Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՀԿ-ն տարածք չէ, որտեղ կարելի է հենց այնպես մտնել, հենց այնպես դուրս գալ»

Մարտ 11,2015 16:30

Տիգրան Ուրիխանյանը հրաժարվում է
նաեւ ԲՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնից

– Օրերս ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ խմբակցությունում նոր ղեկավար մարմինների նախնական քննարկում է տեղի ունեցել, եւ նախնական արդյունքներով՝ ԲՀԿ խմբակցության նոր քարտուղարի ամենահավանական թեկնածուն Դուք եք: Երեկ, սակայն, հայտարարեցիք, որ հրաժարվում եք ԲՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնից եւս:

– Հատուկ ուզում եմ ընդգծել, որ ճիշտ ձեւակերպում է եղել` նախնական քննարկման մասով, որովհետեւ անձիս վերաբերող որոշումները, բնականաբար, պիտի կայացնեմ ես: Ես ինքս եմ որոշողը` ստանձնե՞լ որեւէ պաշտոն, չստանձնե՞լ, մտնե՞լ որեւէ պատասխանատվության տակ, թե՞ չմտնել: Ցանկացած կուսակցական, քաղաքական, առավել եւս պետական կարգավիճակ ու պաշտոն ինձ համար նախեւառաջ պատասխանատվություն է: Աշխատանք է, որն ունի հստակ սահմանված պահանջներ: Պատասխանատվության ծավալ է, որը ես պիտի ստանձնեմ, կամ որից պիտի հրաժարվեմ` իմ կամքին համապատասխան:

Տվյալ պարագայում իմ անձնական որոշումն է չստանձնել խմբակցության քարտուղարի պարտականությունները: Ես նպատակահարմար չեմ գտնում այս պահին զբաղեցնել այդ պաշտոնը:

– Դուք հրաժարվեցիք կուսակցության խոսնակի պաշտոնից, հրաժարվում եք խմբակցության քարտուղարի պաշտոնից. քայլ առ քայլ գնում եք ԲՀԿ-ի՞ց, թե՞ պատգամավորական մանդատից հրաժարվելուն:

– ԲՀԿ-ն քաղաքական կազմակերպություն է, կուսակցություն է, որը ցենտրիստական գաղափարական հիմքի վրա գործելով` իր համար ձեւակերպել էր եւ իրականացնում էր որոշակի քաղաքական կուրս: Այն համահունչ է եղել, նախեւառաջ եւ ինձ համար ամենակարեւորը՝ իմ անձնական պատկերացումների եւ նկատառումների հետ, քաղաքական գործունեությանս ձեւաչափի հետ: Ուստիեւ, դրանից իսկ ելնելով` ես ճանապարհ եմ դուրս եկել ԲՀԿ-ի շարքերում, ԲՀԿ-ի հետ: Առանց ավելորդ համեստության ընդգծեմ՝ ես այն մարդկանցից եմ եղել, ովքեր իրենց ուսերի վրա որոշակի պատասխանատվության ծավալ են կրել, ու կարծում եմ՝ բավական նորմալ ու արժանապատիվ կերպով այն հասցրել են համապատասխան վերջնակետին: Ինչը հանգամանքների բերմամբ տեղի ունեցավ: Ինձ համար կարեւորը մեկ բան է, ինչն այս ողջ ընթացքում ասել եմ` ինչպես որ եղել եմ, կամ, այնպես էլ շարունակելու եմ մնալ ժողովրդի կողքին, մարդկանց շահերի պաշտպան: Բնականաբար, քաղաքական գործունեության մեջ: Այսինքն՝ ինձ համար կարեւոր է սեփական համոզմունքս պահպանելը: Կարեւոր է, ըստ իս, նպատակահարմար քաղաքական կուրսով շարժվելը: Ավելի պարզեցնեմ ասածս` ԲՀԿ-ն քաղաքական կազմակերպություն է, քաղաքական կազմակերպության գործունեությունից էլ ամեն ինչ կախված է: Այն տարածք չէ, որտեղ կարելի է հենց այնպես մտնել, հենց այնպես դուրս գալ:

Դեռ ամեն ինչ առջեւում է, մենք պիտի շարժվենք առաջ` դեպի ապագա: Կոնկրետ ինչպես, ինչ ձեւաչափով ու մարտավարությամբ՝ այդ ամենը թելադրում են հանգամանքները, պատմականորեն դասավորված իրադարձությունները: Բայց ռազմավարությունը մեկն է` բարեկարգել, բարենորոգել ՀՀ-ն, իրականացնել համակարգային փոփոխություններ, հայաստանցու համար ապահովել գոնե նվազագույն, անհրաժեշտ կենսակերպ, հասնել իրավահավասարության, արդարության, վերջ տալ կոռուպցիային, մենաշնորհներին: Այն ամենը, ինչ ասվել է, ասվում է, այսուհետ եւս ասվելու է:

– Կուսակցությունում ինչպե՞ս են վերաբերվում այն փաստին, որ մեկը մյուսից հետո հրաժարվում եք այլեւս պատասխանատվության որոշակի ծավալ կրել ընդդիմադիր ԲՀԿ-ում:

– Նախ ուզում եմ բոլորի համար պարզեցնել մեկ բան` ինքս ինձ, այս իրավիճակում` ՀՀ-ի ներքին սոցիալական, իրավական, տնտեսական եւ այլն, ընդհանուր առմամբ հայտնի իրավիճակի պայմաններում, որեւէ կերպ չեմ տեսնում որեւէ այլ դաշտում` բացի ընդդիմադիրից: Ոչ ոք թող այսօր ինձանից ավելի քննադատող, պահանջատեր եւ ընդդիմախոս չփորձի իրեն համարել: Եվ կարծում եմ՝ յուրաքանչյուրիս` ժամանակի ընթացքում հնչեցրած խոսքը, կատարած քայլը բացարձակապես պարզ ու թափանցիկ` բոլորի աչքի առաջ են: Այնպես որ՝ այդ թեման մեկընդմիշտ ուզում եմ ամփոփել:
Իսկ ինչ վերաբերում է պատասխանատվություն ստանձնելուն` ես ստանձնել եմ շատ ավելի մեծ պատասխանատվություն, քան կարելի է որեւէ պետական, առավել եւս խորհրդարանական պաշտոնով ձեւակերպել: Ես շարունակելու եմ հավուր պատշաճի ու պատվով այն կրել: Իսկ դա հետեւյալն է` ՀՀ-ում ապրող մոտավորապես մեկ միլիոն աղքատ մարդիկ պիտի ապրեն բարեկեցիկ կյանքով, ՀՀ-ն լքած հարյուր հազարավոր մարդիկ պիտի վերադառնան ՀՀ՝ ոչ թե հենց այնպես, այլ կացարան, աշխատանք, իրավունք ունենալու եւ պահպանելու պարագայում, ՀՀ-ում չպիտի լինի օրենքի չարաշահում, ոտնահարում եւ մարդկանց իրավունքների սահմանափակում, ՀՀ-ն, որպես ինքնիշխան եւ անկախ պետություն, պիտի ունենա եւ արտաքին արենայում առաջ մղի իր ազգային ու պետական շահը, արձանագրի արտաքին քաղաքական հաջողություններ ու դրանից բխող ներքաղաքական, ներտնտեսական ու ներսոցիալական կյանքի վրա արտաբերումներ:

Մեղմ ասած՝ ես պատրաստվում եմ իմ դերակատարումն այս ամենի վրա ունենալ` իմ հնարավորությունների չափով, առանց դերս մեծացնելու: Կարծում եմ՝ սեփական ցանկությամբ դրա տակ մտնելն ու շատ բաներից հրաժարվելն ավելի մեծ պատասխանատվություն է, քան որեւէ պետական կամ կուսակցական պաշտոն` իր պատասխանատվության ծավալներով հանդերձ:

Իսկ թե կուսակցությունում ինչպիսի վերաբերմունք կա, կրկնում եմ` ԲՀԿ-ին ես տվել եմ ամեն ինչ, ինչ կարող էր տալ ազնիվ, պարկեշտ, 24-ժամյա ռեժիմով աշխատող կուսակցական, քաղաքական գործիչը: Տվել եմ ավելին, քան կարող էր ինձնից պահանջվել: Շարունակում եմ տալ:

– Իսկ ո՞վ է լինելու խմբակցության քարտուղարը:

– Դա պիտի խմբակցությունը որոշի: Ես, իհարկե, առիթն օգտագործելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին նման ցանկության եւ վստահության համար:

– Երբ ԲՀԿ-ն այլընտրանք էր եւ չէր համարձակվում իրեն ընդդիմություն անվանել, բոլորը շատ համարձակ ու ընդդիմադիր ելույթներ էին ունենում, բայց Գագիկ Ծառուկյանի հեռանալով՝ շատերը հեռացան նաեւ այն պատճառով, որ ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն հռչակեց: ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունում մնացողներն էլ գերադասում են ավելի պասիվ դիրքորոշում գրավել: Աբսուրդ չէ՞: Թե՞ խնդիրն այն է, որ ԲՀԿ-ն, այսպես ասած, իշխանության կողմից վերահսկելի ընդդիմություն է լինելու:

– Ես չգիտեմ, ինձ հայտնի ու հասու չեն «վերահսկելի ընդդիմադիր դաշտում» գործելու տեղեկություններն ու տեղեկատվությունը: Ինչ վերաբերում է իմ նախկին ու ներկա գործընկերների գործողությունների վերաբերյալ մեկնաբանություններին` ես, իհարկե, ունեմ սեփական գնահատականները, բայց ճիշտ ու կոռեկտ չեմ համարում դրանք հնչեցնելը, բացի մեկից` հիմնական կազմը մինչեւ վերջ, մնաց այն քաղաքական կուրսի մեջ, որը որդեգրել էր ԲՀԿ-ն: Ոչ մի քայլ հետ նահանջ իրենց թույլ չտվեցին՝ ոչ հրապարակային, ոչ ներկուսակցական աշխատանքներում: Տեղի ունեցած փոփոխությունից հետո, այդպես անվանենք այն ցնցումը, որը ոչ միայն կուսակցության համար էր ցնցում, այլեւ ողջ քաղաքական դաշտի ու երկրի, որեւէ մեկին մեղադրելու իրավունք որեւէ մեկը չունի: Որովհետեւ երբ որ վերջացավ այն, ինչ կար, եւ սկսվեց նորը, որը դեռ հայտնի չէ որեւէ մեկին, բոլորն ունեին իրենց բացարձակ բարոյական իրավունքը` ըստ անձնական նպատակահարմարության քայլեր կատարելու:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ.Գ. Ի դեպ, մեր տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ դեռեւս ամբողջական խմբակցության կազմով վերջին նիստերից մեկի ժամանակ Տիգրան Ուրիխանյանը շատ բուռն ելույթ էր ունեցել` պահանջներ ներկայացնելով կուսակցության հետագա արտաքին քաղաքական կուրսի եւ գործունեության մասով: ԲՀԿ-ին անդամագրվելուց հետո Տիգրան Ուրիխանյանը համակարգում էր ՌԴ-ում ԲՀԿ-ի քաղաքական կապերն ու համագործակցությունները, հայտնի է իր պրոռուսական կողմնորոշմամբ: Այս օրերին էլ նա գտնվում է Մինսկում, մասնակցում է ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի հանձնաժողովի նիստին, որի փոխնախագահն է նաեւ: ԲՀԿ-ում բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել՝ այն իմաստով, որ կուսակցության նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն է ղեկավարում: Թեպետ սեպտեմբերի 3-ի հայտնի որոշումից հետո իր եվրոպական հեռանկարում Հայաստանը դեռեւս դեգերումների մեջ է, բայց ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն իրենց վերջին մի քանի հայտարարություններով ու քայլերով հասկացնել տվեցին, որ Հայաստանում իրենց հետաքրքրությունները չեն զիջել:

«Առավոտ» օրաթերթ
10.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031