«Հայաստանում գենդերային անհավասարությունը եւ կանանց նկատմամբ բռնությունները մարդու իրավունքների լուրջ հիմնահարցեր են: Առավել ակտիվ ջանքեր են պետք դրանք ապահովելու համար»,- այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսը:
Գենդերային հարցերին վերաբերող գործողությունների ծրագրի ընդունումը եւ 2013 թվականին ընդունված կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հնարավորությունների մասին օրենքը ճիշտ ուղղությամբ կատարված քայլեր են, բայց սեռով պայմանավորված խտրականությունը դեռեւս խոչընդոտում է կանանց նկատմամբ հավասար վերաբերմունքի, իրավունքների եւ հնարավորությունների արդյունավետ աճին:
Հանձնակատարը առաջին հերթին խորհուրդ է տալիս վերացնել դպրոցական ծրագրերում առկա խտրականությունը, խտրականության դեմ ուղղված համապարփակ օրենք ընդունել, հասարակությունում եւ քաղաքական կյանքում կանանց ներկայացվածությունը բարձրացնել, ինչպես նաեւ ավելի վճռական միջոցառումներ իրականացնել, որոնք կնպաստեն գենդերային հավասարությանը, այդ թվում՝ աշխատաշուկայում:
Կանանց նկատմամբ բռնությունների առկայությունը, այդ թվում՝ ընտանեկան բռնությունը, Հայաստանի հանրային բանավեճերում քիչ տեղ ունի: Այնուամենայնիվ իշխանությունները դեռ պետք է միջոցներ ձեռնարկեն խնդիրը համաչափ լուծելու համար. «Հազարավոր կանայք ամեն տարի Հայաստանում բռնության զոհ են դառնում: Հիմնականում պետական հաստատությունների տխուր պատասխանը եւ մշակույթային, հասարակական ու ընտանեկան միջավայրը, որը ձգտում է արդարացնել եւ ընդունել կանանց նկատմամբ բռնությունը բերում են նրան, որ երեւույթը ի չի գրանցվում»,-ասում է հանձնակատարը:
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ շատ կարեւոր է, որ քաղաքական եւ հասարակական առաջնորդների հաղորդագրությունները միանշանակ են. կանանց նկատմամբ բռնությունը երբեք չի կարող ընդունելի լինել. «Միեւնույն ժամանակ դատական իշխանությունները եւ իրավապահ մարմինների աշխատակիցները պետք է վերապատրաստվեն, որպեսզի ավելի լավ բացահայտեն, հետաքննեն եւ դատական կարգով հետապնդեն կանանց նկատմամբ բռնությունները, ինչպես նաեւ համապատասխան պատիժ տան հանցագործներին: Այս միջոցները պետք է համալրվեն շարունակական ջանքերով բարձրացնելու հանրային տեղեկացվածությունը ընտանեկան բռնությունների եւ գենդերային անհավասարության շուրջ, կանանց նկատմամբ բռնությունների դեմ հատուկ օրենսդրության ընդունմամբ եւ ապահովելով զոհերի պաշպանությունը: ԵԽ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան վավերացնելը նույնպես շատ կարեւոր քայլ կլինի»:
Արդարադատության ոլորտի շարունակվող բարեփոխումները պետք օգտագործվեն Հայաստանում անկախ, անկողմնակալ եւ արդյունավետ դատական համակարգի հասնելու երկարատեւ նպատակի համար. «Դատավորները պետք է ավելի լավ պաշտպանված լինեն ներքին եւ արտաքին ճնշումներից եւ անհրաժեշտ է ամրապնդել ինքնակառավարումը եւ սահմանափակել Հանրապետության նախագահի դերը դատավորների ընտրության, նշանակման, առաջխաղացման եւ ազատման գործերում: Դատավորների դեմ կամայական կարգապահական վարույթներ կիրառելուն ուղղված անհրաժեշտ քայլեր պետք է ձեռնարկվեն»:
Առանձնացնելով դատախազության մարմինների դեռեւս գերիշխող դիրքերը արդարադատության համակարգում, հանձնակատարը ընդգծում է պաշտպանության իրավունքի ապահովման կարեւորությունը, գործնականում ապահովելով հավասարության, մրցակցային դատավարության եւ անմեղության կանխավարկածի սկզբունքները, ինչպես նաեւ իրավաբանական օգնություն ստանալը: Հանձնակատարը նաեւ մտահոգություն է հայտնում նախնական կալանքը, որպես խափանման միջոց հաճախակի կիրառելը եւ ընդգծում է, որ այն պետք է օգտագործվի միայն բացառիկ դեպքերում:
Հանձնակատարի խորը մտահոգությունն են առաջացրել նաեւ իրավապահ մարմինների վատ վերաբերմունքի վերաբերյալ շարունակական զեկույցները, ինչպես նաեւ արդյունավետ հետաքննության պակասը. «Ճիշտ ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունները համապատասխանեցնեն այս հարցերը իրենց պարտավորությունների հետ: Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի դեմ երաշխիքների ամրապնդումը, ստիպողաբար ցուցմունքներ ստանալը եւ մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար պատասխանատվության ենթարկելու ավելի վճռական քաղաքականությունը, այդ թվում՝ 2008 թվականի մարտի իրադարձությունների բացահայտումը ամենակարեւոր քայլերն են, որ պետք է արվեն»:
Վերջապես հանձնակատարը խորհուրդ է տալիս բանակում ոչ մարտական բռնությունների խնդիրը լուծել եւ կապի մեջ լինել հասարակական կազմակերպությունների եւ զոհվածների հարազատների հետ:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ