Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նախկինում օտար լեզվի իմացությունն առավելություն էր, հիմա՝ պարտադիր պայման». Արմեն Աշոտյան

Մարտ 11,2015 19:07

Հաջորդ տարվանից անգլերենի հայտնի քննություններից մեկի՝ IELTS-ի (International English language testing system) համապատասխան միավորներով վկայականները ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից կճանաչվեն անգլերենի իմացության փաստաթղթեր այնպես, ինչպես այս պահին ճանաչվում են միայն TOEFL քննության արդյունքները։

Այս մասին այսօր «Connecting Globally» համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

«Այնպես որ, հաջորդ տարվանից հայ ասպիրանտները, գիտնականները, այս կամ այն պետական ծրագրին հավակնող երիտասարդները կարող են իրենց լեզվաիմացության մակարդակը հաստատել նաև IELTS-ի վկայականներով»,- նշեց Ա. Աշոտյանը:

MHM93963

Նրա խոսքով՝ նախարարությունը վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն ձևավորելու հանգամանքին. «Հայաստանի կրթական համակարգը, խարսխված լինելով ազգային դպրոց կառուցելու գերակայության վրա, միաժամանակ կրելով խորհրդային դպրոցի լավ ավանդույթները, այսօր միտված է ժամանակակից կրթական ծառայություններ մատուցելու, որն անհնար է առանց միջազգայնացման ընդլայնվող ծավալների: Միջազգային նորմերին համապատասխան կրթություն ունենալու տարբերակներից մեկը (եթե ոչ ամենագլխավորը) լեզվական գիտելիքները կատարելագործող ծրագրերն են: Ավելորդ է խոսել այսօր հաջողակ մասնագետ դառնալու գործում անգլերենի իմացության կարևորության մասին»,- ընդգծեց նախարարը։

Նրա դիտարկմամբ՝ այսօր հայ երիտասարդության մեջ օտար լեզուների, հատկապես անգլերենի նկատմամբ աճող հետաքրքրություն կա, և այս պարագայում, ըստ պարոն Աշոտյանի, շատ կարևոր է նաև լեզվի դասավանդման որակի բարձրացումը. «Երկար ժամանակ է, որ մենք, Բրիտանական խորհրդի հետ համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակներում, ցանկանում ենք բարձրացնել դպրոցներում անգլերենի դասավանդման մակարդակը»,- ասաց Ա. Աշոտյանը՝ ընդգծելով, որ եթե նախկինում օտար լեզվի իմացությունը մրցակցային առավելություն էր, ապա այսօր պարտադիր պայման է:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի կողմից կազմակերպված համաժողովին մասնակցում էին նաև Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի և ԱՅԲ դպրոցի ներկայացուցիչներ, որոնք կիսվեցին կրթության միջազգայնացման ոլորտում իրենց ունեցած փորձառությամբ:

Համաժողովի ընթացքում քննարկվեց, թե ինչ դեր կարող են ունենալ միջազգային ճանաչում ստացած IELTS և Aptis քննություններն ու որակավորումները կրթության միջազգայնացման գործընթացում: Քննարկվեցին նաև ուսուցիչների շարունակական վերապատրաստման կարևորությանն ու անգլերենի ուսուցիչների համար առկա դասընթացներին առնչվող հարցեր:

Նշենք, որ աշխարհում տարեկան ավելի քան 2 միլիոն մարդ հանձնում է IELTS քննություն: Աշխարհի շուրջ 8 000 կազմակերպություններ, այդ թվում՝ ակադեմիական և պետական հաստատություններ, ընդունում են IELTS-ը: Հայաստանում տարեկան ավելի քան 1 000 մարդ հանձնում է IELTS քննություն և ստանում անգլերենի իմացության միջազգային վկայական:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031