Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Ջուլֆալակյան. «Դպրոցականների հետ հանդիպումից մեծ լիցքեր ստացա»

Մարտ 11,2015 17:42

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի համատեղ նախաձեռնած ազգաբնակչության, հատկապես, աճող սերնդի շրջանում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի քարոզչության ծրագրի երկրորդ միջոցառումը կայացավ Երեւանի Ե. Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցում: Աշակերտների հյուրը օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն էր:

Հանդիպման սկզբում Արսենն աշակերտներին ասաց, որ հանդիպմանը եկել է ուսումնամարզական հավաքներից: «Անկեղծ ասեմ. մտածում էի, որ գուցե սխալ եմ անում, որ խախտում եմ մարզումային ռեժիմս: Բայց հիմա տեսնում եմ, որ մեր այս հանդիպումն ինձ անգամ օգտակար է: Ձեր այս ջերմ դիմավորումն ինձ լրացուցիչ լիցքեր է հաղորդում», – դպրոցականներին ոգեւորեց անվանի մարզիկը, որը սկզբում պատմելով իր կյանքի, մարզական կարիերայի ու գիտության ոլորտում արդեն իսկ կատարած քայլերի, հաղթանակների ու պարտությունների մասին` հետո պատասխանեց պատանիներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին:

Հանդիպման ավարտին Արսեն Ջուլֆալակյանն Aravot.am-ին ասաց. «Այսպիսի հանդիպումները երկկողմանիորեն անչափ կարեւոր են: Պատանիները մարզական բարձունքների հասած հայ մարզիկներին անմիջականորեն ճանաչելու հնարավորություն են ունենում, որոնց հետ ապրում են նույն երկրում, նույն քաղաքում, բայց, ցավոք, շփվելու հնարավորություն չեն ունենում: Շատ կարեւոր է, որ նրանք տեսնեն ու հասկանան, որ մենք էլ նրանցից մեկն ենք, նրանց պես սովորել ենք դպրոցում, զբաղվել ենք սպորտով, մեր առջեւ դրել լուրջ նպատակներ ու հասել ենք դրանց: Վստահ եմ, որ այսօրվա մեր հանդիպումը երեխաներից շատերին օգտակար եղավ: Նրանք հասկացան, որ կյանքում ցանկացած նպատակ հասանելի է, եթե ունես կամք, համառություն, աշխատասիրություն: Իսկ ինձ այս հանդիպումը տվեց դրական լիցքեր, հիասքանչ պահեր ապրեցի: Երեխաները ցուցադրեցին իրենց կարողությունները սպորտում, տվեցին հետաքրքիր հարցեր, հաճախ էլ` ոչ սովորական: Ես միանշանակ ողջունում եմ նախարարության ու քաղաքապետարանի այս նախաձեռնությունը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031