Հայտնի ամերիկյան System of a Down խումբը գնում է Ռուսաստան, որպեսզի համերգով հանդես գա երկրի մայրաքաղաքում: Ռուսական Dni.ru կայքի փոխանցմամբ՝ «Արթնացեք հոգիներ» համերգաշարի շրջանակներում ապրիլի 20-ին հայտնի ռոքերները ելույթ կունենան Մոսկվայում՝ «Օլիմպիական» սպորտային համալիրում:
Սա System of a Down-ի առաջին համերգը չէ Մոսկվայում: Նրանք ելույթ են ունեցել 2011 եւ 2013 թվականներին: Վերջին հարցազրույցում խմբի մենակատար Սերժ Թանգյանը ասել է, որ 2015 թվականի համերգաշարը յուրահատուկ է լինելու: Համերգաշարի վերջին՝ անվճար, համերգը կլինի Երեւանում, որտեղ խումբը ոչ մի անգամ ելույթ չի ունեցել:
Սերժ Թանգյանը, մասնավորապես, ասել է. «Մենք նաեւ համացանցում, ամբողջ աշխարհի համար, անվճար ուղիղ կհեռարձակենք Հայաստանի համերգը: Այնպես որ, բոլորը կարող են մեզ հետ լինել Հանրապետության հրապարակում: «Արթնացեք հոգիներ» համերգաշարի նպատակն է մարդկանց պատմել Հայոց ցեղասպանության մասին եւ լինել արդարության դիրիժորներ»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ