Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մարտի 9-ին Պրահայում մասնակցել է «Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը, որտեղ հայկական պատվիրակության ղեկավարը հանդես է եկել ելույթով.
«Ձերդ վսեմափայլություն,
Հարգարժան ներկաներ,
Տիկնայք եւ պարոնայք,
Կարդացեք նաև
Այսօր Չեխիայի Հանրապետության պատգամավորների պալատի հովանու ներքո Չեխիայի Երաժշտության ազգային թանգարանում բացվում է «Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսը: Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի անցկացումը մարդու իրավունքների պաշտպանության դասական օրինակ է: Կցանկանայի ընդգծել, որ այն ուղղված չէ որեւէ երկրի, այդ թվում` Թուրքիայի դեմ, այլ անցկացվում է հանուն պատմական արդարության եւ Ցեղասպանությունների միջագային ճանաչման եւ դատապարտման:
Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի մեծագույն աղետներից մեկն է: Մեկուկես միլիոն հայ սպանվեց միայն այն պատճառով, որ ծագումով հայ էր, դավանանքով` քրիստոնյա: Դա ոչ այլ ինչ է, քան ռասիզմի եւ այլատյացության դասական օրինակ:
Հարգելի ներկաներ,
Հայոց ցեղասպանությունն իրագործած երիտթուրքերը դեռեւս 1911 թվականին Սալոնիկում տեղի ունեցած գաղտնի ժողովի ժամանակ որոշել էին բնաջնջել Օսմանյան Թուրքիայի քրիստոնյա բնակչությանը, քանի որ վերջիններս համարվում էին խոչընդոտ երիտթուրքերի պանթուրքիստական ծրագրերի իրականացման ճանապարհին: Թուրքիայի ներկայիս իշխանությունների բոլոր այն պնդումները, թե այս ամենը նախօրոք ծրագրված չի եղել որպես Ցեղասպանություն, այլ Առաջին աշխարհամարտի տարիներին տեղահանության հետեւանքով զոհվել են թե հայեր, թե թուրքեր, անհիմն են:
1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում 600 հայազգի մտավորականների, Օսմանյան խորհրդարանի անդամների, ինչպես նաեւ հասարակական գործիչների ձերբակալությամբ եւ սպանդով սկսվեց Օսմանյան Թուրքիայի կողմից նախապես ծրագրված եւ պետական մակարդակով իրագործված ոճրագործությունը, որը մարդկության պատմությանը հայտնի է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Հանցագործությունը նպատակ ուներ հայրենազրկելու հայերին:
Կցանկանայի նաեւ նշել, որ 1915 թվականին Անտանտի պետությունների մայիսի 24-ի համատեղ հռչակագրով հայ ժողովրդի դեմ իրականացված ծանրագույն հանցագործությունը պատմության մեջ առաջին անգամ որակվեց որպես «մարդկության եւ քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն»:
Հարկ է նշել, որ 1919 թվականին Օսմանյան Թուրքիայի Արտակարգ ռազմական դատարանը մահապատժի դատապարտեց Օսմանյան Թուրքիայի Ռազմական նախարար Էնվեր փաշային, Ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային, Ռազմածովային նախարար Ջեմալ փաշային, Կրթության նախարար Նազիմ փաշային եւ այլոց՝ մեղավոր ճանաչելով հայերի զանգվածային ոչնչացումը կազմակերպելու եւ իրականացնելու մեջ:
Հայերի կոտորածները եւ երիտթուրքերի կողմից իրագործված հայ ժողովրդի ցեղասպանությունը մշտապես եղել են հայ եւ համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում: Այս խնդրին վերաբերող՝ մամուլում տեղ գտած անդրադարձներն ու հրապարակումները կարեւոր սկզբնաղբյուր են Հայոց ցեղասպանությանն առնչվող հիմնահարցերի լուսաբանման տեսանկյունից եւ ունեն պատմական բացառիկ նշանակություն: Ուշագրավ են հատկապես անգլիական, ֆրանսիական, ամերիկյան, իտալական, ռուսական մամուլի հրապարակումները, որոնք անդրադառնում են ինչպես 1894-1896 թվականների համիդյան կոտորածներին, 1909 թվականի կիլիկյան նախճիրին եւ 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանությանը, այնպես էլ դրանց հետեւանքներին՝ հայ բռնագաղթյալների խնդիրներին, որբահավաք աշխատանքներին եւ թուրքերի կողմից առեւանգված հայ կանանց ու երեխաների ճակատագրին:
Տիկնայք եւ պարոնայք,
Աշխարհի 22 երկիր արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, որոնցից առաջինն Ուրուգվայն էր: Հարավային Դակոտան ԱՄՆ-ի նահանգներից 43-րդն էր, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ: Ընդամենն օրեր առաջ Եվրոպական ժողովրդական կուսակցությունն ընդունեց մի բանաձեւ, որով դատապարտեց Հայոց ցեղասպանության եւ հայ ժողովրդի հայրենազրկման փաստը՝ Թուրքիային կոչ անելով ընդունել պատմությունը եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Հարգելի ներկաներ,
Մենք բոլորս պետք է խիզախություն ունենանք ոչ ասելու Ցեղասպանություններին, ոճրագործություններին մարդկության նկատմամբ, որպեսզի մեր ապագա սերունդները երբեւիցե չոչնչացվեն միայն այն պատճառով, որ հայ են, թուրք, ռուս կամ չեխ: Մենք ոչ ենք ասում Ցեղասպանությանը, ռասիզմին եւ ժխտողականությանը:
Շնորհակալություն ուշադրության համար»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ