Վաղուց մոռացված մարդ-կուսակցությունները, որոնք քաղաքական արեւի տակ իրենց մեկ քառակուսի մետր տեղն էին փորձում ամրագրել վերջին շրջանի իրենց պաթետիկ վերլուծություններով ու որակումներով, նույն արագությամբ էլ անհետացան քաղաքական ասպարեզից՝ Գագիկ Ծառուկյանի հեռանալով: Մոտ երկու տասնյակ մարդ-կուսակցություններ ու ՀԿ-ներ համախմբվել էին այլընտրանքային ուժ հռչակված ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի սկսած համաժողովրդական շարժման շուրջը, նրանք անգամ մասնակցեցին մեր օրերի շքեղ հյուրանոցներից մեկում կազմակերպված հասարակական ու քաղաքական ուժերի համաժողովին, էկզոտիկ ելույթներ ունեցան: Բայց նրանցից ոչ ոք այսօր ընդդիմադիր ԲՀԿ-ի կողքին չէ: Պատճառը շատ պարզ է: Հայաստանում, ցավոք, կուսակցությունները հիմնականում չեն ձեւավորվում իբրեւ սոցիալական լայն շերտերի կամ գաղափարական հոսանքների քաղաքական կամքի արտահայտիչներ: Մեզանում կուսակցություններն առավելապես, իսկ ԲՀԿ-ն՝ մասնավորաբար, օլիգարխիկ բնույթ ունեն, որտեղ փոքրամասնություն կազմող քաղաքական դեմքերի հետ հավաքվում են պատերազմի վետերանների մի հատված, քրեական տարրեր, նրանց հետ սերտաճած՝ քրեական բարքերով առաջնորդվող խոշոր բիզնեսմեններ: Նպատակը մեկն էր՝ սեփական դիրքն ամրապնդել արդի քաղաքական, սոցիալ-տնտեսական համակարգում:
Գագիկ Ծառուկյանի՝ այլընտրանք դիրքից հանդես գալը շատ լավ առիթ էր՝ նրա շուրջը համախմբվելու ու սեփական պատառը փախցնելու. Ժողովրդական կուսակցություն, «Ազգային համաձայնություն», «Ազգային անվտանգություն» եւ այսպես՝ մեկ տասնյակից ավելի: Այս կուսակցություններն անգամ բյուջետային չնչին ֆինանսավորումից չեն օգտվում: Պետական բյուջեից միջոցներ հատկացվում են միայն այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որի ընտրական ցուցակն Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի առնվազն 3 տոկոսը: Ուստի, այս իմաստով, Գագիկ Ծառուկյանի շուրջը համախմբված մարդ-կուսակցությունների՝ արեւի տակ սեփական տեղն ամրագրելու մղումը գուցե արդարացված էր: Բայց նրանք, փաստորեն, մնացին Գագիկ Ծառուկյանի փլատակների տակ:
Արդյունքում ուզենք, թե ոչ՝ քաղաքական դաշտի մաքրման գործընթաց ինչ-որ կերպ գնաց: Կորցնելով վերջին շանսը՝ այդ կուսակցությունները ստիպված են հեռանալ քաղաքական դաշտից՝ Գագիկ Ծառուկյանի հետ: Հուսանք՝ քաղաքական դաշտում ստեղծված այս ճգնաժամային իրավիճակն, այնուհանդերձ, դրական պտուղներ կբերի, եւ կուսակցություններն ինքնըստինքյան՝ առօրեական պահանջներից թելադրված, կմտնեն առողջացման փուլ: Միայն օրենքից բխող թոշակների համար կուսակցություններ այլեւս չեն բացվի:
«Առավոտ» օրաթերթ
10.03.2015