Այսօր եւս երկու ազատամարտիկ հետ վերադարձրեցին իրենց բարձրագույն պարգեւները, մեդալները՝ ի նշան բողոքի:
«Ցավում եմ նրա համար, որ այդտեղ չեմ: Հայը պետք է ունենա պատվի եւ արժանապատվության բարձր զգացում: Ես եւ շատ հայորդիներ գնացինք հայրենիքը պաշտպանելու, կորցրեցինք շատ հերոսներ, որոնց երբեք չենք մոռանա: Մենք հաղթեցինք, բայց չգնահատեցինք այդպես էլ մեր հերոսներին »,- Հիմնադիր խորհրդարանի գրասենյակում հրավիրած ասուլիսում Բելգիայից skype-ով փոխանցեց Արցախյան ազատամարտի մասնակից Գարիկ Խաչատրյանը եւ հայտարարեց, որ հետ է վերադարձնում իր բոլոր մարտական պարգեւները՝ որպես Բերձորյան դեպքերի եւ ռեժիմի կողմից շարունակվող ապազգային ու հանցավոր մյուս քայլերի հանդեպ բողոքի եւ անվստահության նշան: Նա հետ է վերադարձնում «Մարտական ծառայության», «Հայրենիքի պաշտպանության», «Մայրական երախտագիտության» , «Ծովակալ Իսակովի», «ՀՀ ԶՈՒ 20 տարի» եւ այլ մեդալներն ու պարգեւները՝ հանձնելով իր հրամանատարի՝ Ժիրայր Սեֆիլյանի տնօրինությանը:
Ընդ որում, Մարտական ծառայության համար պարգեւը Սերժ Սարգսյանը Գարիկ Խաչատրյանին էր հանձնել բոլորովին վերջերս: Ազատամարտիկները կատակում էին՝ «տաք-տաք հետ տվեց Սերժին»:
Գարիկ Խաչատրյանի խոսքերով՝ «Այս համակարգը արժանի չէ մեզ պարգեւատրելու: Ամենաբարձր պարգեւը ժողովրդի կողմից վստահությունն ու հարգանքն է, չկա ավելի բարձր պարգեւ, քան երիտասարդների կողմից ճանաչված ու գնահատված լինելը»:
Կարդացեք նաև
Ըստ նրա, քանի դեռ չի բացահայտվել Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը, Գյումրիի Ավետիսյանների դեպքը, չի բացահայտվելու նաեւ Բերձորի դեպքը:
Գարիկ Խաչատրյանն ասաց. «Ազատամարտիկների նկատմամբ այս ճնշումները նոր չեն սկսվել՝ 1995-ից կային, երբ համակարգը սկսեց կուլ տալ կամ փորձել կոտրել բոլոր նրանց, ովքեր համաձայն չէին իրենց թելադրած պայմանին: Իսկ պայմանը մեկն էր՝ կամ մեզ հետ ես, կամ մեր թշնամին ես: Հիմա էլ ոչինչ չի փոխվել, փոխվել են միայն անունները»:
Նա կոչ արեց միանալ Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիական բանակին եւ վստահեցրեց, որ վերադառնալու է Հայաստան եւ միանալու է շարժմանը:
Հարցին, վերջին շրջանում քրեական տարրերն ակտիվացել են, անընդհատ կրակոցներ են լինում, սա ինչի՞ արդյունք է՝ Գարիկ Խաչատրյանը պատասխանեց. «Մեր այսօրվա կառավարությունն ու իշխանությունը որեւէ ազդեցություն չունեն, կորցրել են իրենց արժեքը, ամբողջ դաշտը թողել են քրեական ուժերին: Դա կոչվում է անիշխանություն»:
Մեր հարցին՝ ի՞նչ եք ակնկալում այդ «անիշխանությունից»՝ վերադարձնելով պարգեւները, չէ՞ որ այդ պարգեւներին Դուք արժանացել եք, դա պետական պարգեւ է, իսկ պետությունն ու իշխանությունը նույնը չեն՝ Գարիկ Խաչատրյանը պատասխանեց. «Ես ակնկալիք չունեմ իշխանություններից: Նրանք չունեն այն պատիվն ու արժանապատվությունը, որ պիտի ունենա ամեն մի հայ: Ես ակնկալում եմ, որ ժողովուրդն ի վերջո ոտքի կկանգնի: 88-ի շարժման նման մեկ խոսք ասի՝ միացում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ