Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգայնացումը Հայաստանի կրթական առաջնահերթություններից է. Ա. Աշոտյան

Մարտ 11,2015 17:26

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկա  է գտնվել Հայաստանում  կրթության միջազգայնացման գործընթացին նվիրված  “Connecting Globally” համաժողովին, որը կազմակերպել էր Բրիտանական խորհուրդը: Բացման խոսքում նախարարն ընդգծել է, որ միջազգայնացումը Հայաստանի կրթական առաջնահերթություններից է. “Կրթական համակարգի հիմքում ի սկզբանե դրել ենք երեք կարևոր գործոն. առաջին՝ ազգային դպրոց և ազգային կրթակարգ, երկրորդ՝ Խորհրդային Հայաստանի կրթագիտական ավանդույթների պահպանում և ժամանակի պահանջներին համահունչ կրթական համակարգի կառուցում, կրթության միջազգայնացում, առանց որի  հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից և մրցունակ կրթական համակարգ:

Միջազգայնացման շնորհիվ մենք այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանը դարձել է եվրոպական կրթական տարածքի մաս”,- նշել է Ա. Աշոտյանը և հավելել, որ կրթական համակարգի միջազգայնացման  համատեքստում օտար լեզուների, հատկապես անգլերենի ուսուցման զարգացումը կարևոր նշանակություն է ստանում: Նախարարի խոսքով՝ անգլերենի միջազգային չափանիշներով իմացություն հավաստող  թեստերի հաղթահարումը դարձել է    Հայաստանի կրթական համակարգի պարտադիր պահանջ. “Եթե տարիներ առաջ օտար լեզվի իմացությունը կարող էր ընդունվել մարդու մրցակցային առավելություն, ապա այսօր, իսկ մոտ ապագայում առավել ևս,  օտար լեզվի իմացությունն արդեն դիտվելու է պարտադիր պահանջ՝ ամրագրված մասնագետի պաշտոնի անձնագրում:

Հետևաբար օտար լեզուների ուսուցման հարցերում մենք պետք է ապավինենք միջազգային չափանիշներով իրենց մրցունակությունն ապացուցած գործիքներին”,- շեշտել է նախարարը ՝հավելելով, որ այս իմաստով Բրիտանական խորհուրդը համարվում է  ՀՀ ԿԳՆ հուսալի գործընկերներից մեկը, որը լայն աջակցություն է ցուցաբերում ուսուցիչներին անգլերենի դասավանդման կատարելագործման գործում: Նախարարի խոսքով, ակնհայտ է, որ վերջին տարիներին հայ երիտասարդների մոտ օտար լեզուների, հատկապես անգլերենի ուսուցումը, առավելապես սովորողների անձնական նախաձեռնողականության շնորհիվ մեծ զարգացում է ապրել:  Սակայն  օտար լեզվի ուսուցման կատարելագործումը, ըստ նախարարի՝ չի կարելի թողնել միայն սովորողների ու նրանց ծնողների նախասիրությունների վրա. ” Մենք այդ բացը լրացնելու համար լայնորեն օգտվել և օգտվելու ենք միջազգային գործընկերների ընձեռած բոլոր  հնարավորություններից, որոնք կբարձրացնեն դպրոցներում օտար լեզուների դասավանդման արդյունավետությունը”,- շեշտել է նախարարը:

Ա. Աշոտյանը նաև տեղեկացրել  է, որ հաջորդ տարվանից ՀՀ ԿԳՆ-ն պատրաստ է ասպիրանտուրայի ընդունելության ժամանակ, բացի TOEFEL-ից, իբրև  անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ, ընդունել նաև  Բրիտանական խորհրդի կողմից տրվող  IElTS-ի հավաստագիրը: Համաժողովին  ներկա են  եղել նաև  ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը, կրթության ոլորտի բազմաթիվ մասնագետներ՝ ՀՀ բուհերից ու տարբեր դպրոցներից:

  ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031