Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի կրթական համակարգի ոչ մի փոփոխություն հետդարձի ճանապարհ չունի». Արմեն Աշոտյան

Մարտ 11,2015 13:43

ՀՀ-ում կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին շարունակական աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի կառավարությունը համաձայնագրեր է կնքել Համաշխարհային բանկի հետ՝ իրականացնելու «Կրթության բարելավում» ծրագիրը:

Այս մասին այսօր «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի կատարման ընթացքին և «Կրթության բարելավում» ծրագրի մեկնարկին նվիրված համաժողովում հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Նոր վարկային ծրագիրը «ժառանգական է», այն շարունակելու է նախորդ կրթական բարեփոխումների հիմնական ուղղությունների իրականացումը Հայաստանում: Մասնավորապես, մենք շարունակելու ենք բարեփոխումներն ավագ դպրոցներում: Իսկ հին համակարգին վերադառնալու մասին ասեկոսեներին ուզում եմ ևս մեկ անգամ հստակ պատասխանել, որ Հայաստանի կրթական համակարգի ոչ մի փոփոխություն հետդարձի ճանապարհ չունի: Մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ, իսկ մարտահրավերները պիտի կարողանանք միասին հաղթահարել»,- ընդգծեց Ա. Աշոտյանը:

Նրա խոսքով՝ շարունակական բնույթ կկրեն նաև դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Պարոն Աշոտյանը կարևորեց նաև նախակրթարանների ստեղծման ծրագիրը, որի շնորհիվ շատ երեխաներ նախակրթարան գնալու հնարավորություն են ստացել, և վստահեցրեց, որ այս ծրագիրը նույնպես կշարունակվի:

«Կրթության բարելավում» ծրագրով նաև շատ ամբիցիոզ մի հայտ ենք ներկայացրել,- հավելեց Ա. Աշոտյանը,- հայտ, որի համար, կարծում եմ, պետք է աշխատեն ոչ միայն մի քանի սերունդ մասնագետներ, այլև մի քանի սերունդ նախարարներ, քանի որ վարկային ծրագրում դրված կարևոր բաղադրիչներից մեկը, այն է՝ հանրակրթական ծրագրերի բովանդակության լիարժեք վերանայում, ակնհայտորեն երկար տարիների գործ է: Գործ, որը պետք է սկսել, գործ, որի ծավալից չի կարելի վախենալ, գործ, որն անխուսափելի է, և մեկը պիտի սկսի անել»:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031