«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը մարտի 11-ին «Նյութ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ եթե փետրվարի 20-ին հանրահավաք տեղի ունենար եւ ոչ իշխանական ուժերը հասնեին իշխանափոխության, առաջանալու էր քաոսային իրավիճակ. «Այն մարդիկ, որոնք փետրվարի 12-20-ը բացարձակ մենակ էին թողել պարոն Ծառուկյանին հայտնվելու եւ պահանջելու էին իշխանության իրենց բաժինը, որովհետեւ մինչեւ փետրվարի 12-ը՝ նախորդ քննարկումներում, առեւտուր էր գնում. Բոլորին թվում էր, թե իշխանություններն ընկրկում են եւ շուտով իշխանափոխություն կլինի, մարդիկ արդեն ցուցակներում գոնե առաջին քսանհինգ համարներում իրենց էին պատկերացնում»:
Հարցին, թե առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւս քննարկե՞լ են պաշտոնների հարցը, նա պատասխանեց.
«Երբ որ պարոն Ծառուկյանն ուզում էր եռյակն ընդլայնել եւ նոր քաղաքական ուժերի ներգրավել, դրան բացարձակապես դեմ էր Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ինչու ոչ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը: Քննարկվել են հարցեր, այդ թվում՝ նաեւ իմ հարցը, այդտեղ էլ նրանք խիստ դեմ են եղել: Գումարված խորհրդաժողովին այդ ուժերը պասիվ դիրք գրավեցին եւ մասնակցություն չցուցաբերեցին: Ես կարծում եմ, որ այդ քննարկումների ընթացքում նաեւ քննարկվել է այդ հարցը: Պատճառն ի՞նչն էր, որ նոր ուժերի խնդիրն այդքան խիստ էր դրվում, որովհետեւ վաղվա դափնիները կիսելու խնդիր կա, եւ կարծում եմ՝ ե՛ւ ՀԱԿ-ը, ե՛ւ «Ժառանգությունը» բավականին մեծ ակնկալիքներ ունեին, այդ իսկ պատճառով չէին ցանկանում, որ մնացած ուժերը շարժման մաս կազմեին»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ