Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես հրաժարվել «փափուկ» աթոռից՝ հանուն արվեստի

Մարտ 11,2015 14:00

Դիրիժոր Աթանես Առաքելյանը 40 տարի մշակույթի ոլորտում է

Մեր իրականությունում կան արվեստագետներ, որոնք հայտնվելով ղեկավար պաշտոններում՝ մի կողմ են դնում իրենց ստեղծագործական գործունեությունը: Կան նաեւ հատուկենտ ստեղծագործողներ էլ, որ հրաժարվելով «փափուկ» աթոռից, վերջնական որոշում են կայացնում՝ ծառայել զուտ արվեստին: Օրինակ, «Առավոտի» զրուցակից՝ դիրիժոր Աթանես Առաքելյանը (լուսանկարում) 15 տարի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտա-մանկավարժական քոլեջը ղեկավարելուց հետո, 10 տարի է՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում է: Նրան հաճախ հանդիպում ենք թատրոնի նվագախմբի դիրիժորական վահանակի առջեւ՝ Ա. Տիգրանյանի «Անուշ», Տ. Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերային,  Ա. Խաչատրյանի «Սպարտակ», Մինկուսի «Դոն Կիխոտ» եւ «Լորկիանա» բալետային ներկայացումները ղեկավարելիս: Արվեստագետը մեզ հայտնեց, որ առաջիկայում կղեկավարի նաեւ Ալ. Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերան, իսկ հավանաբար գարնան վերջին կայանալիք Բիզեի «Կարմեն» օպերայի պրեմիերայից հետո (բեմադրիչ՝ Արմեն Մելիքսեթյան, բեմադրող դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան) ինքն էլ պատիվ կունենա ղեկավարելու համաշխարհային օպերային գրականության այդ ոսկե նմուշը:

Մասնագետները, ինչպես նաեւ հանդիսատեսը Աթանես Առաքելյանին հիշում են 1980-ական թվականներից. նա խմբավարն էր այն տարիների ճանաչված կոլեկտիվներից մեկի՝ Արամ Տեր-Հովհաննիսյանի անվան երգչախմբի: Իսկ 1988թ., երբ Դավիթ Զալյանի նախաձեռնությամբ հիմնվեց Մանկական պետական երաժշտական թատրոնը, առաջին օրվանից դիրիժորն աշխատանքի անցավ այդտեղ, գործունեություն ծավալելով մինչեւ 1996թ.: Այդ ընթացքում իբրեւ բեմադրիչ դիրիժոր, ռեժիսոր Ա. Մելիքսեթյանի հետ աշխատել է Վ. Աճեմյանի «Կիկոսը» եւ Բրիտենի «Նոյյան տապանը» ներկայացումների վրա: Երկրի համար ծանր տարիներին, ցավոք, փակվեց մանկական թատրոնը:

Նույն տարում կոմպոզիտորներ Ստեփան Լուսիկյանի եւ Արմեն Սմբատյանի աջակցությամբ, երբ ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը հիմնեց Կամերային պետական երաժշտական թատրոնը, Աթանես Առաքելյանը հրավիրվեց այստեղ աշխատանքի: Ռեժիսորի հետ իբրեւ բեմադրող դիրիժոր նա 2003թ.  իրականացրել է «Փարիզի աստվածամոր տաճարը» մյուզիքլը՝ ըստ Պլամոնդոյի եւ Կոչիանտեի: Դիտարկմանը, թե իրեն ժամանակին հանդիպել ենք նաեւ Ճգնավորյանի հիմնադրած Երեւանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարելիս, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այո, ղեկավարել եմ սիմֆոնիկ նվագախումբը, Արմեն Մելիքսեթյանն էլ ինձ առաջարկում էր մնալ Կամերային երաժշտական թատրոնում, բայց ինձ ձգում էր օպերային դիրիժորի մասնագիտությունս եւ ուղիղ 10 տարի առաջ, մարտ ամսին՝ Կարեն Դուրգարյանի եւ Գեղամ Գրիգորյանի առաջարկով ղեկավարեցի «Անուշը» եւ ի վերջո հաստատվեցի թատրոնում»:

Անդրադառնալով արվեստագետի վարչական աշխատանքին, հետաքրքրվեցինք՝ դժվար չէ՞ր թողնել «աթոռը»: Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ իբրեւ տնօրեն աշխատելու տարիներին չի հիշում կոլեկտիվի հետ եւ ոչ մի կոնֆլիկտ. «Իհարկե, ամեն ինչ սահուն չի ընթանում: Ուսումնարանի կոլեկտիվում եւ սովորողների շրջանում լինում էին մանր-մունր խնդիրներ, աշխատում էի հարթել սուր անկյունները: Մի տեսակ ինձ հաջողվում էր սկիզբ առած ասեկոսեները կանխել: Խմորումներ չեմ սիրում, գործընկերներիս երեսին ասում եմ շիտակ ու նույնն ակնկալում…»: Հետաքրքրությանը՝ ինչպիսին են ստեղծագործական փոխհարաբերությունները օպերային թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի հետ, Աթանես Առաքելյանը հայտնեց, որ առայժմ ոչ մի դժվարության չի հանդիպել: Հետո էլ հավելեց. «Անշուշտ, լինում են պահեր, երբ հայտնում եմ ցանկությունս կամ որեւէ առաջարկություն անում: Դրանք կարող են ընդունվել կամ չընդունվել, մանավանդ որ, ես չեմ տվյալ ներկայացման բեմադրող դիրիժորը»:
Կատակով հիշեցրինք, թե «աթոռ» չսիրող արվեստագետը, այնուամենայնիվ, այսօր Երաժշտական ընկերության փոխնախագահն է: Մեր զրուցակիցը հավաստիացրեց, թե հասարակական հիմունքներով այդ գործունեությունը սիրով է կատարում, ապրիլից ձեռնամուխ կլինեն ավանդական դարձած «Երգող Հայաստան» մրցույթին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ. Գ. Աթանես Առաքելյանի գործունեությունը ամբողջական չէր լինի առանց նրա դասախոսական աշխատանքի:  Արվեստագետը հանդիսանում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային պատրաստվածության ամբիոնի պրոֆեսոր:

«Առավոտ» օրաթերթ
10.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աթանես Առաքելյանն իր գործին նվիրված բարձրակարգ արվեստագետ է … Հարգանքով` Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031