Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Ռոստոմյան. «Բաքու մեկնելու որոշումը կայացվեց նաեւ ֆեդերացիաների միաձայն քվեարկությամբ»

Մարտ 12,2015 14:00

Երեկ կայացած ՀԱՕԿ-ի գործկոմի նիստում որոշվել է, որ Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը մասնակցելու է այս ամռանը Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին օլիմպիական խաղերին, ինչի մասին տարածվել է պաշտոնական հաղորդագրություն:

«Առավոտը» նիստից հետո հանդիպեց ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ եւ փորձեց պարզել մի քանի մանրամասներ:

– Որոշվե՞լ է, թե Հայաստանը քանի մարզաձեւերից է մասնակցելու:

– Այո: Մեր օլիմպիական հավաքականները հանդես կգան վեց մարզաձեւերում. Ըմբշամարտ, բռնցքամարտ, ձյուդո, սամբո, հրաձգություն եւ թաեքվոնդո:

– Ձեր նշած մարզաձեւերի ֆեդերացիաները ներկա՞ էին քննարկմանը, որը, կարծում եմ, հեշտ չի եղել:

– Անպայման: Առանց նրանց մասնակցության որոշում չէր կարող կայացվել: Բացի գործկոմի անդամներից ներկա էին այդ ֆեդերացիաների լիազորված պատասխանատուները: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ նշեց, որ թեեւ ՄՕԿ-ի ու ԵՎՕԿ-ի նախագահություններն ամենաբարձր մակարդակով մեր մարզիկների անվտանգության երաշխիքներ են խոստացել, սակայն մասնակցության հարցը պետք է վերջնականապես որոշվի միայն մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանգամանալից քննարկումների արդյունքում: Ի դեպ, պարոն Ծառուկյանն անցած տարի Հայաստան կատարած այցելության ժամանակ այս մասին տեղեկացրել է նաեւ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախին ու ԵՎՕԿ-ի նախագահ Պատրիկ Հիկիին:

Բոլոր խնդիրների շուրջ մանրամասն քննարկումների արդյունքում քվեարկությամբ միաձայն որոշվեց, որ Հայաստանի օլիմպիական հավաքականները կմեկնեն Բաքու:

– Իսկ եթե որոշվեր, որ չենք մասնակցելու, դա ի՞նչ հետեւանքներ կարող էր ունենալ:

– Քանի որ մասնակցելու որոշում արդեն կայացվել է, այդ թեմային անդրադառնալու իմաստ չեմ տեսնում:

– Այնուամենայնիվ: Հայ մարզասերներին դա հետաքրքրում է:

– Միջազգային մարզաշխարհում կան հաստատված օրենքներ, որոնց կատարումը պարտադիր է բոլորի համար: Չի կարելի բացառել, որ հակառակ դեպքում մենք կարող էինք կտրվել միջազգային ընդհանուր ընտանիքից, ինչը կարող էր մեծ վնասներ պատճառել հայկական սպորտին:

– Որքան տեղյակ ենք, Բաքվի ամառային խաղերը մարզական առումով ապագայի համար ոչինչ չեն տալու: Մեր հավաքականներն առաջին համարներո՞վ են համալրված լինելու:

– Սա այն դեպքն է, երբ «կարեւորը մասնակցելն է» օլիմպիական կարգախոսը մեր պարագայում չի գործում: Եթե մասնակցելու ենք, ապա լավագույն մարզիկներով, որոնք պայքարելու են հաղթելու համար եւ Հայոց ցեղասպանության 100-ամյակի խորհրդանշական տարում ամեն մի հաղթանակը նվիրելու են 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակին:

– Չմոռանանք, որ մրցումներն անցկացվելու են հարեւան երկրի մայրաքաղաքում ու դժվար չէ ենթադրել, որ այնտեղ հնարավոր ամեն բան արվելու է, որպեսզի մեր եռագույնը չբարձրացվի: Նկատի ունեմ մրցավարությունը:

– Մենք արդար մրցավարության հետ կապված մտավախություններ միշտ էլ ունենում ենք: Ու կարեւոր չէ, թե մրցումը որ երկրում է՝ Ադրբեջանո՞ւմ, թե՞ մեկ այլ երկրում: Դրա համար առաջին հերթին մեր մարզիկները պետք է մեկ գլխով բարձր գտնվեն, որպեսզի ոչ մի մրցավար որեւէ բան անելու տարբերակ չունենա: Բացի այդ, մինչեւ Եվրոպական խաղերի մեկնարկը դեռ ժամանակ կա ու մենք բավականին աշխատանք ունենք կատարելու իրավիճակը մեր վերահսկողության տակ պահելու առումով: Դա վերաբերում է թե մեր մարզիկների իրական անվտանգությունն ապահովելուն, թե մրցավարությանը: Այդ ուղղությամբ աշխատում ենք եւ ՄՕԿ-ի ու ԵՎՕԿ-ի եւ միջազգային ֆեդերացիաների հետ:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031