Ըստ դատարանի գնահատականի, հարկայինի պահանջը՝ 1999-2000 թվականների համար՝ 182.649 ՀՀ դրամի չափով բռնագանձելու՝ հիմնավոր է, քանի որ այդ ժամանակ անհատ ձեռնարկատերը լուծարված չի եղել: Սակայն տարօրինակ է, ինչո՞ւ է սահմանվում վաղեմության ժամկետը, ինչո՞ւ երեք տարիները բաց են թողնվել եւ ոչ ոք ոչ մեկից որեւէ պահանջ չի ունեցել:

Ըստ Մարգար Հովհաննիսյանի, իրենից անհիմն են բռնագանձել նշյալ գումարը: Անհատ ձեռներեցի գործի նյութերին ծանոթանալով՝ պարզվեց մի բան էլ. նա ժամանակին, դեռ 10 տարի առաջ, դիմել է պատկան մարմնին՝ լուծարման նպատակով, խոսքը «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի դրույթի լուծարման մասին է: Նկատենք, որ այդ օրենքը ուժի մեջ է մտել 2012 թվականից, մինչդեռ ձեռներեցի գործունեության ժամկետն ավելի վաղ էր:

Դատական առաջին ատյանը չի տեսել այս «բացթողումը», մինչդեռ վերաքննիչ վարչական դատարանն արձանագրել է, որ «գործի նյութերում չկա մի ապացույց, որի համաձայն 2006 թվականից Մարգար Հովհաննիսյանը շարունակել է իր գործունեությունը»:
Հարկային մարմինների համար սահմանվել էր, որ 2006 թ. հունվարի 1-ից մինչեւ պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման-լուծարման մասին գրառման պահը, նշված արտոնություններից օգտվող անհատ ձեռնարկատերերի նկատմամբ պարտադիր սոցիալական ապահովության վճարների նվազագույն գումարների հաշվարկման արգելք, միաժամանակ նույն նորմով հարկային մարմինները «ծանրաբեռնվել» են անհատ ձեռնարկատերերի ցանկերը պետական ռեգիստրի գործակալության համապատասխան, տարածքային մարմին ներկայացնելու պարտականությամբ:

Վերաքննիչը մերժել էր ավելի վաղ պահանջվող գումարների պահանջը, հանգելով այն մտքին, որ եթե հարկայինն անգործություն չցուցաբերեր, ապա վաղ ժամանակահատվածի համար գումար չէր բռնագանձվի:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031