Լրահոս
Օրվա լրահոսը

Տրվեց 100 LIVES նախաձեռնության եւ Մարդասիրական նոր` «Ավրորա» մրցանակի մեկնարկը

Մարտ 11,2015 10:37

Ջորջ Քլունին եւ Նոբելյան մրցանակակիր Էլի Ուիզելը համանախագահելու են մարդու իրավունքների համաշխարհային մրցանակը

Նյու Յորքում մարտի 10-ին  մեկնարկեց 100 LIVES նախաձեռնությունը, որը կոչված է երախտագիտություն արտահայտելու այն անհատներին ու կազմակերպություններին, որոնց հերոսական ջանքերի շնորհիվ 100 տարի առաջ` Հայոց ցեղասպանության ժամանակ, փրկվեցին բազմաթիվ հայերի։

100 LIVES նախաձեռնության նպատակն է ուշադրություն հրավիրել ցեղասպանության եւ մարդու իրավունքների ոտնահարման խնդիրների վրա եւ ներկայացնել դրական քայլերի հզոր ազդեցությունը երեք ուղղությամբ.

Դասեր քաղել անցյալից՝ կոչ անելով վերհանել Հայոց ցեղասպանության ընթացքում փրկության մինչ օրս անհայտ պատմությունները՝ ի մի բերելով դրանք 100LIVES.com կայքում,

Անդրադառնալ ներկային՝ սահմանելով համաշխարհային «Ավրորա» մրցանակ (Aurora Prize for Awakening Humanity), որը շնորհվելու է նրանց, ովքեր սեփական կյանքը վտանգի ենթարկելով  հնարավորություն են տալիս մարդկանց գոյատեւելու եւ հասնելու բարեկեցության,

Kluni_1

Կերտել ավելի լավ ապագա՝ երախտագիտության նախագծեր իրականացնելու միջոցով, որոնք կուղղվեն մեկ դար առաջ հայերի կյանքի փրկության գործում մեծ դեր կատարած համայնքներին եւ կազմակերպություններին։

100 LIVES-ը նախաձեռնել են հայտնի գործարարներ եւ բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը եւ Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը՝ ցույց տալու համար Հայոց ցեղասպանության ազդեցությունը եւ այն, թե վերապրողներն ու նրանց ընտանիքներն ինչպես են կարողացել առաջ ընթանալ եւ հասնել հաջողության՝ մշակույթի, արվեստի, սպորտի, գիտության ու բիզնեսի ասպարեզներում իրենց ներդրումը բերելով աշխարհին եւ մարդկությանը։

1.5 միլիոն հայ զոհվեց Հայոց ցեղասպանության տարիներին՝ 1915-1923թթ:Մի շարք կազմակերպությունների և անհատների շնորհիվ մոտ 500.000 հայեր փրկվեցին՝ ձեւավորելով հայկական սփյուռք ամբողջ աշխարհում՝ Արգենտինայից մինչեւ Ավստրալիա:

«Բազում հայերի կյանքեր փրկած մարդկանց գթասրտությունը, մեծահոգությունը, կամքն ու անձնազոհությունը մեզ պարտավորեցնում են բարձրաձայնել այդ պատմությունների մասին: Ժամանակն է լույս սփռել բացառիկ ճակատագրերի եւ կենսագրությունների վրա, ընդունել նրանց պատգամները եւ մեր երախտագիտությունը հայտնել արվածի համար»,- ասում է 100 LIVES-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Գնահատելով ու խոնարհվելով վերապրածների և նրանց փրկողների առաջ՝100 LIVES նախաձեռնությունն սահմանել է «Ավրորա» մրցանակ՝ մերօրյա անձնազոհ մարդկանց աջակցելու եւ խրախուսելու նպատակով:

Ամենամյա «Ավրորա» մրցանակը ենթադրում է նաեւ 1 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրաբերում. հաղթողը գումարը հատկացնելու է այն կազմակերպությանը, որը նրան ոգեշնչել է մարդասիրական քայլեր կատարել:

«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամներն են օսկարակիր դերասան Ջորջ Քլունին, Խաղաղության Նոբելյան մրցանակակիրներ Էլի Ուիզելն ու Օսկար Արիասը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը, Ցեղասպանության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդական Գարեթ Էվանսը, մարդու իրավունքների ճանաչված պաշտպան Հինա Ջիլանին եւ Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը։

2016 թ. ապրիլի 24-ին Երեւանում Ջորջ Քլունին հաղթողին կհանձնի անդրանիկ «Ավրորա» մրցանակը։

«Պատիվ ունեմ միանալու 100 LIVES նախաձեռնությանը, քանի որ նրա եւ իմ Not On Our Watch հիմնադրամի նպատակներն ընդհանուր են. երկուսն էլ ձգտում են աշխարհի ուշադրությունը հրավիրել ցեղասպանության թողած ազդեցության վրա եւ փորձում են միջոցներ հատկացնել աշխարհով մեկ զանգվածային ոճրագործությունները դադարեցնելու համար: Բոլորս պետք է մտահոգվենք, որ աշխարհում մինչ օրս ցեղասպանություններ են տեղի ունենում։ Մենք, իբրեւ անհատներ, խմբեր եւ կառավարություններ, պետք է անհապաղ լուծենք այս խնդիրը»,- ասել է Ջորջ Քլունին:

«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի մյուս համանախագահը մարդու իրավունքների հայտնի պաշտպան, ԱՄՆ-ի Հոլոքոստի հուշահամալիր-թանգարանի նախագահ Էլի Ուիզելն է։ Մնացած անդամները կհայտարարվեն առաջիկա մի քանի ամիսներին:

«Ես ականատես եմ եղել ցեղասպանության թողած ավերածությանը, ինչը ցավալիորեն շարունակվում է մինչ օրս։ Բայց ես քաջածանոթ եմ նաեւ մարդկային ոգու տոկունությանը։ Մեծարելով հանդերձ՝ մենք պետք է նաեւ միշտ հիշենք այն  անձնազոհ մարդկանց  ջանքերը, ովքեր մեկ դար առաջ միջամտեցին՝ փորձելով մեկընդմիշտ դադարեցնել նմանատիպ ոճիրները»,- ասել է Էլի Ուիզելը։

«Ավրորա» անվանումն ընտրվել է ի պատիվ Ավրորա Մարդիգանյանի, ով մանուկ հասակում դարձել է Հայոց ցեղասպանության ընթացքում գործած բարբարոսությունների ականատեսը, կորցնում հորն ու եղբայրներին։ Հրաշքով փրկվելուց հետո նա կարողացել է իր մեջ ուժ գտնել եւ իր կյանքը նվիրել է մարդասիրական օգնություն ցուցաբերելու եւ Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու գործին՝ նկարահանվելով «Հոշոտված Հայաստան» ֆիլմի (1919 թ.) գլխավոր դերում։

Մրցանակի սահմանումը ոգեշնչված է նաև հարյուր տարի առաջ ցուցաբերված խիզախության եւ գոյապայքարի հազարավոր չպատմված դրվագները։

«Տոկունություն, կորով, ապրելու կամք ու երախտագիտություն. ահա հայերի հատկանշական գծերը։ Սակայն այդ հատկանիշները բացառիկ չեն հայերի համար, դրանք կան բոլոր մարդկանց մոտ: Մենք մշակել ենք #BeArmenian #BeAlive [«եղիր հայ, եղիր կենսունակ»] գաղափարը՝ բյուրեղացնելու մարդկային ոգու զորությունը։ Ոչ միայն մեզ՝ հայերիս, այլեւ բոլորի համար»,- նշել է Նուբար Աֆեյանը:

Իբրեւ նշված նախաձեռնությունների բաղկացուցիչ մաս, 100 LIVES-ը  նպատակ ունի թվայնացնել Հայոց ցեղասպանության արխիվային նյութերը։ Հիմնադիրները հուսով են, որ այս հիմնարար ձեռնարկումը կօգնի վտանգից զերծ պահել եւ հավերժացնել պատմական անգնահատելի արխիվը՝ թույլ տալով բոլորին ծանոթանալ դրա բովանդակությանը։

«Այսօր Հայոց ցեղասպանությունը վերապրողներից արդեն քչերն են մեզ հետ։ Անչափ կարեւոր է, որ հարյուրամյակին ընդառաջ մենք այս հնարավորությունն օգտագործենք մեկ դար առաջ տեղի ունեցածն աշխարհում մարդկության գիտակցության մեջ մեկընդմիշտ ամրագրելու համար»,- շեշտել է Վարդան Գրեգորյանը։

100 LIVES-ի լրատվական թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031