Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիրելի ստախոսը»՝ Տիկնիկայինի բեմում

Մարտ 11,2015 13:30

Գագիկ Ռոստոմյանն ու Հայկուհի Խուդավերդյանը մարմնավորեցին
սիրահարված Բեռնարդ Շոուին ու Ստելլա Քեմպբելին

Ամերիկացի դրամատուրգ Ջերոմ Քիլթիի «Սիրելի ստախոսը» կատակերգության պրեմիերան տեղի էր ունեցել աշնանը, որը բեմադրվել էր Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում՝ թատրոնի դերասան-բեմադրիչ Արա Գեւորգյանի մտահղացմամբ: Տիկնիկային թատրոնն օրերս կրկին այս ներկայացման համար բացել էր դռները: Արա Գեւորգյանը ստեղծագործությանը տվել է ոչ միայն ժամանակակից լուծումներ, այլեւ փորձել է երկու կերպարների առումով յուրահատուկ իմպրովիզներ կիրառել:

«Սիրելի ստախոսը» ներկայացումը հիմնված է անգլիացի հռչակավոր դրամատուրգ, գրող, թատերական քննադատ, հրապարակախոս, պամֆլետիստ Բեռնարդ Շոուի եւ անգլիացի հանրահայտ դերասանուհի Փաթրիկ Ստելլա Քեմպբելի սիրային նամակագրության վրա:
«Սիրելի ստախոսը» կատակերգության հերոսները երկուսն են՝ Շոուն եւ Ստելլան, որոնց մարմնավորում են ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Ռոստոմյանը եւ Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի, վաստակավոր արտիստուհի Հայկուհի Խուդավերդյանը:

Ներկայացման բեմադրիչ Արա Գեւորգյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ «Սիրելի ստախոսը» կատակերգություն է նամակագրության ձեւաչափով. «Ներկայացվում է երկու տաղանդավոր անձնավորության՝ կնոջ եւ տղամարդու հավերժ երկխոսություն, որը համեմված է հումորով, ճակատագրական անցումներով եւ ողբերգական լուծումներով: Այս հանճարեղ մարդկանց նամակագրական կապը տեւել է շուրջ 40 տարի: Ընդհանուր առմամբ, այն կախարդանք է՝ արտացոլված հարյուրավոր նամակներում, սրբորեն պահված եւ հազիվ փրկված Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին»:
Բեմում Հայկուհի Խուդավերդյանն ու Գագիկ Ռոստոմյանը պարզապես վերապրում են այդ առեղծվածային սիրո պատմությունը եւ հանդիսատեսին ինչ-որ առումով տեղափոխում 20-րդ դարի սկիզբ:

Ռեժիսորը տեղեկացրեց, որ ստեղծագործությունը բեմադրելու ցանկությունը եղել է տիկին Խուդավերդյանինը, որն իր 70-ամյա հոբելյանի երեկոյի փոխարեն նախընտրել է բեմ բարձրանալ ու թատերասերներին ներկայացնել 20-րդ դարի սիրո յուրօրինակ դրսեւորումները:

Արա Գեւորգյանը համոզված է՝ պլատոնական սիրով ապրող զույգերը չեն դադարել սիրել, եւ իրենց սերն ավելի հուժկու է դարձել հետագա 40 տարիների ընթացքում. «Մեր իրականության մեջ այսօր պակասում են նման փոխհարաբերությունները: «Սիրելի ստախոսի» միջոցով փորձել ենք ցույց տալ սիրո յուրօրինակ զգացողությունը: Մերօրյա համացանցային պատմության մեջ շփվում ենք այնպիսի երեւույթների հետ, որոնք «սեր» են, բայց ոչ լիարժեք արտահայտված: Իմ կարծիքով՝ ներկայացումից հետո հանդիսատեսն իր հետ տանում է հենց այդ զգացողությունը, եւ փառք Աստծո, այո՛, մենք ունենք թատերասեր հասարակություն: Երբեմն զարմանում եմ, ինչպե՞ս են կարողանում սխալ բաներ խոսել այն մասին, թե այսօր երիտասարդները թատրոն չեն հաճախում»:

Բեմադրիչն անդրադառնալով Հայկուհի Խուդավերդյան-Գագիկ Ռոստոմյան զույգին՝ նշեց. «Երկուսն էլ 40 տարի առաջ միասին են խաղացել «Տրամվայ, ցանկություն» հեռուստաներկայացման մեջ, ինչը խորհրդանշական է, քանի որ Ջորջ Բեռնարդ Շոուի ու Ստելլա Քեմպբելի նամակագրությունն էլ 40 տարվա պատմություն է (ժպտում է- Հ.Վ.): Փորձառու դերասանների հետ աշխատելը բավականին պատասխանատու է, ես ներկայացմանը մոտեցել եմ մեծ պատասխանատվությամբ»:

Տիկին Խուդավերդյանին հանդիպեցինք ետնաբեմում: «Ստելլա Քեմպբելը» ուրախ էր: «Ստելլայի կերպարը մարմնավորելն ինձ հաճույք է պատճառում: Մանավանդ՝ սա մի ներկայացում է, որտեղ սերն է գերիշխում: Սիրահար զույգի նամակներն այնպիսի՜ անկեղծությամբ են գրված: Ցանկացած հանդիսատեսի համար ներկայացումը պետք է նստվածք թողնի, ես շատ եմ ցանկանում, որ մեր հանդիսատեսի մեջ մնա այդ սիրո նստվածքը»,- ասաց տիկին Խուդավերդյանը:

Գագիկ Ռոստոմյանն էլ նշեց. «Նամակներից բացի, ես կարդացի Շոուի ինքնակենսագրականը, այնտեղ նշվում էր, որ կենսագրություններ գրողներ շատ կլինեն, բայց ես ինքս եմ գրում, որպեսզի իմ ինքնակենսագրականը չխախտեն ու չաղավաղեն: «Սիրի՛ր մերձավորիդ», այ, հենց այս է տանելու հանդիսատեսը ներկայացումից, կապ չունի, թե ինչ սիրո մասին է խոսքը: Ցավոք, մեզանում հենց այդ սերն է պակասում…»:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արա Գևորգյան says:

    Շնորհակալություն: Շատ բովանդակալից մեկնաբանություն է:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031