Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային օպերային թատրոնի «կարապը» սպասված է հեղինակավոր բեմերում

Մարտ 12,2015 15:00

Ինչպես կինոյում, թատրոնում հաճախ էպիզոդիկ դերն ավելի տպավորիչ է եւ հիշարժան, այնպես էլ վոկալ-սիմֆոնիկ մեծամասշտաբ ստեղծագործություններում (կանտատ, օրատորիա) հանդիպում է մեներգչի համար գրված փոքր մեներգ կամ դերերգ, որն ուղիղ ասած՝ արժե մի ամբողջ գլխավոր պարտիա՝ ձայնածավալի ու կատարման առումով: Այդ առիթով վերջին շրջանում «Առավոտի» հետ զրույցներում մասնագետները հիշատակում են Ազգային օպերային թատրոնի մեներգիչ Պերճ Քարազյանի (տենոր) անունը՝ նշելով, թե նրա «կարապը», որ թեւեր է առել Երեւանի օպերային թատրոնում, թեւածում է աշխարհով մեկ: Երաժշտագետ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Նելլի Ավետիսյանին խնդրեցինք պարզաբանել, թե ի՞նչ կարապի մասին է խոսքը:

Մասնագետն ասաց, որ դա Կարլ Օրֆի «Կարմինա բուրանա» կանտատն է՝ գրված երգչախմբի, նվագախմբի եւ մեներգիչների համար, որի ստեղծման համար հիմք է հանդիսացել 13-րդ դ. մոտ 450 տարբեր ծավալի տեքստերի ձեռագիր հավաքածուն հին գերմաներենով, ֆրանսերենով ու լատիներենով՝ պահպանված բավարյան Ալպերի մոտ գտնվող Բենեդիկտյան մենաստանում: Այն հայտնաբերվել է 19-րդ դ. սկզբում ու հրատարակվել 1847թ.: Անդրադառնալով հիշյալ օրատորիայում Պերճ Քարազյանի «կարապին», երաժշտագետն ասաց. «Կարապի մեներգը գրված է հազվադեպ հանդիպող կոնտր տենոր ձայնի համար: Պերճն ունենալով շատ լայն դիապազոն, առանց ճիգերի կարողանում է հաղթահարել ամենաբարձր նոտաները՝ ձայնի ողջ ուժգնությամբ: «Կարմինա բուրանան», եթե չեմ սխալվում, 1990-ականների կեսերին Երեւանում հնչել է Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ՝ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի, ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ մեներգիչների կատարմամբ: Կարապի մեներգով էլ հանդես է եկել վաղամեռիկ տենոր Սուրեն Զուրաբյանը: Իսկ վերջին անգամ Երեւանում օրատորիան կատարվել է 2012թ., Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ՝ օպերային թատրոնի նվագախմբի, երգչախմբի եւ մեներգիչների մասնակցությամբ, կոնտր տենորի պարտիայով էլ հանդես է եկել Պերճը»:

Մեզ հետ զրույցում Պերճ Քարազյանը հայտնեց, որ առաջին անգամ կարապի մեներգով հանդես է եկել 2013թ., Չինաստանում. «Այդ տարի գերմանացի ճանաչված դիրիժոր Ռոլֆ Բեքի հրավերով այլ նախագծով էի մեկնել Պեկին: Նախագծի ավարտից հետո Բեքը ղեկավարելու էր «Կարմինա բուրանան», որտեղ ես ընդգրկված չէի: Բայց քանի որ չինացի տենորը հրաժարվեց, գերմանացի կոնտր տենորը վատառողջ էր, դիրիժորն այդ փոքր մեներգը վստահեց ինձ, եւ դրանից հետո ես դարձա, դիրիժորի ձեւակերպմամբ՝ երբեւէ հանդիպածս ամենալավ կարապը: 2014-ին էլ, դարձյալ Բեքի հրավերով ու նույն մեներգի կատարման համար մեկնեցի Գերմանիա, Հարավային Կորեա եւ Չինաստան: Երբ Շանհայի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, այսօր Չինաստանի դասական երաժշտարվեստում առաջին դեմք հանդիսացող Լոնգ-Յուն առաջին փորձի ժամանակ լսեց ինձ, դառնալով մաեստրո Բեքին, ասաց՝ դու ճիշտ էիր, սա ուղղակի անհավատալի է… Հիմա էլ պատրաստվում եմ կրկին նույն մեներգը կատարելու համար մեկնել Բրազիլիա»:

Զրույցի ընթացքում մեր զրուցակիցը նշեց, որ վերջերս է վերադարձել Սանկտ Պետերբուրգից, ուր տեղի թանգարաններում հանդես է եկել իտալացի, ռուսաստանցի կոլեգաների հետ: Հրավերը ստացել է «Սանկտ Պետերբուրգի պալատները» ամենամյա փառատոնի տնօրեն, ճանաչված ջութակահար Մարիա Սաֆարյանցից: Դիտարկմանը՝ անցյալ տարի էլ մեր հայրենակցուհու հրավերով ելույթներ է ունեցել Սանկտ Պետերբուրգում, տենորը պարզաբանեց, որ Մարիա Սաֆարյանցի հետ առաջին հանդիպումը կայացել է 2014թ.՝ դարձյալ Սանկտ Պետերբուրգում, որտեղ ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, տեղի նվագախմբի եւ մեր թատրոնի մեներգիչներ Անահիտ Մխիթարյանի, Քրիստինե Սահակյանի եւ Հովհաննես Ներսեսյանի հետ ինքն էլ ունեցել է անմոռանալի համերգ: Իմիջիայլոց, Մարիա Սաֆարյանցի նախաձեռնությամբ թողարկվել է այդ համերգի տեսաերիզը ու նվիրվել Հայոց եղեռնի 100-ամյա տարելիցին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Պերճ Քարազյանը՝ Կարապի մեներգը կատարելիս (Բեռլին): 

«Առավոտ» օրաթերթ
11.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031