Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է «պարադիգմայի շեղում»

Մարտ 12,2015 12:00

«Աբիժնիկի» տեսակից դեպի «պայքարող տեսակը»

«ԲՀԿ-ի խնդրի» հանգուցալուծվելուց հետո առայժմ նշաններ չկան, որ ընդդիմությունը պատրաստ է սթափ վերլուծելու հասարակական հերթական ֆրուստրացիան եւ փոխելու իր՝ երկու տասնամյակի ընթացքում ձեւավորված մտածելակերպը: Ներկայումս ընդդիմության հիմնական բացատրությունն այն է, որ «համաժողովրդական շարժումը» (այսինքն՝ փողով հանրահավաքների բերված մարդիկ, սպորտային կառույցների եւ Կոտայքի մարզի ներկայացուցիչները) «քիչ էր մնում» հեղափոխություն անեին, բայց իշխանությունն ուժային մեթոդներ կիրառեց, եւ հեղափոխություն չկայացավ: Դա ինձ հիշեցնում է պատանեկության տարիներս, երբ իմ ընկերներից ոմանք գնում էին Մոսկվա՝ ընդունվելու МГИМО (Միջազգային հարաբերությունների մոսկովյան պետական ինստիտուտը՝ Սովետի «ամենաէլիտար» բուհը), դուրս էին մնում կես բալով, հետո վերադառնում էին Երեւան, պատմում էին, որ նրանք «քիչ էր մնում» ընդունվեին:
Նախ՝ ճիշտն ասած, կասկածում եմ, որ այս անգամ հեղափոխությունն այդքան մոտիկ էր: Երկրորդ՝ արձանագրենք, որ, հաշվի առնելով ԲՀԿ-ի յուրահատկությունը, ուժային մեթոդները բավականին «մեղմ էին»՝ առանց փողոցներում հայտնված տանկերի: Չնայած, եթե պետք լիներ, իհարկե, դա էլ կանեին: Բայց ամենակարեւորը վերլուծելն է, թե ինչու իշխանությունները 20 տարի շարունակ հնարավորություն ունեն օգտագործելու այդ ուժային մեթոդները:

Ընդդիմադիրները հաճախ հարցնում են վերլուծաբաններին՝ ինչո՞ւ եք խոսում մեր սխալների մասին եւ չեք ասում, թե որքան վատն է իշխանությունը: Փորձեմ պատասխանել այդ հարցին. որովհետեւ իշխանությունները ոչ մի պատճառ, ոչ մի անհրաժեշտություն չունեն «լավը լինելու»: Ոչ ՀՀՇ-ն (1991-ից հետո), ոչ քոչարյանական ուժերը, ոչ էլ հիմա ՀՀԿ-ն կարիք չունեին ու չունեն՝ հանդես գալու որպես քաղաքական ուժ, ինչ-որ գաղափարներ, ելքեր առաջարկելու կամ թեկուզ բնակչության կենսամակարդակը բարձրացնելու: Իշխանության միակ մտահոգությունը եղել է եւ կա ուժային, վարչական լծակները, ինչպես նաեւ քրեականացված ջոկատները «մարտական վիճակում» պահելը: Եթե դա Հայաստանում եւ հետխորհրդային այլ երկրներում բավարար է՝ իշխանություն պահելու համար, էլ ի՞նչ նպատակով պետք է «գլուխ ցավացնեն» այլ բաների համար: Օբաման, Մերկելը կամ Օլանդը նրանց տեղը լինեին, ճիշտ նույն ձեւով կվարվեին: Բայց նշված առաջնորդների երկրներում պետական մեխանիզմներն այնպես են կառուցված եւ հասարակական ճնշումն այնպիսին է, որ նրանք չեն կարող իշխանություն պահել միայն ոստիկանության, հարկայինի կամ «գողականների» միջոցով: Հենց դրա համար էլ նրանք ուրիշ բաների մասին էլ են մտածում, լավ թե վատ՝ ուրիշ հարց: Պետք չէր լինի, մատը մատին չէին խփի:

Հենց դրա համար էլ իշխանության վարքագիծը վերլուծելու կարիք չկա՝ դա ստանդարտ է, որը գործում է 20 տարի: Կարիք կա վերլուծելու մնացած քաղաքական ուժերի, հասարակական կառույցների եւ մեր՝ քաղաքացիներիս վարքագիծը: Դրա համար պետք է այն, ինչ Արեւմուտքում անվանում են «պարադիգմայի շեղում», այսինքն՝ մոդելի փոփոխություն՝ այնպես, ինչպես Էյնշտեյնը ոչ թե հերքել է Նյուտոնի ֆիզիկան, այլ հարստացրել է, ընդլայնել է, «ընդհանրացրել է» այն:

90-ականներին ԱԺՄ-ն, ՀՅԴ-ն եւ մի շարք այլ կուսակցություններ ասում էին ժողովրդին՝ «ՀՀՇ-ն ձեզ թալանում է», 2000-ականներին «Ազգային միաբանությունը», ՀԺԿ-ն եւ այլ ուժեր պնդում էին՝ «քոչարյանականները ձեզ թալանում են», այսօր ՀԱԿ-ը (նախկին ՀՀՇ-ն) եւ մյուսները հայտարարում են՝ «ՀՀԿ-ն ձեզ թալանում է»: Այդ քարոզչության նպատակն ակնհայտ է՝ քաղաքացին պետք է զգա, որ իր բոլոր նյութական դժվարությունների պատճառը իշխող քաղաքական ուժն է, որոշ անձինք են, որոնք զրկում են նրան այն բարիքներից, որոնք «արդար բաշխման» պարագայում կհասնեն այդ քաղաքացուն: Դա մարդկանց մեջ պետք է որ ցասում առաջացնի եւ մղի հեղափոխության:

Հասարակական, քաղաքական գործիչներին, լրատվամիջոցներից շատերին թվում է, որ այդպիսով նրանք դաստիարակում են քաղաքացիների «պայքարող տեսակը»: Իրականում նրանք դաստիարակում են «աբիժնիկների տեսակը», որոնք լուրջ ընդվզման ընդունակ չեն: Մարդիկ ապրում են այն մոլորության մեջ, որ ինչ-որ տեղ կա բարգավաճ կյանք, որը ԱԺՄ-ն, ՀԺԿ-ն կամ ՀԱԿ-ը ի վիճակի են իրենց համար ապահովել: Եվ երբ չեն ապահովում, նրանք ավելի շատ են նեղանում:

Մինչդեռ «պայքարող տեսակն», իմ կարծիքով, նա է, ով ամեն օր ջանք է գործադրում իր եւ իր մերձավորների կյանքը բարելավելու համար: Դա է ցանկացած հասարակական եւ քաղաքական պայքարի հիմքը: Թախտի (համակարգչի առաջ) վրա նստելն ու բողոքելը «պայքարող տեսակ» անվանելով՝ իհարկե, ավելի հեշտ է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ջիվան Նադարյան says:

    Լիովին համաձայն եմ Ձեր վերլուծությանը Հարգելի Արամ: Առայժմ մեզ պակասում են առողջ մտածողության, ազնիվ և բանիմաց քաղաքական գործիչներ, հասարակություն, ՀՀ քաղաքացիներ, բայց լիահույս եմ որ այդ օրը կգա, երբ դրա պակասը չենք ունենա և մենք էլ առաջ կգնանք:

  2. Samvel says:

    Անկապություններ Եք ասում : Լրատվամիջոց Եք, դե պայքարեք բավականին ինֆորմացիաի Եք տիրապետում, ամենավերեւներից կամաց-կամաց լույս աշխարհ (ժողովրդի համար) հանեք: Թե- չէ ընդիմությունն այսպես է- այնպես է: Իսկ իշխանություններին իրենց օվ լինելը ասելը որակվում է որպես «աբիժնիկների տեսակ», երեւի իշխանավորին էլ որակեք «շնորհքով տեսակ»:Ամոթ է՜…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031