Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կրթական համակարգը փորձադաշտ չէ

Մարտ 12,2015 14:30

Մտորումներ՝ «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» մասին

Խորհրդային տարիներին նկարահանված ֆիլմերից մեկում հնչում էր այսպիսի արտա­հայ­տություն.« Մարդու դեմքը բաց գիրք է, եթե այն պատկանում է ապուշի»: Ընդհանրացնելով՝ կարելի է ասել, որ երկրի դեմքը նույնպես չպետք է բաց գիրք լինի: Այստեղից ակնհայտորեն կարելի է եզրակացնել, որ տվյալ պետության առջև ծա­ռա­ցած խըն­դիր­ները, կամ ինչպես ընդունված է ասել մարտահրավերները, այս առու­մով, անհրա­ժեշ­տո­րեն կարելի է բաժանել երկու խմբի՝ փակ և հա­մա­ժողո­վրդա­կան քննարկման ենթակա: Եր­կու­ դեպքում էլ անտեսումը ծանր հար­ված կարող է հասցնել ազգի ապագային:

Փակ քն­նարկման ենթակա գրեթե բոլոր խնդիրներն անմիջականորեն առնչ­վում են պե­­տա­կան ան­վտան­­գության հետ և, անհրաժեշտորեն, պետք է հասու լինեն միայն խիստ սահ­մանափակ թվով իրավասու անձանց՝ բացառելով ԶԼՄ-ների և լայն հասարակական շեր­տերի մասնակցությունը: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող, սա­կայն ներ­կա­յումս մեր հան­րապետությունում առկա է վստահության պա­կաս՝ պայ­մա­նավորված բարո­յա­կան նոր­մե­­րի և արժեհամակարգի խեղաթյուրմամբ: Սա չա­փա­զանց ծավալուն հարց է և ենթակա է առանձին վերլուծության համա­պա­տասխան մաս­նագետների կողմից: Լայն քննարկման ենթակա հարցերի խմբից ուզում ենք առանձնացնել կրթու­թյունը՝ որպես այդ բնագավառում երկար տարիներ աշխատած մասնագետներ, քանի որ այն նույն­պես անմիջականորեն առնչվում է ազգային անվտանգության խնդրին:

Ինչպես նշել ենք մեր բազմաթիվ հրապարակումներում, այս բնա­գա­վա­ռում ավան­տյու­­րիստական մոտեցումներով, աշխարհում առաջինը և միակը լինե­լու մար­մաջով պայ­մա­նավորված սխալները կործանարար են և կբա­ցա­հայտ­վեն երկար տարիներ անց, երբ, ինչպես ասում են, բանը բանից անցել է: Քանի որ կրթությունը ցան­կա­ցած պե­տության առաջընթացի (առանց բա­ցա­ռության այստեղ ներառվում են բոլոր ոլորտնե­րը) “ալֆան” և “օմեգան” է, ֆունկ­ցիոներական մոտե­ցում­­­ներն այստեղ ոչ թե ան­ցան­կալի են, այլ պետք է հավասարեցվեն դա­վաճանության: Ուս­տի և կրթահա­մա­կար­գում արվող ցանկացած ար­մա­տական փոփո­խու­թյուն անհրա­ժեշ­տո­րեն պետք է լուրջ փոր­ձա­քննու­թյան են­թարկվի վերկուսակցական և վեր­քաղաքական անկախ մարմնի կողմից՝ կազ­մված բուհերի, դպրոցների, կրթության ազ­գային ինստիտուտի, գի­տու­թյուն­ների ազգային ակա­դեմիայի և այլ շահագրգիռ կազ­մա­կեր­պու­թյուն­ների լավագույն մաս­­նա­գետ­նե­րից (տես, օրինակ, Լ.Ս. Աս­լան­յան, Ռ. Մ. Ավագյան, Հ. Ս. Կարայան: Թիթեռնիկի է­ֆեկ­տը և կր­թա­կան համակարգը: Առավոտ, 26.02.14):

Հատուկ ընդգծենք.

Այս օղակներից որևէ մեկն ի զորու չէ միայնակ իրակա­նաց­նել այս հսկայածավալ և պատաս­խա­նա­տու գործը: Մենք արդեն սխալվելու ոչ ժամանակ ունենք, ոչ էլ՝ ռեսուրս, իսկ կրթական համակարգը փորձադաշտ  չէ: Ազգային կրթական համակարգի ար­մատ­ներում օտարամոլությունը և օտարապաշտու­թյունը չպետք է տեղ ունե­նան և որևէ օտար երկրի կարծիքը առաջ­նա­յին լինել չի կարող այն պարզ պատճառով, որ նրանք, այլաբանորեն ասած, “այս կաթսայում չեն եփվում”:

Ցավոք սրտի, կրթության վերաբերյալ վերջին տարիներին որդե­գր­ված մոտե­ցում­­ները չեն վկայում այս հարցի կարևորությունը գիտակցելու մասին: Ոչ հեռու ան­ցյա­լից բերված օրի­նակները թույլ կտան հավաստել այս պնդման ճշմարտա­ցիու­թյունը:  Վերջին քսան տարիների ընթացքում կրթական համակարգում կատարված և կա­տար­վող բոլոր փոփոխություններն անհեռատես փորձարարության վառ օրինակ են: Նշենք դրան­ցից մի քանիսը, որոնք ճակատագրական և կործանարար են դպրոցական կրթական հա­մա­կար­գի համար՝ ուսուցիչների օպտիմալացում, անցումը տասներկուամյա կրթության, շախմատի ներառումը որպես ընդհանուր առարկա, պլանշետների ներմուծումը տարրական դպրոց (2015 թվականի սեպտեմբեր): Չկա նախադեպ, որ առաջարկվող յուրաքանչյուր կտրուկ փոփոխություն լայն քըն­նարկման ենթարկվի շահագրգիռ կազմակերպություններում կամ մասնագի­տա­կան հանձ­նա­ժողովներում: Միայն մեկ անգամ՝ տասներկուամյա կրթա­համակարգի անցման վերա­բեր­յալ կազմակերպվեց քննար­կում Երևանի պետական համա­լսա­րա­նում՝ չափազանց խոսուն վերջաբանով: Բար­ձրաց­ված ոչ մի սկզբունքային հարց չդրվեց հանրային քննարկման և առա­վել ևս չստացավ իր հիմնավորումն ու մեկ­նա­բա­նու­թյունը: Իսկ ներկայացված հայե­ցա­կարգն ընդունվեց որպես հիմք: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք՝ ավագ դպրոց, որից բո­ղո­քում են բոլորը՝ թե ծնողները, թե ման­կա­վարժ­ները, թե աշակերտները: Չմեղանչելու հա­մար նշենք, որ կա մի կազ­մա­կեր­պու­թյուն, որը հիացած է այդ փոփոխություններով: Դա կրթության և գի­տու­թյան նա­խա­րա­րու­թյունն է:

Ներկայումս նոր ծանր հարված է նախապատրաստվել կրթական հա­մա­կար­գին`“Կր­­թու­­թյան գերազանցության ազգային ծրագիրը” (ԿԳԱԾ), որը, հերթական անգամ, փակ դռնե­րի ետևում ըն­դուն­վել է որպես գործողության պլան և նոր ներկայացվում է հան­րա­յին քըն­նարկ­­ման: Ի միջի այլոց ասենք, որ նման մի ճակատագրի էլ արժանացել է պլանշետների կի­րառ­ման վե­րա­բերյալ օրինագիծը, որը նույնիսկ քննարկման չի ներկայացվել:

Սա հերթական էքս­պե­րի­մենտ է, որ առանց հետևանքների լուրջ վերլուծության փա­թաթ­վում է ազգի վզին։ Նույնիսկ ծրագրի անվանումը գեղեցիկ բա­ռերի աբսուրդ և ոչինչ չար­տա­հայտող զուգորդում է, իսկ բուն փաստաթուղթը՝ օտարալեզու սկզբնաղ­բյու­րի, մեղմ ասած, անհաջող թարգմա­նու­թյուն։ Այն աքսիո­մա­տիկ սխալներով ծրա­գիր է և գործարկվելու դեպքում դատա­պարտ­ված է ձախողման։

Հետևաբար, քանի դեռ ուշ չէ, հարկ է կասեցնել այդ նախագծի գործարկելը, ստեղ­ծել փորձագիտական հանձնաժողով՝ ազգային դպրոցի հիմնասյուները և մոտե­ցում­ները մշա­կե­լու համար: Հապաղելն, իհարկե, կործանարար է, սակայն ոչ պակաս կործանարար է նաև շտապողականությունը և փակ դռների ետևում քննարկումները:

ԿԳԱԾ-ի ամբողջ առանցքը կառուցված է հետևյալ պնդման վրա՝ կրթական հա­մա­կար­գի վիճակն անմխիթար է, քանզի որակյալ մաս­նագետները չեն ցանկանում աշխատել դպրոց­ներում: Եթե դիմենք պատ­մու­թյանը, ապա կտեսնենք, որ հետպատերազմական շրջանում, ուսուցիչների թվա­քա­նակի խիստ նվազման պատճառով, ներգրավվում էին նույնիսկ տվյալ տարվա՝ առաջադիմությամբ և գիտե­լիք­ներով աչքի ընկ­նող շրջանավարտները, ով­քեր չունեին մանկավարժական անհրաժեշտ փորձ: Եվ խոր­հըրդա­յին դպրոցը կա­յացավ ու աշխարհին կարճ ժամանակում ներկայացավ հզո­րա­գույն գիտնա­կան­­նե­րով: Հե­տևաբար, ԿԳԱԾ-ում պատճառա-հետևանքային կապի խառնա­շփոթ կա, ինչը լուրջ ան­հան­գստու­թյուն է առաջացնում առաջարկվող լուծումների վերա­բերյալ:

Ամբողջ փաստաթուղթը օտարամոլության վառ օրինակ է և հեղեղված է այլ եր­կրնե­րի փոր­ձի գովերգմամբ: Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների կրթական համակարգի ուռ­ճացված գովերգումը խիստ միակողմանի է և լուրջ կասկածներ է ներշնչում, քանզի բա­ցակայում է հայկական իրականության մեջ այդ կրթահամակարգի ներդրման առանձ­նա­հատ­կությունների վերլուծությունները:

Լուրջ չէ նաև “Այբ” կրթահամալիրի դրական փորձի մեջբերումը: Ընտրյալ աշակերտների հետ աշխատանքի մեթոդիկան հանրակրթական դպրոցների վրա տարածելիս աղետն անխուսափելի կլինի: Ի միջի այլոց նշենք, որ ժողովրդկան լեզվով ասած “ուսման ծարավ”  աշակերտներն իրենք են պարտադրում ուսուցչին զբաղվել ինքնակրթությամբ՝ դասարանի առջև ամոթով չմնալու համար:

Պարունակում է խրթին և կոռուպցիոն ռիսկեր պարունակող պնդումներ, որոնց անդ­րա­դառ­նալն այստեղ անհարկի է:

Վստահություն չի ներշնչում այն հանգամանքը, որ ամբողջ ծրագրային փաթեթը նա­խա­պատ­րաստվում է “Այբ” փորձարարական ավագ դպրոցի կոլեկտիվի կողմից՝ առանց առա­ջա­տար բուհերի հետ համաձայնեցնելու: Անուշադրության է մատ­նված մի կարևոր հանգամանք, որ շրջանավարտների գիտելիքների պաշարը պետք է բավարարի բուհի կողմից ներկայացվող պահանջներին, ուստի և ցանկացած ծրագրային փաթեթ պետք է համաձայնեցվի:

Վերջապես, նշված ծրագիրը կարող է հավակնել լավ դասատու, սակայն ոչ բար­ձրա­կարգ ուսուցիչ պատրաստելուն:

Եվս մի տպավորություն փաստաթղթի ընթերցումից, ինչպես նաև ծրագիրը ներ­կա­յաց­նող­ների բանավոր ելույթներից (օրինակ, ԵՊՀ՝ 26.02.2015թ., հեռուստա­տե­սու­թյուն “Ազատ գոտի”, Հ1՝ 26.02.2015թ.): Իլֆի և Պետրովի երևակայությամբ նկա­րա­գրված Նյու Վասյուկին խամրում է ԿԳԱԾ-ի խոստումների համեմատ։ Ցանկացած սթափ մտածող անձի համար սա լուրջ հիմք է զգուշանալու համար:

Անդրադառնանք մի հարցի ևս: Կրթության գերազանցության ազգային ծրագրի հիմ­նա­սյուներից է մենտո­րու­թյու­նը (ըստ ծրագիրը ներկայացնողների):

Պարոնայք, հեղինակներ: Օտարալեզու, անհասկանալի տերմիններն ունեն միայն մեկ նպատակ՝ խճճել սթափ մտածողությունը: Փոքրիկ հիշեցում:

Մենտորը Ոդիսևսի ընկերն էր, ում վստահվել էր նրա որդի Տելեմաքոսի դաս­տիա­րա­կու­թյունը: Փոխաբերաբար մենտոր՝ նշանակում է խորհրդատու, ղե­կա­վար, պատանեկության դաստիարակ (տես Մ. Ն. Բոտվիննիկ և այլք: Դիցաբանական բառարան, Երևան 1985թ.):

Այն, որ փորձառու ուսուցիչները պետք է լինեն երիտասարդ ուսուցիչների հա­մար դաս­տիարակի, խորհրդատուի կարգավիճակում ոչ պակաս կարևորությամբ դրված էր դեռևս խորհրդային դպրոցի հիմքում: Այս առումով, խորհուրդ ենք տալիս վերանայել ՛՛Կապրենք մինչև երկուշաբթի՛՛ ֆիլմը՝ նկա­րա­հան­ված 1968 թվականին (կամ այդ ժամանակահատ­վա­ծում դպրոցական թեմայով նկա­րա­հանված ցանկացած այլ ֆիլմ): Եվս մի դիտարկում: Մեն­տո­­րության սկզբունքի վախ­ճա­նը հայաստանյան դպրոցներում սկսվեց հենց ուսուցիչների օպ­տի­մալացումից:

Տեղին է հիշեցնել մի անեկդոտ:

Երիտասարդ հեղինակն իր ստեղծագործությունը ներկայացնում է վաստակաշատ կոմպոզիտորին: Լսելուց հետո նա ասում է.

-Ձեր ստեղծագործությունում կա և լավ և նոր բան, սակայն այն ինչ լավն է նոր չէ, իսկ այն ինչ նոր է՝ լավը չէ:

Ամփոփենք ասվածները: Կրթության որակի բարելավումը պայմանավորել միայն ուսուցիչների որա­կա­վոր­մամբ, կամ արտասահմանյան ծրագրերի ներդրմամբ, չափազանց միա­կողմանի է և սկզբունքորեն` սխալ: Հարկավոր է հաշվի առնել, որ պահանջարկն է ծնում առա­ջարկ, իսկ ներկայումս մեր հանրապետությունում, ինչպես ցույց են տալիս վիճա­կա­գրա­կան վերլուծությունները, կիրթ մասնագետը չի կարողանում իր լիարժեք տեղը գտնել (կար­ծես թե երկիրն այդպիսի մասնագետների կարիք չունի): Հու­սանք, որ դա ժամանակավոր երևույթ է այն պետության համար, որը գիտելիքահենք տնտե­սու­թյուն ստեղծելու հավակ­նու­թյուններ է ներկայացնում:

Հետևաբար, կրթական համակարգի առողջացմանը նպատակամղված քայլերի հաջորդականությունն անհրաժեշտ է բաժանել մակարդակների:

Բարոյական մակարդակ

Գործնականորեն մատաղ և երիտասարդ սերնդին ապացուցել, որ կիրթ և լավ մաս­նագետ լինելն ավելի պատվաբեր և շահավետ է, քան փողոցային մանր-մունր առ ու ծախով զբաղվելը:

Գործնականորեն ուսուցչին վերադարձնել սրբերի պատվանդանին, “գոնե մասամբ”:

Կազմակերպչական մակարդակ

Խստագույն վերլուծության ենթարկել գործող կրթական համակարգը` ազատելով այն վերջին տարիների անհետևողական և կործանարար նորամուծություններից:

Մշակել  այնպիսի քննական համակարգ, որն իրականում բացահայտի ստուգ­վող­ների մտա­ծելակերպը, վերլուծելու ունակությունը, գիտելիքների պաշարը, այլ ոչ թե զար­գաց­նի գուշակությունը կամ խաղամոլի հոգեբանությունը: Այդ համակարգը պետք է նպատա­կա­մղված լինի խթանելու ինքնազարգացման և գիրք կարդալու ցանկությունները:

Կրթական մակարդակ

Օպտիմալացնել կրթական ծրագրերը՝ դպրոցական և բուհական համակարգերը դի­տար­կե­լով որպես մեկ ամբողջություն: Անհրաժեշտ է նաև բեռնաթափել ծրագ­րերը՝ համա­պա­տաս­խանեցնելով մատաղ սերնդի տարիքային առանձնահատկու­թյուն­ներին:

Լրջագույն վերլուծության ենթարկել դասագրքերի բովանդակային կառուցվածքը, ինչպես նաև շարադրման մատչելիությունը;

Նշված և մի շարք նմանատիպ այլ միջոցառումների իրականացումից հետո նոր ան­հրա­ժեշտ է անդրադառնալ ուսուցիչների որակավորմանը ներկայացվող պահանջների խստաց­մանը:

Ասվածները վկայում են, որ  ներկայացվող“Կրթության գերազանցության ազգային ծրա­գիրը” մեղմ ասած անկատար է, առատ սկզբունքային սխալներով և կիրառման դեպքում կունենա կոր­ծա­նա­րար հետևանքներ առկա կրթական համակարգի համար: Փորձառու ժողովրդի խոսքով ասած՝ հոնքը շինելու փոխարեն, աչքը կհանենք:

Եկեք առանց այդ էլ խարխլված կրթական համակարգը մեկ անգամ ևս փորձադաշտ չդարձնենք:

ՌՈԼԱՆ ԱՎԱԳՅԱՆ ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, ֆ.մ.գ.դ, պրոֆեսոր

ՀԱՄԼԵՏ ԿԱՐԱՅԱՆ ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, ֆ.մ.գ.դ, պրոֆեսոր

ԼԵՎՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ ֆ.մ.գ.դ, պրոֆեսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031