Այսօր հայ լրագրողների 12 հոգանոց խումբը հայ և հնդիկ լրագրողների փոխայցելության ծրագրի շրջանակներում մեկնեց Հնդկաստան: Տասնօրյա շրջագայության ընթացքում հայ լրագրողները կայցելեն ոսկե եռանկյունի՝ Դելի, Ագրա, Ջայփուր քաղաքներ, այնուհետև Արաբական ծովի ափին գտնվող նախկինում պորտուգալական գաղութ Գոա: Ծրագիրը կազմակերպել են «Լոտոս» մշակութային զարգացման ասոցիացիա ՀԿ-ն, «Միսթիք Մանտրաս» տուրիստական կազմակերպությունը՝ «Էյր Արաբիա» ավիաընկերության և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ:
«Լոտոս» մշակութային զարգացման ասոցիացիա ՀԿ-ի հիմնադիր տնօրեն Մարինե Պապյանը նշեց. «Նմանատիպ ծրագիր իրականացրել ենք նաև նկարիչների, արվեստի գործիչների շրջանում: Սակայն ցանկություն կար Հնդկաստանը ներկայացնել նաև լրագրողների աչքերով, կոտրել կարծրատիպերը: Եվ արժանվույնս ներկայացնել առանձնահատուկ երկիր համարվող Հնդկաստանը»:
Նշենք, որ հայ լրագրողները Հնդկաստանի տեսարժան վայրերին ծանոթանալուց բացի կհանդիպեն նաև երկրի վարչապետի խոսնակին, կայցելեն Հնդկաստանի պետական Դուրդարշն հեռուստաընկերություն՝ հանդիպելու լրատվական ծրագրերի տնօրեն Աշվեր Ռաութին, կայցելեն նաև «Հինդուսթան Թայմս» թերթի խմբագրություն, և Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն՝ դեսպան Արա Հակոբյանին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև