Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Մարկոսյան. «Սպորտային պարերը հավասարապես եւ սպորտ է եւ արվեստ»

Մարտ 11,2015 13:00

Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի գործունեությանն այնքան էլ հաճախ անդրադարձ չի լինում: Բայց այն կա, գործում է, ունի ձեռքբերումներ ու հոգսեր:
«Առավոտը» զրուցել է ֆեդերացիայի նախագահ Գեւորգ Մարկոսյանի հետ:

– Պարոն Մարկոսյան: Սպորտային պարերն ավելի շատ սպո՞րտ է, թե՞ արվեստ:

– Այդ հարցը ինձ հաճախ են տալիս: Այն հավասարապես եւ սպորտ է եւ արվեստ: Չի կարելի ասել միայն սպորտ, որովհետեւ այնտեղ կա լուրջ պարարվեստ եւ հակառակը. միայն արվեստ չէ, որովհետեւ այնտեղ կա մրցակցություն, սպորտ եւ ֆիզիկական բեռնվածություն:

– Սպորտային պարերին անդրադառնալիս ավելի շատ խոսվում է արվեստի առումով ձեռքբերումների մասին: Մարզական կողմի մասին ի՞նչ կասեք:

– Տարին մեկ անգամ կազմակերպում ենք հանրապետության պաշտոնական առաջնություն, բաց եւ ակումբային առաջնություններ: Հաճախ մասնակցում ենք միջազգային առաջնությունների: Չեմ ասի՝ շատ հաճախ, քանի որ ֆինանսական խնդիրներ կան: Բայց փորձում ենք գումարներ հայթայթել. ծնողներն են օգնում, մեր ընկերները, եթե ստացվում է՝ հովանավորներ ենք գտնում: Անցկացվում են նաեւ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ: Ինքս երկու անգամ մրցավար եմ եղել մեծահասակների եւ երիտասարդների աշխարհի առաջնություններում:

– Ֆեդերացիան պետական աջակցություն չի՞ ստանում:

– Ոչ: Մենք բազմիցս դիմել ենք սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը եւ ստացել միեւնույն պատասխանը. հնարավոր չէ, քանի որ օլիմպիական մարզաձեւ չէ: Բայց արդեն Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում սպորտային պարերի ցուցադրական ելույթներ են լինելու, իսկ հաջորդ օլիմպիական խաղերում այն լինելու է օլիմպիական մարզաձեւ: Հուսանք, որ մեզ էլ արդեն կֆինանսավորեն:

– Հայաստանում սպորտային պարերով զբաղվող շա՞տ մարդ կա:

– Ֆեդերացիան մոտ 30 ակումբ ունի, որտեղ մոտավորապես 500 հոգուց ավելի մարդ մշտապես զբաղվում է: Պրոֆեսիոնալ զույգերն էլ մոտ 60-70-նն են՝ պատանիներից մինչեւ մեծահասակներ:

– Միջազգային ասպարեզում հաջողություն կա՞:

– Մասնակցությունը ոչ շատ վատ է, ոչ՝ շատ լավ: Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին մասնակցում են հիմնականում մեծահասակներն ու երիտասարդները: Կան պարային մեծ պետություններ, ինչպես Ռուսաստանն է, որի հետ փորձում ենք մրցել: Վերջերս Մոսկվայում մեծահասակների աշխարհի բաց առաջնությունում մեր Թագուհի Մարկոսյան/Կարեն Գեւորգյան զույգը 108 զույգերի մեջ գրավեց 4-րդ տեղը:

– Սպորտային պարերում կա երկու ծրագիր՝ եվրոպական եւ լատինաամերիկյան: Հայերիս մեջ ո՞րն է ավելի լավ ստացվում:

– Լատինաամերիկյանը, քանի որ մենք խառնվածքով տաքարյուն ու հուզական ենք: Եվրոպականը ավելի ճշգրիտ է, միլիմետրերի շեղում չպետք է լինի: Իսկ մենք՝ հայերս, դրա մեջ չենք տեղավորվում:

– Սպորտային պարերում է՞լ են ուսումնամարզական հավաքներ անցկացվում:

– Անպայման: Երկու օր առաջ Ռուսաստանից եկել էր մեր հայրենակից Արթուր Բաբաջանովը, որը լավագույն մասնագետներից է: Նա այստեղ սեմինար պարապմունքներ անցկացրեց մարզիչների, մարզիկների եւ մրցավարների համար: Նման հավաքներ անցկացնում ենք նաեւ մեր ուժերով:

– Ցանկացած մարզաձեւում հաջողության հասնելու համար պայմաններ են հարկավոր: Դուք ունե՞ք:

– Մեզ անհրաժեշտ հիմնական պայմանը մանրահատակն է: Չէի ասի, թե եղածը գերազանց է, բայց վատն էլ չի: Բավարարում է: Բոլոր դահլիճները չէ, որ կահավորված են համապատասխան օժանդակ գույքով: Երեւանից բացի ակումբներ ունենք Վանաձորում, Գյումրիում, Էջմիածնում, Արմավիրում, որտեղ պարապում են հիմնականում դպրոցների դահլիճում:

– Ձեր մարզաձեւում տարիքային սահմանափակում կա՞:

– Պրոֆեսիոնալների համար՝ այո, իսկ պարզապես պարել սովորելու համար՝ ոչ: Մեզ մոտ անգամ տատիկ-պապիկներ են գալիս: Սովորում են պարել, որն ի վերջո նաեւ առողջություն է: Ի տարբերություն այլ շատ մարզաձեւերի, մեզ մոտ պարապողները կարող են իրենց սովորածը կիրառել առօրյա կյանքում ու իրենց լավ, ազատ ու անկաշկանդ զգալ:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031