ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթ-դասախոսությունը Պրահայի Կարլի համալսարանում
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 10-ին մասնակցել է Պրահայի Կարլի համալսարանում անցկացված «Ցեղասպանության հանցագործություն. իրավական եւ քաղաքական ասպեկտները» խորագրով գիտաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթ-դասախոսությամբ: Դասախոսությանը` ի թիվս պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ ուսանողների, ներկա է եղել նաեւ Չեխիայում Թուրքիայի Հանրապետության դեսպան Ահմեթ Նեչատի Բիգալին` դեսպանության աշխատակիցների ուղեկցությամբ: Ստորեւ ներկայացնում ենք դասախոսությունը.
«Հարգարժան ակադեմիկոսներ, դեկաններ, պրոֆեսորներ, ուսանողներ, տիկնայք եւ պարոնայք,
Հայոց ցեղասպանության 100-ամյակին մեկ ամիս է մնացել: Մեկուկես միլիոն հայ զոհ դարձավ մի հանցագործության, որն իր իրական անունը միայն տասնամյակներ անց գտավ: Ինչպես հավանաբար գիտեք, «ցեղասպանություն» եզրույթն առաջին անգամ օգտագործել է ծագումով հրեա լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինը 1944 թվականին: Այդ եզրույթով Լեմկինը ցանկանում էր նկարագրել 1915-ին Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրագործված վայրագությունները:
Կարդացեք նաև
Դեռեւս 1911 թվականին Սալոնիկում «Իթթիհաթ վե Թերաքի» կուսակցության համագումարում որոշում կայացվեց բնաջնջել Օսմանյան Թուրքիայում ապրող հայերին: Երիտթուրքական պանթուրքիստական ծրագրերի իրականացման ճանապարհին գլխավոր խոչընդոտ էր համարվում քրիստոնյա բնիկ ազգաբնակչությունը, մասնավորապես հայերը: Թուրքերը պնդում են, թե այս ամենն իբր նախօրոք ծրագրված չի եղել. Առաջին աշխարհամարտի տարիներին տեղահանության հետեւանքով զոհվել են թե հայեր, թե թուրքեր:
Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը:
1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում 600 հայազգի մտավորականների, Օսմանյան խորհրդարանի անդամների, ինչպես նաեւ հասարակական գործիչների ձերբակալությամբ եւ սպանդով սկսվեց Օսմանյան Թուրքիայի կողմից նախապես ծրագրված եւ պետական մակարդակով իրագործված ոճրագործությունը, որը մարդկության պատմությանը հայտնի է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Հանցագործությունը նպատակ ուներ հայրենազրկելու հայերին: Կոտորածներն ու էթնիկ զտումները միտված էին հայերի բնաջնջմանը, ինչպես նաեւ հայկական հազարամյա ժառանգության ոչնչացմանը:
Հարգելի ներկաներ,
Կցանկանայի նաեւ նշել, որ 1915 թվականի մայիսի 24-ին միաժամանակ հրապարակվեց Անտանտի երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան) կառավարությունների համատեղ պաշտոնական հռչակագիրը` Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների եւ թուրքական կառավարության անդամների անձնական պատասխանատվության մասին: Այն 20-րդ դարում ընդունված առաջին պաշտոնական փաստաթուղթն էր, որն Օսմանյան Թուրքիայի կառավարության անդամներին հավաքականորեն եւ անձնապես պատասխանատու էր համարում նրանց կատարած հանցանքների եւ ոճրագործությունների համար:
Սիրելի ընկերներ,
1919 թվականին Օսմանյան Թուրքիայի Արտակարգ ռազմական դատարանը մահապատժի դատապարտեց Օսմանյան Թուրքիայի Ռազմական նախարար Էնվեր փաշային, Ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային, Ռազմածովային նախարար Ջեմալ փաշային, Կրթության նախարար Նազիմ փաշային եւ այլոց՝ մեղավոր ճանաչելով հայերի զանգվածային ոչնչացումը կազմակերպելու եւ իրականացնելու մեջ:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը վերջակետ չէ. այն միայն մի փուլի ավարտն է: Հարյուրամյակը կամփոփի պատմական մի ժամանակահատված եւ կազդարարի նոր փուլ արդարության վերականգնման պայքարում, որը կամրապնդվի ժխտողականության դեմ պայքարի նոր մեթոդներով:
Այսօր աշխարհի 22 երկիր արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այն առաջինը պաշտոնապես ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին: Բոլորովին վերջերս Հարավային Դակոտան դարձավ ամերիկյան 43-րդ նահանգը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը: Իսկ օրեր առաջ Եվրոպական ժողովրդական կուսակցությունն ընդունեց մի բանաձեւ, որով դատապարտեց Հայոց ցեղասպանության եւ հայ ժողովրդի հայրենազրկման փաստը՝ Թուրքիային կոչ անելով ընդունել պատմությունը եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դժբախտաբար, Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը:
Հարգելի ներկաներ,
Մենք համոզված ենք, որ միայն ճանաչումն ու դատապարտումը կարող են կանխել հետագայում նման հանցագործությունների կրկնությունը: Ինչպես իրավացիորեն նշված է Հայոց ցեղասպանության մասին Եվրոպական ժողովրդական կուսակցության բանաձեւում, ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու եւ իրականացված ոճրագործությունները մոռացության մատնելու կամ արդարացնելու փորձերը դատապարտելի են, քանի որ որակվում են որպես շարունակական հանցագործություն եւ նոր ցեղասպանություններ խրախուսելու միտում:
Հայոց ցեղասպանությունը եթե ճանաչվեր եւ դատապարտվեր, Հոլոքոստը միգուցե տեղի չունենար: Կարծում եմ` հիշում ենք 1930-ականներին Ադոլֆ Հիտլերի հայտնի հայտարարությունը. «Ով է այժմ հիշում հայերի բնաջնջման մասին»:
Հայոց ցեղասպանության ճանաչումը բխում է բոլոր այն երկրների շահերից, որոնք իրենց համարում են ժողովրդավար եւ մարդու իրավունքների պաշտպանության ջատագով: Այդ պայքարի ընթացքում մենք պետք է ասենք այլեւս երբեք ժխտողականությանը, այլեւս երբեք ցեղասպանությանը, այլեւս երբեք բոլոր հանցագործություններին մարդկության նկատմամբ»:
ԱԺ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ