Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. Հայաստանի նախագահը չի գնա Ռիգա (Տեսանյութ)

Մարտ 11,2015 14:50

«Ռուսական մշակույթը պակաս եվրոպական չէ, բայց ՌԴ-ի յուրաքանչյուր քայլը Եվրոպայի դեմ է»,- այսօր Մամուլի ազգային ակումբում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը` հակադարձելով ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի այն դիտարկմանը, որ Հայաստանը պետք է Եվրոպայի հետ քաղաքական եւ մշակութային ինտեգրացիայի ուղին ընտրի: Իրավապաշտպանը նկատեց, որ ՀՀ-ում ձեւավորված իշխանությունը, որը ներսում բավարար վստահության պաշար չունի, ստիպված է լինում ենթարկվել` տվյալ պարագայում ՌԴ-ին:

Քննարկումը տեղի էր ունենում Մամուլի ազգային ակումբում, «Հայաստանը ԵՏՄ-ում. Ռիգայի խորհրդաժողովին ընդառաջ. որն է լինելու Երևանի կարգախոսը» թեմայով: Քննարկմանն աջակցել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատունը:

«ՀՀ-ի ներկայացուցիչները կգնան Ռիգա, կասեն, որ ցանկանում են բանակցել, կասեն, որ իրենք եվրոպական են, բայց կգնան Ուզբեկստան: Նրանք Փարիզ, Բեռլին չեն գնում, գնում են Իրան»,- ասաց նա` հավելելով, որ դիվանագիտական շղարշը մի կողմ դնելով ստիպված ենք փաստել, որ կգնան այն ուղղությամբ, որ ուղղությամբ կպարտադրեն:

«Որտեղ ուղարկում են, էնտեղ էլ գնում են»,- հումորով հավելեց քննարկմանը ներկա քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:

ՕԵԿ ներկայացուցիչ Արթուր Միսակյանն էլ իր ելույթում ասաց` համագործակցել Մոսկվայի հետ չի նշանակում մերժել Բրյուսելին: Քննարկման մասնակիցները հիշեցրեցին, որ ՕԵԿ-ը խորհրդարանում «կողմ» է քվեարկել ԵՏՄ անդամակցության փաստաթղթին: Արթուր Միսակյանն ասաց, որ այդ մասին էլ կարող է խոսել եւ հիմնավորել: «Մեր վերքերը իրար մի տվեք»,-կրկին միջամտեց Ստեփան Սաֆարյանը: Վերջինս իր ելույթում ներկայացրեց Հայաստանի տնտեսության «փառահեղ անկումը»`ԵՏՄ-ին անդամակցելուց հետո:

Մանրամասները`տեսանյութում

«Ես կասկածում եմ, որ Հայաստանը նախագահի մակարդակով չի մասնակցի Ռիգայի գագաթաժողովին, ոչ էլ քաղաքական համաձայնագիր կստորագրի»,-ամփոփեց Ստեփան Սաֆարյանը: Նա ամբողջ մեղքն, իհարկե, ՌԴ-ի վրա չի բարդում: Ըստ բանախոսի, մեղքի մի ստվար մաս էլ ՀՀ իշխանություններն ունեն:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Անժելա Խաչատրյանն էլ իր խոսքում նկատեց, որ Հայաստանի`ԵՏՄ-ին անդամակցության անվտանգության բաղադրիչը երկար չդիմացավ փորձությանը, չնայած այս փաստարկը ի սկզբանե թույլ էր, քանզի բոլորս էլ մեր աչքի առջև ունենք ՌԴ-ի կողմից «բիզնես» որակվող զենքի վաճառքը Ադրբեջանին: «Միայն վերջին 4 տարիների ընթացքում Ադրբեջանը սպառազինություն գնելու համար տրամադրած գումարի 80 տոկոսը ծախսել է ռուսական արտադրության զենք գնելու համար: Ավելին` այն ժամանակ, երբ Հայաստանում խոսում էին թե մեր անվտանգության երաշխիքներից ելնելով ՀՀ-ն պետք է անդամակցի ԵՏՄ-ին, հոկտեմբերին էլ անդամակցության պայմանագրի ստորագրումից օրեր անց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ադրբեջանում հայտարարում է իրենց առավել խորը ռազմական համագործակցության զարգացման, և ադրբեջանցի զինվորականներին ռուսաստանյան ռազմական ուսումնական հաստատություններում վերապատրաստելու մասին: Այսինքն` ՀՀ «անվտանգության երաշխավոր», մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ն քիչ է մեծ մասշտաբների հասնող զինամթերք է վաճառում մեր հակառակորդ Ադրբեջանին, այն էլ բացառապես հարձակողական տիպի, դեռ մի բան էլ ադրբեջանցի սպաներին սովորեցնելու է, թե ինչպես այդ զենքը օգտագործեն մեր դեմ: Ահա այսպիսի երաշխավորներ ու բարեկամներ ունենք»,- ասաց նա`հավելելով, որ ամռանը սահմանային լարվածության դեպքերը կարծես լակմուսի թուղթ էին անվտանգության փաստարկը առաջ քաշողների համար. «Մեր բանակը ցույց տվեց, որ ինքն է ՀՀ անվտանգության երաշխավորը և մենք պետք է մտածենք մեր պետությունը, տնտեսությունը, բանակը զարգացնելու մասին, և ոչ թե փորձենք անվտանգության երաշխավոր դարձնենք մի երկրի, որը շատ հեռու է այդ գործառույթից»:

Ապա, բանախոսը նկատեց, որ Ռիգայի գագաթաժողովից առաջ Հայաստանը պետք է ընտրություն կատարի. «Ո՞ւր ենք գնում` մի կենտրոն, որը ինքնամեկուսացման գործընթացի մեջ է, որտեղ կոռուպցիան աճում է օր օրի, մարդու իրավունքները պաշտպանված չեն, որտեղ այլ կարծիք ունենալը ոչ միայն ընդունելի չէ, այլև սպառնում է մարդու գոյությանը, թարմ օրինակ ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը, այն էլ Կրեմլի պատերի տակ, թե՞ ընտրում ենք զարգացման, առաջընթացի մոդելը` ԵՄ ասոցացումը, որը մեզ առաջարկում է բարեփոխումների լայն փաթեթ, որը մեզ տալիս է համամարդկային արժեքներ, հստակ ստանդարտներ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031