Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյան. «Փետրվարի 12-ից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է հայտարարեին, որ իրենք եւս Գագիկ Ծառուկյան են». (Տեսանյութ)

Մարտ 11,2015 18:13

Գառնիկ Իսագուլյանի կարծիքով՝ ե՛ւ հասարակությունը, ե՛ւ քաղաքական ուժերը, ե՛ւ հասարակական կազմակերպությունները ցույց տվեցին, որ իրենք ունակ չեն արտակարգ իրավիճակի համար հստակ որոշումներ կայացնել

«Քաղաքական կուսակցությունները մինչեւ այսօր չեն կարողանում կայանալ, եւ դրա մեղքը իշխանություններին է»,- մարտի 11-ին «Նյութ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Նրա խոսքերով՝ իշխանություններն ամեն անգամ ընդդիմադիր քաղաքական բեւեռին դիմադրում են, ոչ թե որպես հակառակորդ, այլ որպես թշնամիներ՝ որոնց պետք է վերացնել: Անդրադառնալով նախկին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ նա ասաց. «Մեկ տարվա ընթացքում պարոն Ծառուկյանը կարողացավ ստեղծել այլընտրանքի հնարավորություն, մարդկանց հույս տալու հնարավորություն: Այդ գործընթացները շատերը փորձում են խորհրդաժողովի հետ կապել, ես այդ խորհրդաժողովին մասնակցել եմ, կարծում եմ՝ պարոն Ծառուկյանի ելույթը  շատ հավասարակշռված էր եւ որեւէ հեղափոխական կոչ չկար: Ուղղակի ասում էր՝ սահմանադրական փոփոխություններին դեմ եմ լինելու, եթե իշխանությունը գնալու է ինքնավերարտադրության»:

Իսկ փետրվարի 12-ին տեղի ունեցած Հանրապետական կուսակցության խորհրդի ընդլայնված նիստում Սերժ Սարգսյանի կատարած հարցադրումները, ըստ նրա, չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ Սահմանադրությանը: Պարոն Իսագուլյանը հավելեց, որ խիստ կարեւորում է հետագա զարգացումները. «Ե՛վ հասարակությունն ամբողջությամբ, ե՛ւ քաղաքական ուժերը՝ ներառյալ եռյակը, ե՛ւ հասարակական կազմակերպությունները, նաեւ Բարգավաճ Հայաստան կուսակցության ակտիվ անդամները ցույց տվեցին, որ իրենք ունակ չեն արտակարգ իրավիճակի համար հստակ որոշումներ կայացնել: Ինձ համար տարօրինակ էր, որ փետրվարի 12-ից հետո ամեն մեկը՝ առաջին հերթին՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է հայտարարեին, որ իրենք եւս Գագիկ Ծառուկյան են, եւ կանգնեին նրա կողքը եւ ամեն օր մասնակցեին քննարկումներին»:

Գառնիկ Իսագուլյանի կարծիքով՝ նման վարքագիծ պետք է դրսեւորեին նաեւ մնացած քաղաքական ուժերը, որոնք շարժման մաս էին կազմում, հասարակական կազմակերպությունների ղեկավարները, Բարգավաճ Հայաստան կուսակցության բոլոր անդամները, սակայն դա չարվեց. «Որեւէ մեկն այդ օրերին չասաց՝ այն, ինչ ուղղված է Գագիկ Ծառուկյանի դեմ, ուղղված է նաեւ իմ դեմ: Պարոն Ծառուկյանը, ըստ էության, մնաց բացարձակ մենակ: Մնացած կուսակցություններն ասացին՝ ահաբեկում է եղել, այդ խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում: Չի բացառվում՝ կուլիսների հետեւում երկրորդական մարդիկ կարող է ասեն, բայց շատ լավ ճանաչելով Հանրապետության գործող նախագահ Սերժ Սարգսյանին, ասեմ՝ նման կարգի արտահայտություններ նրա հասցեին ճիշտ չեն»:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031