Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ամեն 2-րդ մահ` սրտի խնդիրների պատճառով է

Մարտ 11,2015 14:20

Հայաստանի նման երկրներում, ըստ վիճակագրության, տարեկան 5000 մարդու սրտի ստենտավորում է պահանջվում: Մեր երկրում սակայն, այդ թիվը չի գերազանցում 3 հազարը: Չնայած որ մեր երկրում էլ սրտանոթային հիվանդությունները առաջնային տեղ են զբաղեցնում եւ ամեն երկրորդ մահ սրտի խնդիրների պատճառով է:

Այսօր առողջապահության նախարարությունում Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը պատասխանելով հարցին, թե այսօր ով դիմի սրտի գանգատներով, բժիշկներն իրենց գումարի համար ստենտավորում են անում, ասաց, որ այդպես չէ եւ որ Հայաստանում անցյալ տարի 2800 մարդու է ստենտավորում կատարվել, չնայած որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Հայաստանի պես երկրներում առնվազն 5 հազար մարդու պետք է կատարվի:
Ծաղիկ Վարդանյանը եւ ԱՆ Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը ներկայացրին սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի 2 ամսվա արդյունքները: Այն մեկնարկել է այս տարվա հունվարի 1-ից: Նախարարության պաշտոնյաների խոսքերով, ծրագրի նպատակը սուր, ծանր ինֆարկտի ախտորոշման դեպքերում ոչ դեղապատ մեկ ստենտի տեղադրումով մարդու կյանքը փրկելն է։

Տիկին Վարդանյանն ասաց, որ սուր վիճակներում ցուցված է առանց դեղապատ ստենտը:

Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել են այն չափորոշիչները, որոնք սահմանում են բժշկական այն ցուցումները եւ էլեկտրասրտագրության այն շեղումները, որոնց դեպքում անհրաժեշտ է հիվանդին ամենակարճ ժամանակում տեղափոխել տեխնոլոգիաներով ու մասնագետներով անհրաժեշտ հագեցվածություն ունեցող կլինիկա։ Ծրագրի իրականացման նպատակով նախարարությունը պայմանավորվել է սրտի ինվազիվ վիրահատություններ իրականացնող Երեւանի 4 եւ Գյումրիի ու Գորիսի բժշկական կենտրոնների հետ:

Նշենք, որ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին սրտի անհետաձգելի բուժօգնություն է ստացել 270 քաղաքացի, որից 116-ը` հունվարին, 154-ը՝ փետրվարին:

Ծրագրի շահառուների միջին տարիքը` 63 է, որից 7-ը` մինչև 40 տարեկան, 27-ը` 40-49, 74-ը` 50-59, 94-ը` 60-69, 52-ը` 70-79, 16-ը` 80 եւ ավելի բարձր տարիքի են:
Այս նպատակով 2015թ. պետական բյուջեից հատկացվել է 500 մլն դրամ: Նախարարության պաշտոնյաները նշեցին, որ ծրագրում ընդգրկվում են այն քաղաքացիները, որոնք մինչ այս ներառված չեն եղել սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որեւէ խմբում։ Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ մեր երկրում լայն տարածում ունեցող սրտանոթային հիվանդությունները մահացության ընդհանուր կառուցվածքում 48 տոկոս են կազմում եւ որ ստենտավորումն ինֆարկտի դեպքում մարդու կյանքը փրկելու ամենաարդյունավետ միջոցն է։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031