Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. Եվրոպական արժեհամակարգի ձգտումը շարունակական գործընթաց է

Մարտ 10,2015 23:13

Մարգարիտ Եսայանի խոսքերով՝ Նիլս Մուիժնիկսի հրապարակած 2014 թվականի զեկույցում չկան արտառոց բացասական հիմնավորումներ եւ մերժողական տրամադրություններ

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները պետք է միջոցներ ձեռնարկեն ընտանեկան բռնության խնդիրը համաչափ լուծելու համար:

Այս մասին Aravot.am-ը զրուցեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ: Վերջինս նշեց, որ Նիլս Մուիժնիկսի հրապարակած 2014 թվականի զեկույցում չկան արտառոց բացասական հիմնավորումներ եւ մերժողական տրամադրություններ. «Պարոն Մուիժնիկսը, բավական սթափ եւ ուշադիր հայացքով է զննել իր գլխավորած կառույցին հետաքրքրող հարցերը եւ տալիս է առկա խնդիրների լուծման բանալիները։ Կարեւոր է, որ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը հայտարարում է, որ շարունակելու է աշխատել Հայաստանի իշխանությունների եւ քաղաքացիական սեկտորի հետ եւ փորձելու է օգտակար լինել։ Մասնավորապես, զեկույցում հստակ նշվում է, որ Հանձնակատարը Մարդու իրավունքների պաշտպանության միջոցառումների ծրագիրը համարում է շարունակական աշխատանքային գործընթաց և կոչ է անում իշխանություններին՝ ծրագիրը բարելավելու նպատակով անցկացնել դրա իրագործման ընթացիկ վերանայում՝ քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությամբ: Մանրամասնելով երեխաների եւ կանանց իրավունքների, խոշտանգումների մասին օրենսդրության, դատաիրավական հարցերի, արդարադատության որոշ խնդիրների մասին ուսումնասիրությունները, ԵԽ Մարդու իրավունքների Հանձնակատարը զեկույցում նշում է, որ ինքը քաջալերում է իրավապաշտպան ՀԿ-ների և պետական կառույցների, ինչպես նաև քաղաքական կառույցների միջև աշխատանքային ավելի ամուր կապերի ձևավորումը»:

Հարցին, թե տիկին Եսայանը տեղին է համարո՞ւմ հանձնակատարի նկատառումները, նա պատասխանեց, որ Հանրապետական կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ իրենց համար եվրոպական արժեհամակարգը այլընտրանք չունի. «Բայց երբեք չենք հայտարարել, թե դեպի այս արժեհամակարգ մենք որպես պետություն, որպես իշխանություն եւ հասարակություն ամեն ինչ արել ենք եւ այլեւս անելիք չունենք։ Իհարկե , այդպես չէ եւ սա շարունակական գործընթաց է։ Պիտի նկատեք, որ մենք բավական ակտիվ աշխատում ենք ԵՄ -ի հետ եւ ԵՄ ներկայացուցիչը օրերս Երեւանում հայտարարեց, որ իրենք Հայաստանում են եւ Հայաստանից գնալու մտադրություն չունեն»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031