Լրահոս
Օրվա լրահոսը

Համաներում. որքանո՞վ է անկեղծ ու մարդասիրական

Մարտ 10,2015 18:50

Խոսակցություններ են պտտվում, թե Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է համաներում: Ի՞նչ է համաներումը: Համաներումը գործողություն է, որով պետությունը իր նախաձեռնությամբ, կամավոր կերպով, առանց պարտադրված լինելու` հանցագործության որոշ տեսակներ կատարած անձանց ամբողջովին կամ մասամբ ազատում է քրեական պատիժը կրելուց, կամ մեղմացնում է պատիժը, կամ դադարեցնում է քրեական հետապնդումը:

Հայաստանում մի քանի անգամ հայտարարվել է համաներում, որը նվիրված է եղել պետական կարեւոր իրադարձության: Հատկանշական է, որ համաներում կիրառելով, պետությունն անձին ազատում է ի՛ր` պետությա՛ն հանդեպ պատասխանատվությունից,  կամ մեղմում է այն, սակայն դա չի ազատում հանցագործություն կատարած անձին այլ անձանց հանդեպ ունեցած իր քաղաքացիական պարտավորություններից: Դժվար է ասելը, թե հասարակության, հատկապես հանցագործությունների արդյունքում անմիջականորեն տուժողների կողմից ինչպես է ընկալվում համաներումը, սակայն փաստ է, որ պետությունն իր այդ քայլով ներողամտություն է հանդես բերում հանցագործություն կատարած անձի հանդեպ, իսկ ցանկացած հանցագործություն ուղղված է նաեւ հենց պետությա՛ն դեմ` թեկուզ անուղղակիորեն: Բայց կա շատ զարմանալի մի բայց: Ո՞ր արարքն է ավելի ծանր, ավելի աններելի` հանցագործությո՞ւնը, թե՞ վարչական իրավախախտումը: Ցանկացած տրամաբանող մարդ կասի, որ իհարկե, ավելի ծանր, ավելի աններելի է քրեորե՛ն պատժելի արարքը` հանցագործությունը, եւ, որ վարչական իրավախախտումը հանցագործությունից հենց տարբերվում է հանրության համար իր նվազ վտանգավորությամբ։ Դե իսկ եթե վարչական իրավախախտումը հանցագործության համեմատ հանրության համար նվազ վտանգավորություն ունի, ապա ի՞նչն է պատճառը, որ վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ չի տարածվում համաներումը:

Այդ ինչպե՞ս է, որ պետությունը հոժարակամ ներում է հանցագործին, գողություն կատարածին, սակայն ոչ մի կերպ չի ներում, ենթադրենք, ինչ-որ հաշվետվություն 5 րոպե ուշացրած պարկեշտ քաղաքացուն: Ո՞րն է վարչական իրավախախտման աններելի լինելը հանցագործության նկատմամբ: Այն, որ տուգանքից փո՞ղ է գոյանում: Այդքան բարոյազրկված ենք, որ տուգանքով ոչ թե փորձում ենք ստեղծել կարգապահություն, այլ ընդամենը փո՞ղ, որ մտածում ենք տուգանքո՞վ լցնել բյուջեն, դրա՞ հույսին ենք մնացել: Բայց չէ՞ որ վերադասության կամ դատական կարգով բողոքարկված բազմաթիվ տուգանքներ կան չեղարկված: Քաղաքակիրթ, կայացած հասարակությունում չեն կարող տուգանքները լինել բյուջե ձեւավորող մաս: Նրանք պետք է անտեսանելի լինեն բյուջեի համար: 2015թ. ապրիլի 24-ը մեզ` հայերիս համար, միասնության, իրար նկատմամբ ներողամտության, մեր վարքը, գործունեությունը վերաիմաստավորելու առիթ պետք է լինի, եւ եթե Հայաստանի Հանրապետության կողմից համաներում է լինելու, ապա այն պետք է վերաբերվի նաեւ վարչական իրավախախտումներ կատարած անձանց, այն պետք է վերաբերվի սոցվճարների գծով պարտավորություններ ունեցող անձանց, գոնե 3 տարի եւ ավելի վաղեմություն ունեցող հարկային պարտավորություններ ունեցող անձանց: Բազմաթիվ են վարչական այն ակտերը, որոնք վերաբերվում են անգամ 10 տարի առաջվա ինչ-որ մոռացված պարտականության:

ՀՀ քրեական օրենսգիրքն անգամ ամենածանր հանցագործությունների համար նախատեսում է 15 տարվա վաղեմություն եւ հանցագործություն կատարած անձն այդ ժամկետը լրանալուն պես ազատվում է քրեական պատասխանատվությունից: Համաներումը կիրառվում է հանցագործությո՛ւն կատարած անձանց նկատմամբ: Բայց եթե մենք անկեղծ ներողամտություն ենք հանդես բերում հանցագործի նկատմամբ, երիցս ներողամիտ պետք է լինենք նվազ իրավախախտում կատարած անձանց նկատմամբ` այն անձանց, որոնց կատարածը, հիրավի, իրենից չի ներկայացնում ոչ մի կարգի վտանգավորություն: Պարտադիր սոցապահովության վճարների մասին ՀՀ օրենքը այլեւս չի գործում, բայց մարդիկ դեռ 10, 15 տարվա վաղեմության սոցվճարների ակտեր են ստանում: Եթե այդքան կարեւոր գումար էր դա, թող ժամանակին գանձվեր: Ո՞վ էր խանգարում: Պետությունն ուներ այդ լծակը: Իսկ եթե չի գանձվել, եկեք ուրեմն միահամուռ կերպով զբաղվենք ավելի արդյունավետ աշխատանքով եւ  մոտակա համաներումը տարածենք նաեւ սոցիալական վճարների գծով պարտավորություններ ունեցող անձանց նկատմամբ, գոնե թեթեւ կարգի վարչական իրավախախտումներ ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ:

Սրանով մեր պետությունը իր քաղաքացիներին եւ աշխարհին ոչ միայն ցույց կտա իր անկեղծ մարդկային, լավ վերաբերմունքն իր քաղաքացիների նկատմամբ, այլեւ հիմնավորված կլինի հանցագործությո՛ւն կատարած անձին ներում շնորհելը: Հակառակ դեպքում վարչական իրավախախտում կատարած անձանց չներելը այն դեպքում, երբ ներում ես շնորհում հանցագործներին, ցույց կտա այդ արարքի ոչ ազնիվ մղումները: Քանզի ազնիվ լինելու դեպքում անհնար է հիմնավորելը, որ հնարավոր է ներել հանցագործին, եւ միաժամանակ չներել ոչ հանցագործին:

Տիգրան ՄՈՍԻՆԵԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031