Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. Եթե նպաստել եմ ոչ իշխանական բևեռի տապալմանը` ապա դա ընդունում եմ որպես հաճոյախոսություն. 1in.am

Մարտ 10,2015 23:50

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար,  Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Դավիթ Շահնազարյանը:

– Պարոն Շահնազարյան, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի ներքաղաքական կյանքում վերջին զարգացումները, հատկապես՝ փետրվարի 12-ին տեղի ունեցածն ու դրան հաջորդած իրադարձությունները, նաև հայտնի քաղաքական ուժի նահանջը, և՝ ի՞նչ եք կանխատեսում առաջիկայում:

– Վերջին տարիների ընթացքում ոչ իշխանական ուժերի, ԲՀԿ-ի վերաբերյալ իմ տեսակետները ես բավական ծավալուն ներկայացրել եմ մամուլում, տվել շատ խիստ քաղաքական գնահատականներ: Չեմ ուզում կրկնվել:

– Այդ գնահատականների համար Ձեզ մեղադրում էին ընդդիմադիր դաշտը տրոհելու կամ ոչ իշխանական եռյակի գործողությունները խանգարելու մեջ:

– Այսինքն՝ որ ես նպաստել եմ ոչ իշխանական բևեռի տապալմա՞նը. սա ընդունում եմ որպես հաճոյախոսություն և դա չեմ էլ թաքցրել: Ասել եմ, որ դա ահավոր երևույթ է Հայաստանի քաղաքական դաշտի համար: Բոլոր ասածներս ուղղակիորեն ապացուցվեցին: Միայն մեկ փաստ բերեմ՝ Հայաստանում հեղափոխական ճանապարհով իշխանափոխություն հնարավոր է իրականացնել միայն Մոսկվայի պատվերի առկայության դեպքում: Մյուս դեպքերում, Ռուսաստանը դա համարելու է «գունավոր հեղափոխություն» ու զորք է մտցնելու, ինչի մասին արդեն հայտարարվել է ՀԱՊԿ-ի անունից: Իմիջիայլոց, փետրվարի 12-ին հաջորդած օրերին ռուսական մամուլում հայտնվեցին հոդվածներ, որոնք ԲՀԿակենտրոն բևեռը անվանեցին որպես «գունավոր հեղափոխության» ձգտող: Կարծում եմ, որ դա ամենամեծ հարվածն էր:

– Փետրվարի 12-ի վերաբերյալ հնչում են կարծիքներ, որ Սերժ Սարգսյանի ելույթը հակասահմանադրական էր: Դուք ի՞նչ եք կարծում:

– Կարելի է քաղաքական տարբեր գնահատականներ տալ, բայց որևէ մեկը մատնացույց չի արել, թե որ հատվածն էր Սահմանադրության այսինչ կետին հակասում:

– Իսկ երևույթին ինչպե՞ս եք վերաբերվում՝ երբ իշխող կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը հանդես է գալիս ոչնչացնող ելույթով իր գլխավոր մրցակից կուսակցության առաջնորդի վերաբերյալ:

– Ես Սերժ Սարգսյանի ելույթին և Գագիկ Ծառուկյանի անունից տարածված պատասխան փաստաթղթին վերաբերվում եմ այնպես, ինչպես մեր հասարակության մեծամասնությունը, որ համաձայն է երկու փաստաթղթերին էլ ու պատրաստ է երկուսն էլ միաժամանակ ստորագրել: Առաջին ու ամենակարևոր հետևությունն այն է, որ ԲՀԿակենտրոն կառույցը հասարակական որևէ աջակցություն չուներ: Որևէ մեկը ինքնուրույն դուրս չեկավ փողոց, հասարակությունը հավասարապես բացասաբար է վերաբերվում թե իշխանությանը, թե այդ կառույցին: Այսինքն՝ հասարակությունն այս անգամ իր այս պասիվ կեցվածքով ցույց տվեց, որ երկու բևեռներն էլ հասարակությանը վերաբերվում են որպես կենսաբանական զանգվածի: Հասարակությունը այս և շատ ուրիշ քայլերով ցույց տվեց, որ հասարակական, այլ ոչ թե կենսաբանական զանգված է: Այդ բևեռի ինքնաոչնչացմամբ ապացուցեց, որ այնտեղ որևէ քաղաքական բովանդակություն չի եղել և չէր էլ կարող լինել: Այն, ինչ կա՝ տուրբոլենտություն է ընդդիմադիր դաշտում: ԲՀԿ-ն ավելի ահավոր ավանդույթներ ստեղծեց, քան իշխանությունը.  այսպես՝ քաղաքական բանավեճից ընդհանրապես խուսափելը, այսպիսի կարգախոսի առաջմղումը՝ եթե քեզ համար առաջին կարգախոսը այս իշխանությունը տապալելը չէ, ուրեմն, դու այս իշխանության հետ ես: Հասարակությունը ցույց տվեց, որ այդպես չէ:

Քաղաքական դաշտում առկա տուրբոլենտությունը, իմ կարծիքով, երկար չի պահպանվի: Քաղաքական ուժերը հասկանում են, որ առաջնահերթ պետք է լինեն քաղաքական նպատակներն ու գաղափարախոսությունը: Ընդ որում՝ այդ երկուսի մեջ էլ կարևորագույն մաս են կազմում թե ներքին քաղաքականությունը, թե արտաքին կողմնորոշումը: Կարծում եմ, որ առաջիկայում ընդդիմադիր դաշտում երեք ուղղվածության քաղաքական ուժեր կձևավորվեն: Առաջինը կլինի ակնհայտ պրոռուսական, երկրորդը՝ այնպիսին, որ արտաքին քաղաքականությունում մերժում է թե եվրոպական, թե ռուսական ընտրությունը: Եվ երրորդը, հուսով եմ, կձևավորվի իսկապես ժողովրդական հիմքի վրա ու եվրոպական ուղղվածությամբ: Հստակ պետք է հասկանանք՝ անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա ընդդիմադիր դաշտում, կուսակցությունները պետք է ընդունեն այնպիսի քաղաքական կատեգորիա, ինչպիսին քաղաքական պատասխանատվությունն է: Ներկայումս քաղաքական պատասխանատվությունն ընտրություններն են, Հայաստանում այդ ինստիտուտը գոյություն չունի, բայց անկախ դրանից քաղաքական պատասխանատվությունը պետք է ընդունել: Այն նպատակները, որոնք հռչակել ես, բայց չես իրականացնում, դրա մասին ևս պետք է հայտարարել, ու պետք է հասկանալ, որ մենք հիմա կոլբայի մեջ չենք: Ընդդիմությունը, իշխանությունը գուցե ավելի շատ, իրեն պատկերացնում է կոլբայի մեջ, աշխարհից կտրված: Մենք հիմա գտնվում ենք օրեցօր ու ժամառժամ փոփոխվող աշխարհում, և մեզ սպասվում են առաջին հերթին արտաքին, ապա եւ ներքին մարտահրավերներ: Իսկ ինչ կլինի ԲՀԿ-ի հետ, կարծում եմ, որ դա ոչ մեկը չի կարող ասել:

– Բայց Կոնգրեսը կա:

– Կոնգրեսի մասին չեմ ուզում խոսել: Իսկ արդյոք ԲՀԿ-ին կհաջողվի՞ պահպանել կամ ստեղծել գաղափարական հենք՝ դա ժամանակը ցույց կտա, որովհետև իմ համոզմամբ՝ ստեղծվում է նոր կուսակցություն և ոչ թե զրոյից, այլ բացասական պոտենցիալով: Անկախ նրանից, թե ինչ տեղ կզբաղեցնի քաղաքական դաշտում կամ խորհրդարանում, ԲՀԿ-ն պետք է կարողանա ամբողջովին ազատվել քոչարյանական թե մարդկային, թե քարոզչական ակտիվներից, որովհետև ԲՀԿ-ի հիմնական խնդիրներից մեկը եղել է թե ներքին, թե արտաքին քաղաքական ոլորտներում Քոչարյանի կառավարման շրջանի ոչ միայն արդարացումը, այև ֆետիշացումը, : Այն, ինչ տեղի է ունեցել՝ համարում եմ դրական Հայաստանի համար, քանի որ հնարավորություն է ստեղծվել: Ինչ խոսք, իշխանությունը փորձելու է վերակենդանացնել ինչ-որ ուժերի, վերահսկելի դարձնել բոլոր այդ երեք ուղղությունները, բայց այստեղ արդեն ընտրողին է պետք ներկայանալ առանց խաբելու, որովհետև փորձը ցույց տվեց, որ ԲՀԿ-ն և այդ ամբողջ ԲՀԿ-ամետ կառույցը շատ ավելի էր գործումստվերում, քան իշխանությունը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` 1in.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031