Երեւանի բնակիչ,1970թ. ծնված Կարեն Մեսրոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նպատակ ունենալով Ղազախստանից ձեռք բերված 15 կգ 180 գրամ ընդհանուր քաշով ձկնկիթն առանց մաքսային ձեւակերպումների տեղափոխել Հայաստանի Հանրապետություն, 2014թ. դեկտեմբերի 9-ին Ղազախստանի Հանրապետության քաղաքացի Միրզաբեկ Միրոնովի հետ, վերջինիս պատկանող «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի սրահի հետեւի նստատեղի եւ բեռնախցիկի միջնապատը ծածկող կտորի տակ, առանց Միրզաբեկ Միրոնովին տեղեկացնելու, թաքցրել է 10 միլիոն 322 հազար 400 դրամ ընդհանուր արժողությամբ ձկնկիթ եւ այն մաքսային հսկողությունից թաքցնելով «Բագրատաշեն» մաքսակետով մուտք է գործել ՀՀ, սակայն ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից մաքսանենգությունը բացահայտվել է:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի ՝ Կ. Մեսրոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում նշանակված է վաղը՝ մարտի 11-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ