Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի մանկապատանեկան մարզադպրոցում գործում են մի քանի մարզաձևերի խմբակներ, որտեղ հանրակրթական դպրոցի դասերից հետո բասկետբոլ, հանդբոլ/ձեռքի գնդակ/, ձյուդո, ֆուտբոլ, բռնցքամարտ, շախմատ մարզաձևերից պարապում են շատ երեխաներ: Դպրոցը ձյուդոյի մասնաճյուղեր ունի նաև շրջանի Կովսական քաղաքում, Փակահան և Ուռեկան գյուղերում: Կանանց գարնանային տոների առթիվ դպրոցի տնօրենության որոշմամբ յուրաքանչյուր շաբաթվա ուրբաթ օրը նշված մարզաձևերից կանցկացվի մրցույթ:
Անցած ուրբաթ՝ մարտի 6-ին, Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1 միջն. դպրոցի մարզադահլիճում բասկետբոլում իրար հետ մրցեցին հանդբոլի և բասկետբոլի խմբակների սաները: Մինչև խաղի սկսվելը՝ մարզադպրոցի տնօրեն Կարինե Մովսեսյանը ողջունեց մասնակիցներին և Մարտի 8-ի առթիվ ծաղիկներ նվիրեց թիմերի մարզիչներին՝ Թամարա Հովհաննիսյանին, Կարինե Պետրոսյանին և Նելլի Մարությանին: Սկզբում մրցեցին տղաները: Խաղն անցավ բավականին լարված և դիտարժան: Չնայած հանդբոլի խմբակի մարզիչ Թամարա Հովհաննիսյանի սաների համառ դիմադրությանը և հաճախակի հարձակումներին, հաղթանակ տարավ Նելլի Մարությանի մարզած բասկետբոլի թիմը: Խաղն ընթացավ 2 խաղակեսով և ավարտվեց 37-27 հաշվով: Աղջիկները նույնպես միմյանց դեմ պայքարեցին նույն մրցաձևում: Յուրաքանչյուր թիմ հակառակորդի ցանցը նետեց 6-ական գնդակ, և խաղն ավարտվեց հավասար հաշվով: Այս ուրբաթ՝ մարտի 13-ին նույն թիմերը կմրցեն արդեն հանդբոլ մարզաձևում:
Զոհրաբ Ըռքոյան