«Ցավում եմ, որ հանձնակատարի զեկույցում այնպիսի խնդիրներ են արձանագրված, այնպիսի մտահոգություններ ու առաջարկություններ են ձեւակերպված, որ մի տասը տարի առաջ նույնպես կային: Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսը իր զեկույցում հղում է կատարում նաեւ նախորդ հանձնակատարի՝ Համմերբերգի զեկույցին ու գնահատականներին, ցույց տալով, որ նույնիսկ նախորդ հանձնակատարի օրոք բարձրացված հարցերը նրա այցելությունների ընթացքում դեռ լուծում չեն ստացել: Ցույց են տալիս մեր պետության ոչ հետեւողական լինելը»,- ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով, հանձնակատարի զեկույցը ցույց է տալիս, որ ԵԽ-ն հետեւողական է խնդիրների արձանագրման, առաջարկների, հանձնարարականների ներկայացման հարցում. «Այսինքն, աչք չեն փակում այն խնդիրների վրա, որոնք գոյություն ունեն: Սա մեզ տալիս է հիմնավոր գնահատական, հիմնավոր արձանագրում միջազգային մարմնի կողմից՝ Հայաստանում մարդու իրավունքների վիճակի, իրավական ոլորտի խնդիրների մասին: Այս զեկույցով արձանագրվում է, որ այն բոլոր փորձերը, թե իբր Հայաստանը կատարում է իր պարտավորությունները ՀՀ քաղաքացիների հանդեպ սահմանադրությամբ ու միջազգային պայմանագրերով, իրականությունից հեռու է»:
Արթուր Սաքունցի մեկնաբանմամբ, միջազգային կառույցը արձանագրել է խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, հակառակ դեպքում Հայաստանը խնդիրներ կունենա. «Հայաստանը ԵԽ անդամ պետություն է, եւ հանձնակատարն անդրադառնում է ԵԽ անդամ պետությունում մարդու իրավունքների վիճակին կոնկրետ փաստերով: ԵԽ-ում Հայաստանը իր պարտավորությունների կատարման առումով չի կարող այլ բան ներկայացնել՝ առանց հաշվի առնելու հանձնակատարի զեկույցում տեղ գտած գնահատականները: Հայաստանը պաշտոնապես հայտարարում է ԵՄ հետ աշխատելու պատրաստակամության մասին, որի շրջանակներում ակնկալում է նաեւ ֆինանսական աջակցություն ինստիտուցիոնալ դատաիրավական համակարգում բարեփոխումների համար: Խնդիրն այն է, որ ֆինանսական աջակցությունը կարող են ակնկալել միայն այն դեպքում, եթե կոնկրետ քայլեր կատարվեն այն խնդիրների ուղղությամբ, որոնք հանձնակատարը բարձրաձայնել է: Սա նաեւ չափելու գնահատելու օբյեկտի գործիք է՝ կլուծեք այս խնդիրը, կստանաք աջակցություն, չեք լուծի՝ չեք ստանա»:
Հիշեցնենք, որ ԵԽ հանձնակատարն այսօր զեկույց էր հրապարակել Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ