Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մարտի 10-ին պարգեւատրեց տեղական ինքնակառավարման ոլորտում աշխատող կին գործիչներին: Միջոցառումից հետո նա զրուցեց լրատվամիջոցների հետ: Անդրադառնալով համայնքների խոշորացման ծրագրին՝ նա ասաց, որ այդ հարցը բոլոր համայնքների հետ քննարկվելու են. «Միջազգային կազմակերպություններն էլ են առաջարկում, որպեսզի քննարկումներ կազմակերպենք, որովհետեւ 915 համայնքը շատ-շատ է. պահելն է դժվար եւ միայն ծախսերը մեծ թիվ են կազմում: Մենք պետք է նաեւ ժողովրդի կարծիքն իմանանք»:
Հարցին, թե համայնքների խոշորացման գործընթացի արդյունքում աշխատատեղերի խնդիր չի առաջանա՞, նախարարը պատասխանեց. «Երբ գնում եմ համայնքներ, առաջարկում եմ, որ համայնքի ներկայացուցիչները անպայման իրենք առաջարկեն, թե ինչպիսին են տեսնում իրենց համայնքը, կապ չունի՝ այն փոքր է, թե մեծ: Մենք մշտապես ասում ենք, որ գումարը չի հերիքում եւ պետք է օգնություն տանք, բայց պետք է նաեւ գյուղացին առաջարկի՝ փոքր արտադրություն կազմակերպել կամ ֆերմա, որ մենք էլ իրենց աջակցենք եւ աշխատատեղեր ունենանք հենց տեղերում: Եթե մենք աշխատատեղեր ունենանք հենց շրջկենտրոնում, դա ավելի լավ է: Ինչի՞ համար են երիտասարդ եւ տարեց մարդիկ գնում, որովհետեւ աշխատատեղեր չկան, այդ պատճառով՝ մենք պետք է այնպես անենք, որ այդ ամենը համայնքներում կազմակերպենք»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ